Կիրակի օրը՝ հոկտեմբերի 24-ին, Տաթեւում հավաքված բազմությունը ականատես եղավ, թե ինչպես աշխարհի ամենաերկար ճոպանուղին շահագործումից 1 շաբաթ անց կանգ առավ: Ճոպանուղու 2 վագոնները՝ մեկը՝ Հալիձորից Տաթեւ, մյուսը՝ Տաթեւ-Հալիձոր, կեսճանապարհին մոտ 50 ուղեւորով 40 րոպե մնացին օդում: Հալիձորից Տաթեւ եկող վագոնում է եղել նաեւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Ճոպանուղու անվտանգության աշխատակիցների տեղեկատվությամբ՝ անվտանգության ավտոմատ համակարգչային սարքերն ինչ-որ տեխնիկական խնդիրներ են արձանագրել: Օդում մնացած ուղեւորներից ոմանք վատացել էին: Գրանցված դեպքից հետո ճոպանուղու աշխատանքը դադարեցվեց եւ ցանկացողներից շատերին չհաջողվեց նստել աշխարհի ամենաերկար ճոպանուղին: Կիրակի օրը Տաթեւի վանքում նշվում էր Գյուտ խաչի տոնն ու Տաթեւի վերածնունդը, որն ուղեկցվեց մայրաքաղաքից ժամանած երգիչ-երգչուհիների կատարումներով: Տաթեւում էին բազմաթիվ հյուրեր՝ մարզի տարբեր քաղաքներից, մայրաքաղաքից, հանրապետության այլ բնակավայրերից եւ արտերկրից: Տոնախմբության ժամանակ Սյունիքի մարզպետը, նախքան օդում կախված մնալը, իր ելույթում նշել էր, որ ունենալով այսպիսի ճոպանուղի՝ Սյունիքը կդառնա տուրիզմի իսկական կենտրոն: