Ազատության հրապարակում Վերնիսաժ է
Պարզվում է՝ նկարների, գրքերի, ձեռագործ աշխատանքների եւ ժողովրդական արվեստի այլ ստեղծագործությունների վաճառքով զբաղվող մի շարք քաղաքացիներ Ազատության հրապարակի տարածքում հուշանվերների ժամանակավոր ցուցահանդես-վաճառք կազմակերպելու խնդրանքով Երեւանի քաղաքապետարան դիմել են դեռ սեպտեմբերի 22-ին: Նրանց հայտը բավարարվել է երկու օր անց՝ հոկտեմբերի 24-ին: Դիմումատուներին քաղաքապետարանի կողմից գրություն է տրվել առ այն, որ ցուցահանդես-վաճաքի վերաբերյալ առարկություններ չկան: Միջոցառումն իրականացվում է Երեւանի 2792-ամյակի միջոցառումների շրջանակներում: Ցուցահանդես-վաճառքը գործելու է մինչեւ նոյեմբերի 25-ը՝ ներառյալ շաբաթ եւ կիրակի օրերը: Ի դեպ, այն չի էլ գործում. համենայնդեպս, քանիցս առիթ եմ ունեցել այդ վայրը հատելու՝ այն դատարկ է եղել: Ազատության հրապարակում նույն այդ ժամանակահատվածում միջոցառումներ իրականացնելու համար դիմել են նաեւ երկու քաղաքական ուժեր՝ ՀՅԴ-ն եւ Հայոց համազգային շարժումը: Նրանց, բնականաբար, առաջարկվել է միջոցառումներն անցկացնել մեկ այլ վայրում: Հիշեցնենք, որ մինչ այդ էլ, տեւական ժամանակ, Ազատության հրապարակում մանկական ատրակցիոններ էին տեղադրված, երբեմն տարբեր պարային խմբեր էին բերվում եւ համերգներ կազմակերպվում, իբրեւ մանուկների ժամանց կազմակերպելու ավելի հարմար վայր մայրաքաղաքում չկար:
Այն պահից սկսած, երբ ընդդիմադիրների մուտքն Ազատության հրապարակ արգելվեց, ընդդիմության ներկայացուցիչներն իրենց հայտարարություններում խոստանում են, որ շուտով կազատագրեն Ազատության հրապարակը: Վերջերս էլ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ այդ օրը մոտենում է: Ինչո՞ւ են իշխանությունն ու ընդդիմությունը իրենց հույսը, գոյությունն ու գործունեությունը կապում հենց Ազատության հրապարակի հետ՝ «Առավոտի» հարցին իրավապաշտպան Վարդան Հարությունյանն ասաց. «Ազատության հրապարակը 1988-ից սկսած՝ եղել է ցույցերի եւ միտինգների ընդունված վայր: Երեւի սա է պատճառը, որ ընդդիմությունն այդ հրապարակում է ցանկանում կազմակերպել իր հանրահավաքները: Բայց իշխանություններին Ազատության հրապարակը մղձավանջ է հիշեցնում: Այն նրանց հիշեցնում է 2008թ. փետրվարյան օրերը՝ իրենց բացարձակ պարտությունը: Ազատության հրապարակը իշխանությունների համար արդեն հրապարակ չէ, այն նրանց բարդույթն է, որ ամեն կերպ փորձում են թաքցնել օտար աչքից: Այդ պատճառով է, որ փորձում են այն շուկայի վերածել, հուսալով, որ որպես կայացած շուկա այն տեսնելուց հետո կազատվեն արդեն երկու տարուց ավելի իրենց հետապնդող մղձավանջից: Նրանց պատկերացմամբ՝ այդ հրապարակը իրենց վերջին բաստիոնն է, որի հանձնմանը հաջորդելու է վերջնական պարտությունը: Նրանք ուղղակի չեն հասկանում, որ մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր հազար մարդ Երեւանի որ կետում եւ որ հրապարակում էլ որ հավաքվի՝ այդ կետը կամ հրապարակը վերածվելու է Ազատության հրապարակի: Կարծում եմ՝ ընդդիմությունը սա լավ է հասկանում, եւ Ազատության հրապարակ վերադառնալը իր համար սեւեռուն միտք չի դարձնում: Երեւանում բողոքող քաղաքացիների ընդունելու պատրաստ բազմաթիվ հրապարակներ կան: Մենակ թե իր իրավունքը գիտակցող եւ դրա համար պայքարի պատրաստ քաղաքացիներ լինեն»:
Իսկ «Սարդարապատ» նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանն այսպես արձագանքեց. «Ընդհանրապես, կարծում եմ, պետք է դնել մեծ նպատակներ եւ ազատագրելիս՝ ազատագրել ազատագրված տարածքներին համարժեք մի բան: Պետք է նպատակ դնել բնակեցնել, վերաբնակեցնել ազատագրված տարածքը, բնակեցնել Հայաստանն ու Արցախը»: Բայց քանի որ վիճելի տարածքն իսկապես խորհրդավոր եւ խորհրդանշական է, պարոն Խզմալյանը փոքրիկ պատմական էքսկուրս կատարեց. «Ժամանակին Թամանյանը Երեւանում ստեղծեց երկու հրապարակ, որոնք տարիներ շարունակ նժարի դեր են կատարում»: Պաշտոնականի դերը վերապահված էր գլխավոր հրապարակին, որն այժմ կոչվում է Հանրապետության, իսկ ժողովրդականի դերը՝ Թատերական-Ազատության հրապարակին: 1963-ին Ազատության հրապարակում ժողովուրդը նշում էր Տիգրան Պետրոսյանի հաղթանակը, 1965-ին հավաքվեցին Ցեղասպանության 50-ամյա տարելիցի օրը, 1988-ին Ազատության հրապարակը դարձյալ բեւեռ էր. «Այնպես որ, դա իսկապես խորհրդանիշ է, ինչպես մտածել էր Թամանյանը: Այդտեղ է մայրաքաղաքի հոգին: Իշխանությունը հասկացավ, որ Ազատության հրապարակը դարձնելով նախ սրճարանների, ապա՝ շուկայական հարաբերությունների կենտրոն՝ խոչընդոտում է ինչ-որ շատ կարեւոր մետաֆիզիկ շարժման, նսեմացնում է այդ վայրի նշանակությունը: Մի քանի տարի շարունակ դա նրանց հաջողվում է, բայց մի օր նժարները նորից հավասարվելու են, ինչպես այն ժամանակ, երբ 2007-08-ին մարդկանց բերում էին Հանրապետության հրապարակ՝ պաշտոնական միտինգների, իսկ նրանք փախչում-գնում էին ժողովրդական հրապարակ: Բայց դիտել այն որպես խորհրդանիշ եւ հետապնդել այն ազատելու ոչ այնքան կարեւոր նպատակները՝ սխալ է: Այսօր այն օրն է, երբ պետք է ազատագրել երկիրը: Երկիրն է անազատության մեջ, եւ դիմադրության շարժումը չպետք է սահմանափակել Ազատության հրապարակով»: