Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հոկտեմբեր 23,2010 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ վեցերորդ

ԽԱՂԱՑՈՂՆԵՐ ԵՎ ԽԱՂԵՐ

Պողոսը մի քիչ մտածեց ու ասաց՝ «միայն ձեր թանգարանը չի. Գրողներու միության մեջ ալ մարդիկ կան, որ Թումանյանին Ամենայն հայոց բանաստեղծ կհորջորջեն», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «սարսափելի բան չկա. տիկին Սիլվային էլ Ամենայն հայոց բանաստեղծուհի են ասում», եւ Պողոսը մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «մականուններու համար խելքերնիդ ձերը չէ», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «Չարենցն էլ ա մականուն. իրա իսկական անունը Եղիշե Սողոմոնյան ա», եւ Պողոսը քմծիծաղով ասաց՝ «տեղեկատվության համար անչափ շնորհակալ եմ», եւ Պողոսի ու իմ էդ օրվա զրույցը հիշելով՝ հիշում եմ նաեւ, որ իր ու տիկին Ռիմայի էդ օրվա վեճի ու էդ օրվա իմ ու իր զրույցի ամբողջ ընթացքում դիմացի պատից Թումանյանը ներողամտորեն ժպտում ու ժպտում էր, բայց էդ ամբողջ ընթացքում Պողոսը մեջքով էր նստած եւ Թումանյանի լուսանկարից ճառագող էդ շարունակական լույսից անտեղյակ ու անմասն էր, բայց իր՝ Պողոսի ժպիտն էլ պակաս ներողամիտ չէր, եւ մեր զրույցի վերջում Պողոսն ինձ ներողամտորեն ժպտալով ասաց՝ «որ Թումանյան կհասկնաք, ատիկա շատ մեծ մխիթարություն է» եւ մի քիչ մտածեց ու ներողամտորեն ժպտալով ավելացրեց՝ «այսինքն, հույս կա, որ օր մըն ալ Չարենց կհասկնաք» եւ մի քիչ էլ մտածեց ու շարունակեց՝ «ոչ բոլոր ազգերուն է բախտ վիճակված Չարենց ունենալ», եւ չնայած Պողոսը համարում էր, որ արեւելահայերս Թումանյանին հասկանում ենք, ես յոթ տարի Ամենայն հայոց բանաստեղծի թանգարանի տնօրենը լինելով ու նաեւ աշխատանքիս բերումով Թումանյանի մասին մտածելով՝ եկել եմ էն եզրակացության, որ մենք, այնուամենայնիվ, Թումանյանին էլ առանձնապես չենք հասկացել ու շարունակում ենք չհասկանալ. չենք հասկանում, որ ինքը մշտապես Երեւանում չապրելով՝ մշտապես Երեւանում ու Հայաստանում էր, ավելի ճիշտ՝ ինքը Թիֆլիսում ապրելով՝ Թիֆլիսն ու Վրաստանն էր Երեւան ու Հայաստան դարձրել, եւ ինքն իսկապես Ամենայն հայոց բանաստեղծն է ոչ միայն էն պատճառով, որ տիկին Ռիման ու շատերս էդպես ենք համարում, այլեւ էն պատճառով, որ Տոլստոյի պես ինքն էլ էր փորձում գրող ու չգրող իր գրագետ ազգակիցներին իր իսկ օջախում իրար գլխի հավաքել, եւ եթե Լեւ Նիկոլաեւիչը նախապատվությունը գրող ու չգրող խաղամոլներին էր տալիս, Թումանյանն, ընդհակառակը, թղթախաղերի ու խաղերի հետ որեւէ կապ չունեցողներին էր գերադասում՝ նախ եւ առաջ էն պատճառով, որ անձամբ ինքն էլ էր թղթախաղերից ու ազարտային խաղերից ահագին հեռու, բայց թղթախաղերից ու ազարտային այլ խաղերից շատ ու շատ հեռու լինելով՝ Թումանյանն էլ Տոլստոյի պես բոլորին իրար գլխի հավաքելու մեծ սեր ուներ, ընդ որում՝ բոլորին իր իսկ հարկի տակ հավաքելու սեր, եւ Վերնատան գոյությունը հենց դրա վառ ապացույցն է, եւ Վերնատան խոսակցություններն ու մթնոլորտը որոշ չափով իմանալով ու որոշ չափով էլ պատկերացնելով՝ սկսում եմ համոզվել, որ Թումանյանն ընդամենն ազարտային խաղերից էր հեռու, այլ ոչ թե՝ ազարտից, որովհետեւ իմ գրեթե ողջ գիտակցական կյանքում ազարտային խաղերի, ինչպես նաեւ գրագետների ու արվեստագետների մեջ լինելով ու գտնվելով՝ կարող եմ ձեզ հավաստիացնել, որ մեր մտավորականների արվեստաբանական, հասարակական ու մանավանդ քաղաքական խոսակցություններն ու վեճերն իրենց մեջ ավելի շատ են ազարտ պարունակում, քան՝ ցանկացած թղթախաղ կամ ռուլետկա՝ ներառյալ ռուսական եւ Փարաքարի մեր ռուլետկաները, եւ հիմա մտովի Տոլստոյի էդ խաղասրահի ու Թումանյանի Վերնատան մթնոլորտները պատկերացնելով ու իրար հետ համեմատելով՝ կարող եմ ձեզ հավաստիացնել, որ Վերնատան մթնոլորտն անհամեմատ ավելի շիկացած է եղել, քան՝ Տոլստոյի խաղասրահինը, եւ Վերնատան աղմուկն ու աղաղակն էլ պիտի որ ավելի ահավոր եղած լինեն, եւ քանի որ իմ գրեթե ողջ գիտակցական կյանքում մերթ խաղամոլների մեջ եմ գտնվել, մերթ՝ մտավորականների, կարող եմ հավաստիացնել նաեւ, որ էդ երկու միջավայրում գտնվողներին մշտապես թվում է, թե էն ամենը՝ ինչ էդ պահին աշխարհում կատարվում ու տեղի է ունենում, հենց էդ սենյակում է կատարվում ու տեղի ունենում, եւ չնայած երբեւէ ընտանեկան օջախս խաղատան ու Վերնատան վերածած չկամ, հակված եմ կարծել, որ իրենց ընտանեկան օջախները վերնատների ու խաղատների վերածած էդ մեծ, մեծահոգի, լայնախոհ ու անձնազոհ տանտերերին էլ է թվում, թե աշխարհում տեղի ունեցող հիմնական իրադարձությունն իր իսկ օջախում ու իր իսկ հարկի տակ է կատարվում ու տեղի ունենում, ու էս հավաստիացումս էլ անհիմն չէ, որովհետեւ, չնայած տունս ու օջախս երբեւէ Վերնատան ու խաղատան վերածած չկամ, բազմիցս եմ ներկա գտնվել խաղամոլների ու գրամոլների արտաքուստ իրարից տարբերվող էպիկենտրոններում, եւ չնայած տանտիրոջն եմ անձնազոհ անվանում, անձնազոհն իրականում ոչ թե տանտերն է, այլ՝ տանտիկինը, որովհետեւ էդ ամբողջ ընթացքում տանտերը մյուսներիս պես խաղով է տարված ու զբաղված լինում, մինչդեռ տանտիկինը կամ աղջիկը (եթե աղջիկ ունի) կամ աղջիկները (եթե աղջիկներ ունի) էդ ամբողջ ընթացքում զբաղվում են խաղացողներին սուրճ կամ թեյ մատուցելով, եւ եթե խաղը մինչեւ լույս է տեւում (հիմնականում հենց էդպես էլ լինում է), տանտիրոջ կինը, աղջիկն ու աղջիկները (եթե աղջիկ ու աղջիկներ ունի) քնելուց առաջ խաղացողներիս համար ընթրիքի սեղան են գցում, բայց էդ սեղանը գցում են միանգամայն այլ սենյակում, որպեսզի իրենց անցուդարձերով ու չխկչխկոցներով խաղացողների ուշադրությունը չշեղեն եւ մանավանդ ընթրիքից հետո՝ սեղանը հավաքելու արարողությամբ խաղին չխանգարեն, ու էդպիսի խորհրդավոր բազմաթիվ ընթրիքների մասնակիցը լինելով՝ կարող եմ ձեզ վստահեցնել ու հավաստիացնել, որ էդ սպեցիֆիկ ընթրիքների ծախսը հարյուր տոկոսով տանտիրոջ վրա է, ու էդ հանգամանքից տանտերը երբեւէ չի սրտնեղում, եւ ոչ էլ ընտանիքի մյուս անձնվեր անդամներն են սրտնեղում, որովհետեւ էդ խաղերը հիմնականում տեղի են ունենում աշխարհի էն լավագույն տներում, որտեղ տանտերն անառարկելի հեղինակություն է ոչ միայն իր տիկնոջ ու ընտանիքի մյուս անդամների համար, այլեւ՝ մասնակից խաղացողների համար, ու երեւի արդեն միանգամայն ինքնուրույն կռահեցիք, որ չնայած թղթախաղն ու խաղամոլությունը որեւէ առնչություն չունեն մեր ազգային բարի ավանդույթների հետ, այդուհանդերձ, էդ շարունակական խաղերը հիմնականում անցկացվում ու տեղի են ունենում էն տներում ու օջախներում, որտեղ միանշանակ հայրիշխանություն է, եւ ընտանիքի հիմքերն էլ միանգամայն ամուր են դրված, եւ չնայած թղթախաղի ու խաղամոլության պատճառով բազում ընտանիքներ են կործանվել ու կործանվում, չեն կործանվել ու չեն կործանվում հատկապես էն ընտանիքները, որտեղ մշտապես կազմակերպվում ու անց են կացվում էդ անվերջանալի խաղերը, որովհետեւ, որպես կանոն, էդ տներում մշտապես դրության տերը տանտերն ու տան տղամարդն է, որի խիղճը մշտապես հանգիստ է, որովհետեւ ինքն իր արատավոր կյանքն ապրում է իր ընտանիքի անդամների աչքի առաջ ու էդ անդամների լուռ համաձայնությամբ, եւ քանի որ խիղճը հանգիստ է, էդ շուրջօրյա ու տեւական խաղերից հիմնականում շահած է դուրս գալիս, եւ քանի որ հիմնականում շահած է, սուրճերի ու թեյերի ու ընթրիքի հետ կապված էդ հավելյալ ու նախատեսված ծախսերի համար երեւի չի էլ մտահոգվում, բայց էս ասածներս ընդամենը ենթադրություն են եւ ավելին չեն էլ կարող լինել՝ ոչ միայն էն պատճառով, որ երբեւէ տանս մեջ էդ տեսակ խաղեր չեմ կազմակերպել ու անցկացրել, այլեւ էն պատճառով, որ էդ տեսակ խաղերը մշտապես ընտանիքիս սահմաններից դուրս խաղալով՝ ի վիճակի չեմ հարյուր տոկոսով կռահել ու կարդալ մտքերն էն մարդու ու տանտիրոջ, որն իր օջախից ու իր տնից դուրս հազվադեպ է էդ խաղերը խաղում, ու էս ենթադրություններս շարունակելով՝ պիտի խոստովանեմ, որ էս բնագավառում անձնական փորձս սահմանափակվում է Սովետի վերջին տասը եւ անկախության էս քսան տարիներով, որոնց ընթացքում, ի տարբերություն վերոնշյալ տանտերերի, ես իմ տնեցիների ու բոլորի աչքից հեռու եմ էդ խաղերը խաղացել. այսինքն, ես, փաստորեն, բոլորիցդ թաքուն եմ ապրել, ավելի ճիշտ՝ կյանքիս էս երկրորդ կեսն եմ թաքուն ապրել, իսկ ավելի ստույգ՝ էս երկրորդ կեսի մի կեսն եմ թաքուն ապրել, իսկ մյուս կեսը մշտապես համալրվել է քաղաքական ու մտավորական էլիտայի հետ անցանկալի շփումներով, եւ թաքուն կեսն էլ՝ խաղամոլ էլիտայի հետ շփումներով, եւ չնայած էս վերջինի հետ շփումներս էլ են անցանկալի, եւ չնայած մշտապես ու հիմի էլ նախապատվությունն էս երկրորդին եմ տվել ու տալիս, այդուհանդերձ, էս երկրորդից էլ առանձնապես գոհ չեմ, մանավանդ որ՝ իմ բաժին խաղընկերների մեջ քաղաքականներն ու մտավորականները միշտ էլ մեծամասնություն են եղել, ու էդ մասին հիմա էսպես անցյալ ժամանակով եմ խոսում, որովհետեւ արդեն վեց ու յոթ տարի է՝ թղթախաղի նստած չկամ, բայց էս ասածս դեռեւս չի նշանակում, որ խաղամոլությանս մասին էլ կարող եմ անցյալ ժամանակով խոսել. ավելին. եթե առաջներում շաբաթվա մեջ երկու կամ ամենաշատը երեք օրերս էի խաղերին տրամադրում, հիմա ամեն օր եմ խաղերի ու խաղամոլության մեջ խրված. խոսքը վերաբերում է նորաստեղծ բուքմեյքերականներին, որտեղ կյանքը, ի գիտություն ձեզ, պակաս չի եռում, քան տոնավաճառներում, կուսակցություններում, ԱԺ-ում կամ, ասենք, Գրողների միությունում, բայց, ի տարբերություն վերոնշյալների, բուքմեյքերական կյանքի եռքն ու թոհուբոհը բացառապես էդ սպեցիֆիկ կյանքի ու աշխարհի բնակիչներին է տեսանելի, եւ քանի որ ինքս էդ աշխարհի լիարժեք բնակիչն եմ ու էդ աշխարհի կյանքով եմ էս քանի տարի ապրում, կարող եմ համեմատելով ասել, որ էս սպեցիֆիկ աշխարհն ու իր բնակիչներն ավելի քիչ են աղանդի ու աղանդավորների նման, քան, ասենք, Գրողների մեր միությունն ու մեր էդ միության անդամները, եւ երբ գրողներն ինձ հարցնում են՝ առավոտից իրիկուն էդ բույքմեյքերականներում ինչո՞վ ենք զբաղվում, ես հարցնողներին հասկանալի ու սպառիչ բացատրում եմ էնտեղի մեր անելիքը, բայց երբ բուքմեյքերականների իմ խաղընկերներն են ինձ հարցնում, թե՝ ինչ է կատարվում ու տեղի ունենում Գրողների միությունում, ես պապանձվում ու չեմ կարողանում որեւէ պատասխան գտնել, բայց էս ասածս ամենեւին չի նշանակում, թե ես չեմ փափագում ոտքս բուքմեյքերականներից վերջնականապես կտրել՝ ինչպես որ Գրողների միությունից եմ վերջնականապես կտրել. ավելին. արդեն երեք ու չորս տարի է՝ օրուգիշեր էդ փափագով եմ ապրում, տոչորվում ու տոգորվում, բայց առայժմ որեւէ արդյունքի չեմ հասել եւ առաջիկայում էլ առանձնապես մեծ հույսեր չունեմ՝ թե կհասնեմ, ու երեւի պետք էլ չի՝ որ հասնեմ, որովհետեւ եթե Գրողների միությունից ոտքս կտրելով՝ հաջողությամբ շարունակում եմ միանգամայն ինքնաբուխ ու անկաշկանդ ստեղծագործել, բուքմեյքերականներից ոտքս կտրելով՝ ինքզինքս կտրականապես կզրկեմ էդ անմեղ, անշառ ու բազմաբովանդակ խաղերից, եւ եթե Գրողների միությունից ոտքս կտրելով՝ գրականությանն ավելի ու ավելի եմ մոտենում, բուքմեյքերականներից ոտքս կտրելով՝ ոչ միայն էդ անշառ ու բազմաբովանդակ խաղերից կկտրվեմ, այլեւ՝ հենց բուն գրականությունից, որովհետեւ, եթե նկատել եք, էս վեպիս անծայրածիր տարածքը որոշակիորեն նաեւ էդ անշառ ու բազմաբովանդակ խաղերն են լցնում, եւ էս խաղերն աղանդ ու աղանդավորություն համարելով՝ պիտի նաեւ խոստովանեմ, որ մեր էս աղանդն անհամեմատ անվտանգ աղանդ է՝ մեր Գրողների միության ու մեր կուսակցությունների համեմատ, ու անվտանգ ասելով՝ նկատի ունեմ, որ մեր էս աղանդը որեւէ մեկին որեւէ տեղ չի ուղղորդում ու առաջնորդում, եւ, ի տարբերություն մեր գրողների ու մեր կուսակցականների, մեր էս աղանդի ներկայացուցիչները ոչ ազգի փրկությունից են խոսում եւ ոչ էլ նույնիսկ՝ հայրենասիրությունից, եւ հատկապես ազատությունից ու ժողովրդավարությունից չեն խոսում, որովհետեւ օրուգիշեր ազատության ու ժողովրդավարության մեջ են եւ չեն էլ ուզում իրենց ազատությունն ու ժողովրդավարությունը որեւէ մեկին պարտադրել, որովհետեւ շուրջօրյա էս ազատությունն ու ժողովրդավարությունն ահավոր վտանգներով է լեփլեցուն, ու էս ազատությունից օրուգիշեր օգտվողներս էս ազատությունը հատկապես մեր զավակներին ու հարազատներին չենք կամենում, որովհետեւ մեր էս գերժամանակակից աղանդի ընձեռած ողջ ազատությունը վտանգավոր եւ նույնիսկ մահացու է էս սպեցիֆիկ ազատությունը լիուլի ու անմնացորդ ճաշակողների համար, բայց, ի տարբերություն այլ աղանդների եւ հատկապես մեր Գրողների միության ու մեր կուսակցությունների, խաղամոլների մեր էս աղանդը կողմնակիների ու մանավանդ հասարակության համար որեւէ վտանգ չի ներկայացնում եւ եթե նույնիսկ ներկայացնում էլ է՝ միայն ու ընդամենը մեր էս աղանդի աղանդավորների ընտանիքների անդամների ու մերձավորների համար, ու էս ասածս հավասարապես վերաբերում է բուքմեյքերական ու սովորական խաղամոլների աղանդին, եւ քանի որ էս երկուսին էլ տարբեր ժամանակներում անդամակցել եմ, կարող եմ ձեզ հավաստիացնել, որ խաղամոլների ու խաղացողների մեր էդ աղանդը, ի տարբերություն այլ աղանդների ու կուսակցությունների, միակն է, որ իր անդամների հոգիների մեջ ատելություն ու թշնամություն չի ներարկում այլ աղանդների դեմ, ու մերոնց էդ հանդուրժողականությունը նկատելի ու տեսանելի է հատկապես ընտանեկան ծիսակատարությունների ու առանձնապես սգո արարողությունների ժամանակ. եթե անկուսակցական եք ու երբեւէ որեւէ կուսակցականի թաղմանը կամ հոգեհանգստին ներկա եք գտնվել, անպայման նկատած ու զգացած կլինեք ձեզ վրա սեւեռված կուսակցական հայացքները, որոնց մեջ միանգամայն ընթեռնելի գրված է՝ «էս չուժո՞յն ինչ գործ ունի ըստեղ», ու էնպիսի արհամարհանքով են քեզ նայում, որ արդեն փոշմանում ես դույն պանիխիդային կամ թաղմանը ներկա գտնվելուդ համար, բայց ներկա չգտնվելն էլ տարբերակ չի, որովհետեւ էդ դեպքում էլ օրերից մի օր քեզ անպայման կհարցնեն՝ «էն խեղճի թաղմանը խի՞ չէիր էկել». մի խոսքով, երկու դեպքում էլ մեղավոր ես ու երկու դեպքում էլ անհարմար վիճակի մեջ ես, ու նախապատվելի տարբերակը հանգուցյալի դաշնակցական լինելն է, եւ էս դեպքում ներկաների կուսակցական հայացքները քեզ որեւէ բան չեն ասում, որովհետեւ էդ հայացքները ոչ թե քեզ են նայում, այլ՝ ապագային, եւ այն՝ ինչը պիտի հայացքներն ասեին, վերամբարձ ու հստակ ասում է դաշնակցական մեռյալի վրա փռված կարմիր դրոշը, որի վրա մշտապես գրված է՝ «Ազատութիւն կամ մահ», եւ առանց երկար մտածելու՝ անմիջապես հասկանում ես, որ հանգուցյալն, ի տարբերություն քեզ, իր վերջնական ու վճռական ընտրությունը կատարելով՝ նախապես է մահն ընտրած եղել, եւ քեզ ավելի անհարմար ես զգում Գրողների միության որեւէ անդամի թաղման արարողությանը մասնակցելիս, եւ քանի որ մեր Գրողների միությունը դրոշ չունի, ամեն ինչ անդամների հայացքների մեջ է գրված, ու էդ գրվածներն առանձնապես ու հատկապես ինձ են ուղղված լինում, ու հատկապես ինձ ուղղված էդ հայացքների մեջ հիմնականում հետեւյալն է գրված լինում՝ «խեղճի գրքի պրեզենտացիային չէիր էկել, բայց թաղմանը վազելով էկել ես». այսինքն, ոնց էլ անես՝ վատամարդ ես, եւ վատամարդ լինելուդ հիմնական պատճառը կուսակցական չլինելդ է, ինչպես նաեւ՝ Գրողների միության իսկական ու արժանավոր անդամ չլինելդ, իսկ ավելի պարզ ասած՝ իսկական ու արժանավոր աղանդավոր չլինելդ, իսկ ավելի ճշգրիտ՝ իսկական ու երեւելի աղանդի անդամ չլինելդ, եւ քանի որ խաղացողների ու խաղամոլների մեր աղանդը որեւէ ցուցակում եւ նույնիսկ պետռեգիստրում գրանցված ու նշված չկա, էդ աղանդի անդամներս, ուզենք թե չուզենք, մեզ համեստ ու անհավակնոտ պիտի պահենք, ու էդպես էլ պահում ենք, եւ երբ մեր էս չգրանցված աղանդի անդամներից մեկնումեկը վաղաժամ կամ ճիշտ ժամանակին հրաժեշտ է տալիս երկրային կյանքին, մենք մեր էդ կորուստը հնարավորինս անաղմուկ ենք սգում, ու բացառվում է, որ թարս կամ մուննաթով նայենք մեր խաղընկերոջը վերջին հրաժեշտը տալու եկած կողմնակի որեւէ մեկին. ավելին. մենք ինքներս ենք փորձում ներկաների հայացքներից ճողոպրել ու հնարավորինս աննկատ մնալ, որովհետեւ ներքուստ լավ էլ հասկանում ու գիտակցում ենք, որ՝ եթե մեր էդ շարունակական խաղերը չլինեին, հանգուցյալը կարող էր համեմատաբար երկար դիմանալ էն ամենին՝ ինչը պայմանականորեն անվանում ենք կյանք. այսինքն, մեր էս յուրահատուկ աղանդի անդամներիս մեջ մեր կոլեգաների հանդեպ պատասխանատվության զգացումն անհամեմատ է առկա, քան՝ կուսակցականների ու քաղաքականների պարագայում, ու առ էսօր չեմ հանդիպել որեւէ կուսակցականի, որն իր կուսակցի մահվան ու վախճանի պատճառների գոնե մի չնչին մասն իր մեջ փնտրի ու գտնի, եւ առ էսօր չեմ հանդիպել որեւէ կուսակցականի, որն իր կուսակցի մահվան բոլոր պատճառներն իր քաղաքական հակառակորդների խոսքերի ու գործողությունների հետ չհամահյուսի, մինչդեռ մեր էս ինքնատիպ աղանդի ներկայացուցիչներս ոչ միայն մեր կոլեգաների մահվան պատճառներն ենք մեր մեջ փնտրում, այլեւ մեր կոլեգաների շաքարի ու արյան ճնշման բարձրացումների պատճառն էլ ենք ինքներս մեզ համարում՝ առանց մտածելու ու առանց հասկանալու, որ էդ հիվանդությունները ոչ միայն խաղացողներին են սպառնում, այլեւ՝ չխաղացողներին,  եւ առաջին հերթին՝ կուսակցական ու քաղաքական գործիչներին, որովհետեւ ցանկացած քաղաքական պայքար շատ ավելի անզիջում ու լարված է, քան ցանկացած սեղանի խաղ՝ թեկուզեւ էն պատճառով, որ քաղաքական պայքարի մեջ քաղաքական ու կուսակցական գործիչներն անհամեմատ մեծ գումարներ են շահում կամ տանուլ տալիս, ու երեւի դա է պատճառը, որ իրենց զինակցին կորցնելով՝ նույնիսկ իրենց էդ կորուստն են փորձում ընդհանուր հաղթանակին ծառայեցնել, մինչդեռ խաղացողների մեր ինքնատիպ աղանդի ներկայացուցիչներս, ի տարբերություն քաղաքականների ու կուսակցականների, անհամեմատ լուռ ենք սգում մեր խաղընկերների մահերը՝ ամեն հեռացողի հեռացման մեջ անձամբ մե՛ր հեռացումը տեսնելով ու պատկերացնելով, ինչպես նաեւ՝ մեր ընդհանուր գործի անհեթեթությունն ու անցողիկությունը գիտակցելով, մինչդեռ քաղաքականներն ու կուսակցականներն իրենց զինակցին անդրաշխարհ ճամփելով՝ ավելի վճռականորեն են ի գործ ու ի զեն մղվում, որովհետեւ, ի տարբերություն մեր ինքնատիպ աղանդի կոտրվող ու փխրուն ներկայացուցիչների, քաղաքականները մշտապես անկոտրում են, քանի որ մշտապես գիտակցում ու հասկանում են, որ մարդիկ ու մանավանդ անկուսակցականներն անցողիկ են, իսկ կուսակցականներն ու կուսակցական գործը՝ անմահ, եւ չնայած իրենց ու իրենց զինակիցների անմահությանն էլ են հակված հավատալ, այդուհանդերձ, տարվա մեջ մի անգամ չեն զլանում գերեզմանոցներ այցելել՝ իրենց անցած ու գնացած զինակիցների հիշատակներն ի պետս վառ պահելով ու շողշողացնելով եւ գերեզմանների մոտ հանդիսավորապես խոստանալով ու հայտարարելով, որ մահացած կուսակիցների գործը սրբությամբ են շարունակելու, մինչդեռ խաղամոլների մահանալուց հետո նրանց տեղը դատարկ է մնում եւ նրանց գործը շարունակող ու կրկնող չի լինում, որովհետեւ ցանկացած խաղամոլ անկրկնելի մի աշխարհ ու անկրկնելի մի երեւույթ է՝ իր դեմքի եւ իր հոգու անկրկնելի արտահայտություններով ու ելեւէջներով, եւ եթե որեւէ անցած ու հեռացած խաղամոլից էս երկրի վրա որեւէ բան մնում է՝ խաղաչիպերն են, ու էդ չիպերն էլ ընդամենը մարմնավորում են հիշատակն է՛ն անցածների ու գնացածների, որոնք ոչ թե պարզապես խաղամոլներ են եղել, այլ էս երկրի վրա ստեղծել ու ապահովել են է՛ն դաշտն ու ասպարեզը, որտեղ էդ անմեղ ու անշառ խաղերն են խաղացվել ու անցկացվել, եւ դրանցից ամենամեծն, իհարկե, Լեւ Նիկոլաեւիչն էր, եւ մյուսը՝ ում մի քանի անգամ մոտիկից տեսել եմ, Գորիկն էր, եւ Սարոյանն էլ կարող էր լինել, բայց չեղավ՝ նախ եւ առաջ էն պատճառով, որ չհաջողացրեց ամուր ու անսասան ընտանիք ստեղծել եւ ունենալ, այլապես Լեւ Նիկոլաեւիչի պես ինքն էլ ոչ թե Լաս Վեգասում ու առավել օտար վայրերում իր կյանքի էդ անմեղ ու անշառ ժամերը կապրեր, այլ միայն ու միայն՝ իր սեփական ու հարազատ օջախում, որովհետեւ Տոլստոյի պես ինքն էլ ավելի խաղասեր էր, քան՝ խաղամոլ, բայց, ի տարբերություն Տոլստոյի, Սարոյանը չկարողացավ իր խաղասիրությանը մարմին տալ ու տեր կանգնել, որովհետեւ նախ չկարողացավ համապատասխան մարմին տալ էն երեւույթին, որը պայմանականորեն ընտանիք ենք անվանում, իսկ հայերն ու մանավանդ Ֆրեզնոյի հայերը՝ օջախ, բայց Սարոյանի էդ անհաջողությունը զուտ ժամանակավոր բնույթ էր կրում, որովհետեւ, ինչպես պարզվեց, մյուսներիս պես Սարոյանն էլ էր մահկանացու ու անցավոր, եւ հակված չեմ Սարոյանի էդ ժամանակավոր անհաջողությունը իր հրեա կողակցի վրա բարդել ու նրա ժամանակավոր կողակցով պայմանավորել, որովհետեւ էն մարդկանցից չեմ, որոնք սեփական անհաջողությունները միայն ու բացառապես ուրիշներով են պայմանավորում:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել