Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանակը հասարակության հայելին է»

Հոկտեմբեր 26,2010 00:00

Գյումրիում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը Գյումրիում պատասխանել էլ լրագրողների հարցերին, մասնավորապես հայոց բանակին վերաբերող հարցերին ի պատասխան՝ նախագահն ասել է. «Այդ երեւույթին շատ վատ եմ վերաբերում` ոչ թե այն երեւույթին, որ բանակի մասին շատ է գրվում, շատ է խոսվում, այլ ա՛յն երեւույթին, որ կոչվում է բանակի պախարակում` ելնելով զուտ քաղաքական, նեղ անձնական, կուսակցական շահերից: Երբեք մեր բանակը զերծ չի եղել պատահարներից, երբեք մեր բանակում չեն եղել տարիներ, երբ զինվոր չզոհվի, սպա չմահանա, դժբախտ պատահար տեղի չունենա, որովհետեւ մեր բանակը հսկայական կառույց է, մեր բանակը գործող բանակ է, եւ, վերջապես, յուրաքանչյուր բանակ հանդիսանում է հասարակության անբաժան մասը: Բանակը հասարակության հայելին է, եւ այն թերությունները, այն խնդիրները, որ գոյություն ունեն հասարակության մեջ` այս կամ այն չափով, իհարկե, միշտ գոյություն են ունենալու բանակում` լինի դա Հայաստանում, Միացյալ Նահանգներում, Հնդկաստանում, թե այլուր: Իհարկե, բանակը շատ ավելի կազմակերպված, շատ ավելի կարգապահ, շատ ավելի կատարելագործված կառույց է, քան այլ կառույցները, եւ մեր պահանջները բանակի նկատմամբ շատ ավելի բարձր են, քան այլ կառույցների նկատմամբ: Այս տեսանկյունից նայելով, իհարկե, ես մտահոգված եմ բոլոր այն դեպքերով, որ տեղի են ունենում մեր զինված ուժերում, բայց մի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ ամեն օր, ամեն ժամ մեր բանակը դառնում է ավելի մարտունակ, մեր բանակն ավելի է կատարելագործվում, եւ վստահ եմ, որ յուրաքանչյուր հայ ուղղակի պետք է հպարտանա մեր զինված ուժերով: Ես ողջունում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր համարում են հայկական բանակը մեր աչքի լույսը, մեր հպարտության առարկան, մեր պատիվն ու արժանապատվությունը պաշտպանողը: Նաեւ ողջունում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր խոսում են բանակում եղած թերությունների մասին, բայց խոսում են սրտի ցավով, խոսում են նրա համար, որպեսզի վաղն ավելի լավ բանակ ունենանք, որպեսզի ավելի քիչ երիտասարդ զոհվի կամ սպանվի բանակում: Ներողություն բառիս համար, ես ընդհանրապես կտրուկ բառեր քիչ եմ օգտագործում, բայց զզվում եմ բոլոր այն մարդկանցից, ովքեր փորձում են բանակի հաշվին քաղաքական դիվիդենդներ շահել, եւ, առաջին հերթին, այն մարդկանցից, ովքեր փորձել են բանակում ծառայել ու չի ստացվել, բոլոր այն մարդկանցից, ովքեր փորձել են դերակատարություն ունենալ մեր զինված ուժերի կայացման գործում, բայց միայն վնասել են: Պետք է հեռու լինել բոլոր նրանցից, ովքեր ժամանակին շատ բարձր պաշտոններ են զբաղեցրել մեր զինված ուժերի կառավարման համակարգում, բայց այդպես էլ չեն կարողացել հասկանալ, թե ինչ է հայկական բանակը եւ ինչ են, ընդհանրապես, մեր զինված ուժերն իրենցից ներկայացնում: Ես կոչ եմ անում բոլոր առողջ դատողություն ունեցող մարդկանց, կոչ եմ անում բոլոր հայրենասեր ուժերին, ի վերջո, կոչ եմ անում մեր քաղաքացիներին, որպեսզի մեր բանակին վերաբերեն ջերմությամբ, չեմ բացառում` նաեւ խստությամբ, բայց մեր բանակը, նորից եմ կրկնում, մեր հպարտության առարկան է: Ես հպարտանո՛ւմ եմ մեր բանակով: Փառք Աստծո, դեռեւս խաղաղություն է: Ընդամենը մեկ անգամ է անհրաժեշտ եղել ապացուցելու, որ այս բանակն իր առաքելությունը կարող է կատարել, եւ այդ ապացույցն այսօր բոլորը կարող են տեսնել, շոշափել: Ապերախտ են այն մարդիկ, ովքեր օգտվում են բանակի կատարած սխրագործության արդյունքից, բայց փնովում են այդ բանակը: Այդպիսի մարդիկ ո՞ւմ են պետք ընդհանրապես»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել