Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՋԻՑ ՏՈՒԺԱԾ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆ ԱՐԴԵՆ ԱՊԱՔԻՆՎԵԼ Է

Հոկտեմբեր 26,2010 00:00

Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքից երեկ արդեն տուն է տեղափոխվել հոկտեմբերի 15-ին ազատագրված տարածքներում արջի հարձակումից վնասվածքներ ստացած 35-ամյա զինվորական Տիգրան Ղամբարյանը: Պայմանագրային զինծառայողը Կապանի հիվանդանոց էր տեղափոխվել պատառոտված ու խոր վերքերով: Հիշեցնենք, որ  Տիգրանի հետ դեպքը տեղի էր ունեցել աշխատանքի գնալուց առաջ, երբ եգիպտացորենի արտ սիլոս հավաքելու էր գնացել: Երիտասարդի վրա հանկարծակի հարձակվել էր արտում գտնվող արջը եւ խոր վնասվածքներ հասցրել նրան: Վնասվել է հատկապես ձախ դաստակը, որը տուժողը պաշտպանվելու նպատակով մտցրել էր արջի բերանը: Տիգրանի պատմելով՝ վախեցած էր գիշատիչ կենդանու հարձակումից, որովհետեւ երբեւէ այդ կողմերում արջի չէր հանդիպել: «Էդ պահին չգիտեի, թե ինչ էի անում, պաշտպանվո՞ւմ էի հոշոտումից, թե՞ կռիվ էի տալիս հետը: Միայն մի բան գիտեմ, որ բախտս բերեց՝ փոքր արջ էր, թե չէ հիմա կենդանի չէի լինի»,- ասում է տուժածը: Կռիվը տեւել է  10-13 վայրկյան, քանի որ արջը իր դիմադրությունից հետո փախել է:
Բժիշկների կողմից Տիգրանի առողջական վիճակը դրական գնահատելուց հետո տուժածը վիրակապով տուն է տեղափոխվել, որտեղ եւ բժիշկների խորհրդով պետք է շարունակի բուժումը:  «Վերքերը թեեւ լավանում են, բայց ինֆեկցիաների տեսակետից հնարավոր է հետագայում խնդիրներ առաջանան, դուրսգրումից հետո պետք է ապաքինվողը հետեւողական լինի բարդություններից խուսափելու համար: Սա առաջին դեպքն է, որ արջից  վնասված հիվանդ եմ ունենում, այսքան տարի  նման դեպք մեզ մոտ չի գրանցվել, եղել են շան, էշի կամ օձի կծած դեպքեր, բայց արջի՝ ոչ»,- մեզ հետ  զրույցում նշեց բժիշկ Սարիկ Աթաջանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել