Լրահոս
Օրվա լրահոսը

«ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ԵՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ

Հոկտեմբեր 26,2010 00:00

Բայց չեն հիշում, թե հայաստանյան ընդդիմադիր դաշտի հիմնական խաղացող Կոնգրեսն այդ համատեքստում ինչ առաջարկներ է ներկայացրել:

Հայ ազգային կոնգրեսն անցած ուրբաթ հայտարարություն էր տարածել, որում ՀՀ «Ընտրական օրենսգրքի» նոր խմբագրության տարբերակի շուրջ քաղաքական ուժերի ու անհատների հետ քննարկումներ ծավալելու իշխանությունների ակնկալիքները որակել էր որպես պատրանք, թե՝ «իբր, մինչ այս ընտրություններում կատարված համատարած կեղծիքների ու ապօրինությունների պատճառը օրենսդրության անկատարությունն է»:
Կոնգրեսը պնդել էր, թե՝ որեւէ հարցի, այդ թվում նաեւ «Ընտրական օրենսգրքի» հետ կապված որեւէ երկխոսություն կամ համագործակցություն կարող է լինել միայն այն բանից հետո, երբ ազատ արձակված կլինեն բոլոր քաղբանտարկյալները, եւ իրական առաջընթաց կգրանցվի «Մարտի 1»-ի սպանությունների բացահայտման ուղղությամբ: ՀԱԿ-ը նաեւ հավելել էր, թե այդ քննարկումներին մասնակցելով՝ ինքն ակամա կդառնա «վարչախմբի գործած ընտրական կեղծիքների ու բռնության միջոցով իշխանության յուրացման ծանրագույն հանցանքը պարտակողներից մեկը»:
Այդուամենայնիվ, Կոնգրեսը հիշեցրել էր, թե ԸՕ-ի բարեփոխման համատեքստում ինքը առանցքային 7 առաջարկներ էր ուղարկել ԵԽ-ին՝ լիազորելով վերջինիս եւ նրա հովանավորությամբ գործող, այս ուղղությամբ աշխատող կառույցներին դրանք օգտագործել համապատասխան քննարկումներում, նաեւ հավելել, որ «արդարացի ու թափանցիկ ընտրություն անցկացնելու համար, առաջին հերթին, Հայաստանում իսպառ բացակայում է իշխանության քաղաքական կամքը»:
Որ դա հենց այդպես էլ՝ կա վկայում է խորհրդարանի կայքում տեղադրված փոփոխությունների նախագիծը, որից իսպառ բացակայում են ոչ միայն խորհրդարանական «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունների, այլեւ արտախորհրդարանական ընդդիմության՝ ՀԱԿ-ի առաջարկները: Եվ եթե այդ խմբակցությունների առաջարկները, ԸՕ բարեփոխումները պատրաստող գլխադասային համարվող պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի՝ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում արած հայտարարության համաձայն, հետագայում դեռ քննարկման առարկա կարող են լինել, ապա ՀԱԿ-ի առաջարկների մասին նա ընդհանրապես պատկերացում չունի. իր ասելով՝ ծանոթ չէ:
Այն, որ ԸՕ-ն բարեփոխող ու մասնավորապես ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դ. Հարությունյանը, իբր, տեղյակ չէ Կոնգրեսի՝ ամիսներ առաջ արած առաջարկներին, ՀԱԿ-ում հակված են չհավատալ: Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը իշխանության ներկայացուցիչ Դ. Հարությունյանի այդ հայտարարությանն այսպես արձագանքեց. «Ոչ միայն Դավիթ Հարությունյանին, այլեւ բոլորին տեղեկացնենք, որ ԸՕ-ում փոփոխությունների մեր առաջարկները մենք հրապարակել ենք դեռ մարտի 16-ին: Ընդհանրապես թերթ կարդալը լավ բան է: Բայց անկախ ամեն ինչից, մենք մեր վերջին հայտարարության մեջ էլ ասել ենք, որ չենք էլ պատրաստվում իշխանություններին հատուկ ծանոթացնել այդ առաջարկներին: Մենք դրանք ուղարկել ենք ԵԽ»:
Իսկ մենք հատուկ «Ընտրական օրենսգիրքը» բարեփոխող իշխանություններին եւս մեկ անգամ հիշեցնենք, որ դեռ այս տարվա մարտին ԵԽ-ին ուղղված եւ 2008թ. նախագահական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված իր ներկայացրած ժամանակացույցի համաձայն, Կոնգրեսը «Ընտրական օրենսգրքում» 7 կետանոց փոփոխություններ էր առաջարկել: Դրանցից մեկով ՀԱԿ-ն առաջարկում էր Կենտրոնական եւ տեղական ընտրական հանձնաժողովները ձեւավորել բացառապես պետության կողմից, որը պատասխանատվություն կստանձնի եւ կերաշխավորի ընտրական պրոցեսի օրինականությունը:
Կոնգրեսն առաջարկում էր անցնել խորհրդարանական 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, նաեւ արձանագրել էր, թե ընտրությունների ժամանակ հեռուստաընկերությունների համար քաղաքական գովազդը չպետք է ավելի թանկ լինի, քան կոմերցիոն գովազդներն են, զորամասերում զինծառայողների ընտրացուցակները պետք է լինեն հասարակական վերահսկողության ներքո եւ հասանելի լինեն՝ զինվորականների կողմից բազմակի քվեարկություն թույլ չտալու համար: Նույն նպատակով, ըստ Կոնգրեսի, հարկ է «Ընտրական օրենսգրքում» ներառել քվեարկության մասնակիցների մատը թանաքոտելու պրակտիկան, բոլոր ընտրական տեղամասերում եւ դրանց մուտքերի մոտ տեղադրել տեսախցիկներ՝ քվեարկության ընթացքն ու ձայների հաշվարկը ֆիքսելու համար, իսկ լիազոր ներկայացուցիչներին իրավունք վերապահել դատարաններում պահանջել այդ տեսագրությունները:
Հավելենք միայն, որ ԸՕ-ն բարեփոխելու պահանջը հերթական անգամ ներկայացրել էր ԵԽԽՎ-ն՝ շեշտելով, որ դա արվի ընդդիմության հետ քննարկումների արդյունքում: Մի պահանջ, որը, գոնե այս պահին, դարձյալ անտեսվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել