Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԻՆԱԿԱՆ ՊԱՏԻ ՀԵՏ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբեր 26,2010 00:00

\"\"Իշխանությունների հետ երկխոսության փորձերը դրա հետ է համեմատում
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը
:

 Դուք հոկտեմբերի 23-ին ներկա էիք կոնսերվատորիայի դիմացի այգում Թեղուտի պաշտպանության խմբի կազմակերպած համերգ-հանրահավաքին, որն անցկացնելու համար Երեւանի քաղաքապետարանն առաջարկել էր այլ վայր: Միջոցառման ընթացքում կոնսերվատորիայի դիմաց գտնվող սրճարանից, չնայած նախնական պայմանավորվածությանը, հրաժարվեցին հոսանք տրամադրել՝ պատճառաբանելով ստացված հեռախոսազանգը: Ո՞րն է նման խոչընդոտների պատճառը. արդյոք իշխանությունն այնքան թո՞ւյլ է, որ վախենում է անգամ բնապահպանական նման փոքրիկ հավաքներից:
– Շատ հայտնի ձեռագիր է: Եթե իշխանությունը համոզված լիներ եւ ունենար այն զգացողությունը, թե հասարակության մեջ կարողացել է սոցիալական արդարության ու համերաշխության վիճակ ստեղծել՝ պիտի որ խնդիր չունենար: Հստակ է՝ իշխանությունը համարձակություն չունի, նաեւ պատրաստ չի խոսել ժողովրդի հետ: Իրականությունն այնքան պարզունակ է եւ ծիծաղելի, որ նույնիսկ օպերայի ողջ մերձակայքն են վերածել գնչուական բալագանի ու շարունակ լցնում են շաքարաքլոր վաճառողներից մինչեւ թենիսի սեղաններ՝ միայն թե տարածքի բոլոր քառակուսիները զբաղեցված լինեն, եւ հնարավոր չլինի անցկացնել զանգվածային միջոցառումներ: Ո՞վ չգիտի, որ նույնիսկ կազմակերպում են պատվերով զբոսանքներ: Մնում է իսկական ճաղավանդակներով օպերան պատնեշեն ժողովրդից: Ինձ նախ եւ առաջ անհանգստացնում է օպերայի այս վարկաբեկյալ վիճակը, երբ Թումանյանի եւ Սպենդիարովի արձաններն ուղղակի փոքրացել են՝ բատուտների վրա թռչկոտող երեխաների, վարձով տրվող հեծանիվների եւ մանկական լողավազանների ֆոնին: Հիմա էլ տաղավարներ են տեղադրել՝ իբր թե տոնավաճառ է: Իրոք բալագանի՝ կրկեսա-գնչուական, թափառաշրջիկական մթնոլորտ են ստեղծել, երբ օպերան իրապես ազգային արժեք է: Այդ շենքն ինքնին մշակութային կոթող է եւ պետք է ունենար օպերայի բնույթին համարժեք միջավայր:
Իսկ ընդդիմությանը նման ձեւերով արգելափակելը պատնեշված գետի էֆեկտին է հավասարազոր. ինչքա՞ն կարող ես գետի հունը պատնեշել՝ այն մի օր ճեղքում է իր ճանապարհը: Այն, ինչ կատարվում է Հայաստանում՝ ավելի լուրջ ու քաղաքակիրթ լուծում ունի՝ լինել իրապես ժողովրդավար, սոցիալական եւ իրավական պետություն: Գնալով խնդիրները խորանում են, եւ ինչքան էլ գետը սահմաններ ունի, բայց երբ երկար է մնում է նույն վիճակում՝ ճահճանում է:
Ես երբեմն կարեկցում եմ իշխանությամբ զբաղվողներին՝ իրենց ուսերին դրել ենք ժողովրդավարական իշխանություն իրականացնելու պարտականություն ու պատասխանատվություն, բայց իրենց արժեքային համակարգը, քաղաքական ընկալումն ու հանրային ըմբռնումը բոլորովին այլ են: Նրանք այլ կերպ չեն էլ կարող. նրանց արժեքները բռնությունն է, օրենքները շրջանցելը եւ կլանային ղեկավարումը:
– Հեռուստակապուղիների այժմ ընթացող մրցութային գործընթացում մի կողմից ականատես ենք, որ հարաբերականորեն մի քիչ ավելի ազատ երկու հեռուստաընկերություններին՝ «Երկիր Մեդիային» եւ «Կենտրոնին», առանց մրցակցության հանրապետական սփռման արտոնագիր է տրամադրվելու, մյուս կողմից՝ 18-ից մրցույթներից միայն 2-ի դեպքում, որոնցից մեկին «Ա1+»-ն է մասնակցում՝ կա իրական մրցակցություն: Եվ էլի նույն հարցն է ծագում՝ մի՞թե այդքա՛ն թույլ է իշխանությունը, որ չի կարող հանդուրժել առանց վերահսկողության գործող ազատ խոսքի առկայությունը մեր երկրում:
– Իշխանությունը ոչ միայն թույլ է, այլեւ իրապես տառապում է քաղաքական կարճամտությամբ: Մեկ կետից, մեկ կոճակով կառավարվող ավտորիտար երկիր ենք: Եվ քաղաքական մեծամասնությունն էլ այդ ամբողջ հիերարխիայի մի արտահայտությունն է: Շուրջ 2 ամիս առաջ, բառիս բուն իմաստով, մեր վզին փաթաթվեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նոր խմբագրությունը: Հանրային ընդվզում եղավ, մասնագիտական դաշտից՝ բազմաթիվ բողոքներ, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» տասնյակներով առաջարկներ ներկայացրին, եւ մեր հիմնական մտահոգությունն այն էր, ինչին բախվել ենք այսօր: Եվ ՀՀ նախագահի «օրհնության» թանաքը դեռ չի չորացել այդ օրենքի վրա՝ արդեն աշխատանքային խումբ են ստեղծել բոլոր խոցերը, խութերն ու ականները վնասազերծելու մտածումով: Բա այն ժամանա՛կ մտածեիք՝ ձայն բարբառոյ էին բոլոր բողոքները:
Վերջերս մի բանաձեւումի եմ եկել՝ այս իշխանությունների հետ երկխոսությունը վերածվել է չինական պատի հետ մենախոսության: Շատ հաճախ մտածում եմ, թե խնդիրները չեն լուծվում ոչ միայն այն պատճառով, որ չեն ուզում, այլ չե՛ն կարող, ի վիճակի չեն՝ քաղաքական կամքի եւ իմացական բավարար պաշարի կարողունակության բացակայության պատճառով: Հայտարարված ժողովրդավարական արժեքների հետ (իսկ ազատ խոսքը ժողովրդավարության առանցքային արժեքն է) նրանք չունեն որեւէ առնչություն: Մենք իշխանությունից երկխոսություն, համախոհություն ու սոցիալական համերաշխություն ենք պահանջում, բայց էլի եմ ասում՝ իրենց արժեքները չեն դրանք:
– Բայց արդյոք մի՞շտ է իշխանությունների հետ երկխոսությունը վերածվում «չինական պատի դեմ մենախոսության»: Հակառակի օրինակը հանրային ընդվզման առարկա դարձած մեկ այլ նախաձեռնություն է՝ լեզվի եւ հանրակրթության մասին օրենքներում փոփոխությունները. այն, ինչ ներկայացվել էր ապրիլին, եւ այն, ինչ այս քառօրյայի օրակարգում է՝ երկու մեծ տարբերություններ են:
– Այսօր ԱԺ մտնելիս նորից տեսա «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» խմբին՝ հայ ժողովրդի որակյալ փոքրամասնությանը, որը վերջին ճիգով ուզում է Հայաստանի անկախ Հանրապետությունում պահպանել մայրենին, հայոց լեզուն, որը Սահմանադրությամբ ամրագրված արժեք է: Այո, նախագիծը վերածվել է մուտանտի: Նախնական հղացումը եւ նույնիսկ հիմնավորումը, որով ԿԳ նախարարը ներկայացրել էր այս օրենքը՝ այսօր չի վերաբերում այն նախագծին, որը շարունակաբար քաշքշվում է: Եվ ինչո՞ւ է մնում օրակարգում, քանի որ սպասարկելու է ոչ թե գլխավոր ազգային շահը՝ ազգային դպրոցի ամրացումը, կայացումը, զարգացումը, այլ սպասարկելու է մի գործարարի տված խոստումը՝ միջազգային դպրոց բացել Դիլիջանում: Խոստում են տվել ու կրակն ընկել դրա ձեռքը:
Բայց չինական պատի դեմ մենախոսության վերաբերյալ ասածս վերաբերում է նաեւ Երեւանի քաղաքաշինությանը: 2008-ին ԱԺ-ում շատ լուրջ լսումներ եղան, եւ շահագրգիռ էր խոսակցությունը: Ճիշտ է, գիտեմ, որ իշխանությունն իրականացնում են պրագմատիկներն ու ցինիկները, բայց քաղաքականությունն առաջ են տանում ռոմանտիկները: Ինքս ինձ տեսնում եմ երկրորդ բանակում: Այդ լսումներում ցավերի ու խնդիրների շեշտադրումներն այնքան ճիշտ դրվեցին, որ ռոմանտիկ լինելով՝ ինձ թվում էր, թե կունենանք ինչ-որ մի առաջընթաց: Ի վերջո՝ սա բոլորիս երկիրն է, ժամանակավոր խաղադաշտ չէ, որ ով ինչ թռցրեց՝ թռցրեց: Բայց այսօր իշխանությունն առաջնորդվում է փախցրածի համար ժամանակավորապես պատասխանատվություն չտվողի հոգեբանությամբ: Իսկ ընդհանրապես բնապահպանությունը քաղաքակիրթ պետության հոգս է: Սակայն մենք քաղաքական քաղաքակրթությունից այնքա՜ն հեռու ենք, որ թքա՛ծ ունենք բնապահպանության վրա: Նրանք մեր հայրենիքի յուրաքանչյուր սանտիմետր դիտում են որպես բետոնապատման շինհրապարակ: Եվ դեռ լավ է, որ Հայաստանում կան մարդիկ (հատկապես երիտասարդների շրջանում եմ տեսնում այդ քաղաքացիությունը), որոնք գիտեն, թե այնուամենայնիվ քաղաքի տեր լինելը քաղաքապետի հայտարարությամբ չէ, եւ իրապես ունեն տիրոջ զգացողություն, որը ոչ թե լոզունգ է Էրեբունի-Երեւան տոնակատարության շրջանակներում, այլ իրական զգացողություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել