Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք իշխանության մեջ ենք ռեֆորմների համար»

Հոկտեմբեր 26,2010 00:00

\"\"ՕԵԿ-ի հանդիպումները Աշտարակում

«Օրինաց երկիր» կուսակցության արդեն ավանդույթ դարձած ժողովրդի հետ հանդիպումները շարունակվեցին հոկտեմբերի 23-ին Աշտարակ քաղաքում: Աշտարակցիները Արթուր Բաղդասարյանին դիմավորեցին լեփ-լեցուն դահլիճում, հոտնկայս ծափողջույններով: Հանդիպման ողջ ընթացքում դահլիճում տիրում էր ջերմ ու անկեղծ մթնոլորտ, ինչն արտահայտվում էր թե’ հարցերի եւ թե’ ելույթների ժամանակ: Երիտասարդ օեկական Ալինա Քեշիշյանն իր եւ իր ընկերների անունից խորին երախտագիտություն հայտնելով ՕԵԿ նախագահին եւ քաղաքական խորհրդի անդամներին՝ աշտարակցիների հետ հանդիպումը նախաձեռնելու համար, շեշտեց. «Ես հպարտ եմ, որ «Օրինաց երկիր» կուսակցության անդամ եմ, քանի որ կուսակցությունն իր ստեղծման օրվանից տված խոստումները դարձրել է իրականություն: ՕԵԿ-ին վստահելու պատճառները շատ են, դրանք ապացուցում են, որ կուսակցության ծրագրերը ոչ միայն մրցունակ եւ իրատեսական են, այլեւ միտված են լուծելու մեր երկրի եւ ժողովրդի համար կարեւոր նշանակություն ունեցող խնդիրները»:
Աշտարակցիներին հուզող հարցերը բազմաթիվ էին: Դրանք վերաբերում էին ոչ միայն գործազրկությանը, գների թանկացմանը, փոքր եւ միջին ձեռներեցության խթանմանը, գյուղատնտեսական տեխնիկայի բացակայությանը, այնպես էլ մեր երկրի ռազմարդյունաբերության, պարենային, սահմանային, սեյսմիկ անվտանգությանն առնչվող հիմնախնդիրներին: ՕԵԿ նախագահը իր ելույթում հանդես եկավ կատարված աշխատանքների, տնտեսական, սոցիալական ոլորտներում իրականություն դարձած օրենսդրական մի շարք նախաձեռնությունների, հռչակած ծրագրերի մասին յուրօրինակ հաշվետվությամբ. «Մեր թիկունքում կատարված վիթխարի աշխատանք կա, կա’ ասելիք, կա’ անելիք, եւ մենք պարտավոր ենք մեր գործունեությամբ, մեր պայքարով ու աշխատանքով հասնել այդ խնդիրների լուծմանը: ՕԵԿ-ը բարդ ու դժվարին ճանապարհ է անցել, բայց այն եղել է հաստատուն, եւ այսօր՝ 13 տարի անց, մենք կարող ենք ասել, որ Հայաստանի քաղաքական կյանքում գործում է մի կուսակցություն, որն ունի իր վճռորոշ դերը մեր պետականության կայացման, զարգացման եւ հզորացման գործում»,- իր խոսքում նշեց Արթուր Բաղդասարյանը:
Անդրադառնալով կոալիցիային մաս կազմելու կուսակցության քաղաքական որոշմանը՝ Արթուր Բաղդասարյանը ընդգծեց. «Այսօր մենք իշխանության մեջ ենք ռեֆորմների համար եւ մեր ծրագրերը առաջ մղելու համար: Իշխանությունը մեզ համար պարտք ու պատասխանատվություն է իրականություն դարձնելու նախընտրական այն խոստումները, որոնք տվել էինք ժողովրդին»: Խոսելով կուսակցության առաջիկա ծրագրերի ու անելիքների մասին՝ ՕԵԿ առաջնորդը աշտարակցիներին ներկայացրեց արդեն իսկ շրջանառության մեջ դրած օրենքի մի շարք նախագծեր, որոնք մասնավորապես վերաբերում էին փոքր եւ միջին ձեռներեցությանը, ավտոմեքենաների տեխզննման կայանների ազատականացմանը, ինքնակամ շինությունների օրինականացմանը, ինչը մեր հայրենակիցներին հնարավորություն կտա օրենքի ուժով անվճար օրինականացնել ինքնակամ շինությունները: «Ունենք շատ ծրագրեր տարբեր ոլորտներում, որոնք ավելի հաստատուն եւ մեծ աջակցություն են բերելու մեր բնակչությանը»,- վստահեցրեց Արթուր Բաղդասարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել