Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ ԹՈՂԱԾ ԿԻՍԱՎԵՐ ԲԱՂՆԻՔԸ՝ ՀԱՅԻ ՀԱՄԱՐ ԱՊԱՍՏԱՐԱՆ

Հոկտեմբեր 26,2010 00:00

Կամ՝ ինչպես են ապրում հայերը ազատագրված տարածքներում

\"\"
80-ամյա ծերունին կիսավեր բաղնիքում է բնակվում:

\"\"
Գյուղի բնակիչներն իրենց առօրյան միասին են անցկացնում:

\"\"
2-ամյա Թագուհին հենց «թագուհու» պես էլ ապրում է:

ԼՂՀ կառավարությունը շարունակում է խրախուսել ազատագրված տարածքների բնակիչներին՝ այնտեղ բնակվելու համար նախատեսելով մի շարք արտոնություններ. դրանք, սակայն, ոչ բոլորի համար են նախատեսված, արտոնություններից օգտվում են ամենակարիքավորները:
ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Մամարք գյուղում դեռ մեռելային շունչն է գերիշխում. ամենուրեք կիսավեր տներ են, որտեղ ագռավներն են թագավորում: Մամարքում այսօր բնակվում է 20 ընտանիք: Նրանց համար տուն ասածը խիստ պայմանական է, որովհետեւ տները մեծամասամբ նույնիսկ տանիք չունեն, իսկ պատուհաններին եւ ապակիներին էլ՝ դեռ սփռոցներն ու ցելոֆաններն են փոխարինում: Արթիկցի Մելանյա Նազարեթյանը գյուղում է բնակվում արդեն տասը տարի. Շուշիի ազատագրական պայքարի մասնակից է: «Բոլոր շքանշաններն ունեմ, բայց մեր կառավարությունից ոչ մի օժանդակություն չեմ տեսել: Բոլորից անտեսված՝ մի քանի հոգով ծվարել ենք էս ավերակներում… ինչ անում ենք, մեր ուժերով ենք անում, մեր ուժերն էլ շատ թույլ են, էսօրվա դրությամբ մեզ հերոսի կոչում պետք է տան, որ այս գյուղերը պահում ենք»,- «Առավոտի» հետ զրույցում պատմում էր Մ. Նազարեթյանը: Նրա խոսքով՝ ինքը Մամարք է եկել կառավարության գրավիչ խոստումներից խանդավառված, բայց ոգեւորությունը կարճ է տեւել. «Ոչ մի պայման չեն ստեղծում, ոչ մի բան էլ չկա, սուտ խոստումներ էին: Արդեն 10 տարի էստեղ եմ բնակվում, բայց էդպես էլ ոչինչ չփոխվեց. միայն նախկինում գյուղն ավելի շատ բնակիչ ուներ, բոլորը թողեցին ու փախան»:
Գյուղի մեկ այլ բնակիչ՝ Լաուրա Ադունցն էլ խոստովանեց՝ հրաշք վայր է Մամարքը, բայց դժգոհեց, որ բերքը վաճառելու համար չկան պայմաններ. «Մի կերպ մեր բոստանի եղած-չեղածով ապրում ենք, բերքը առատ է, բայց չենք կարողանում վաճառել, էդպես էլ դաշտերում է մնում: Պետությունը գալիս է՝ պայմանագիր գրում, բայց բերքը տանելու համար կոպեկներ է առաջարկում, էնքան չնչին գումար, որ ամոթ է, ես կարող եմ պետությանը նվեր տալ, ոչ թե էդ գնով հանձնել: Ոչ ոք մեզնով չի հետաքրքրվում, անտեսված ենք մի այլ կարգի: Մի քանի օր առաջ էլ արտասահմանից եկան, ստուգեցին… հեչ ոչ մի իմաստ չհասկացանք՝ ինչի եկան, ինչի գնացին, ինչ-որ մեկին չկանգնեցրին՝ դարդ ու ցավերն իմանային: Ամեն ինչ երեսանց, թղթով նկարագրում են՝ լավ է, լավ է, ի՞նչն է լավ… երեխեքի հագին ո՛չ շոր կա, ո՛չ կոշիկ: Մեկը կով ունի, մեկը չունի, մեկս մեկին պադերժկա անելով ապրում ենք, բայց պետությունից մինչեւ հիմա մի խեր չենք տեսել»: Գյուղի բնակիչ Ալբերտ Ադունցի խոսքով էլ, արդեն 5 օր է «վիճակը վիճակ չէ». «Մի կով ունեի, էն էլ էս պայմաններին չհարմարվեց, էլ կաթ չի տալիս, առողջությունս չի ներում՝ ցանելու-հնձելու համար, յոլա ենք գնում, էլի… Ամեն մարդ իր գլխի ճարն է տեսնում, դեղ ենք խմում, յա էն է՝ կօգնի, թե չի օգնի, չենք հասկանում: Բան չեմ ուզում, մի բուժկետ լինի մեր գյուղում, ու խելքը գլխին մի բժիշկ մեզ նշանակումներ անի, մեր մասին հոգա»:
80-ամյա Միխայիլ Օհանջանյանն էլ գյուղի ամենատարեցն էր ու ամենահին բնակիչներից: Ադրբեջանցու թողած կիսավեր տան բաղնիքն է նրան բաժին ընկել: «Էս է իմ տունը»,- բացատրում էր Միխայիլը ու ներս հրավիրում: Ազատագրված տարածքները Ադրբեջանին վերադարձնելու մասին խոսակցությունները այս գյուղ էլ են հասել, բայց բնակիչները ոչ թե մտահոգվել, այլ զայրացել են: «Մենք հող չունենք հետ տալու, ոնց որ տասը տարի էս գյուղը պահել ենք, էդպես էլ պահելու ենք, ամեն ինչ էլ լսում ենք, կրթություն ունենք, հասկանում ենք, նախագահն ինչ է խոսում, ինչ է խոստանում: Թող ադրբեջանցիները հույսները կտրեն, իրանց մի թիզ հող էլ չի հասնելու»,- ասում էր Մ. Նազարեթյանը:
Մամարքի գյուղապետն էլ, որը համառորեն չցանկացավ ներկայանալ (գյուղացիներից իմացանք՝ անունը Սուրիկ է), վստահեցրեց, որ կառավարությունը հնարավորին չափով օգնում է ազատագրված տարածքների բնակիչներին. «Ուղղակի մեր կառավարությունն էնքան հարուստ չէ, որ բոլորին միանգամից օգնի, բայց կա ծրագիր, որով հերթականությամբ օժանդակելու է բոլորին: Ծրագիրը մեր գյուղ էլ է հասել, ամենակարիքավոր ընտանիքին պետությունը շինանյութ կտրամադրի՝ տունը վերակառուցելու համար»: Գյուղապետի խոսքով, այսօր կառավարությունն անհրաժեշտ միջոցներով խրախուսում է ազատագրված տարածքներում ապրելու համար. «Սերմացուն տրամադրում է, սելիտրան տրամադրում է՝ անտոկոս վարկային տեսքով, դրանից ավելի էլ ի՞նչ լինի, բայց վերադարձնելիության հարցում պարտք են մնում, էս տարի բնակիչներն ահագին տուժեցին ու շատ պարտքեր կուտակեցին, նորից էլի փորձում ենք, տեսնենք վերջում ով կտուժի՝ պետությունը՞, թե՞ ժողովուրդը»:
Գյուղի երեխաները փոքրաթիվ, բայց, ինչպես իրենք են պնդում՝ համերաշխ են: «Ամեն օր գնում եմ դպրոց, հետո գալիս արագ-արագ դասերս անում, գնում եմ ընկերներիս կանչում ու մինչեւ ուշ իրիկուն խաղում ենք: Ես ու ընկերս միշտ մրցում ենք, թե որս կարող է ամենաառաջինը բարձրանալ էն բարձր շենքի տանիքը: Հետո էլ ձի ունեմ, իրան եմ խնամում ու նստում եմ վրան, որ ինձ տանի մեր դաշտերը»,- իր առօրյայից է պատմում Գոռ Օհանջանյանը:
 Արդեն երկու տարի է՝ բնակիչների աչքը լույս է եկել: Գյուղում մոմերին փոխարինելու է եկել էլեկտրական հոսանքը: Հիմա էլ անհամբեր սպասում են, որ ջրի հարցը կլուծվի. «Մեր տնից էնքան հեռու է ջրհորը, որտեղ ժամերով հերթի ենք կանգնում, որ ջուր բերենք, ծանր-ծանր կրում ենք, մեջքներս դրա համար պոկվել է, խոստացել են, որ ջրի հարցն էլ կլուծվի… սպասում ենք, մի օր մենք էլ ենք լավ ապրելու, չէ՞»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել