Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՑԱԽԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԳՈՒՅՆԵՐԸ

Հոկտեմբեր 23,2010 00:00

\"\"Նկարչական փառատոն՝ Արցախում

«Արցախի աշնանային գույները» խորագրով նկարչական փառատոն անցկացվեց Արցախի Մարտակերտի եւ Շահումյանի (Քարվաճառի) շրջաններում:
Փառատոնի մեկնարկը տրվեց Մարտակերտում՝ Սարսանգի ափին, Դրմբոն գյուղի հարեւանությամբ:
«Նկարչի համար այս միջավայրն անհատնում ստեղծագործական ներշնչանք եւ լիցքեր է պարունակում,- մեր զրույցի ժամանակ ասաց գեղանկարիչ Գագիկ Սարգսյանը,- եւ մենք եկել ենք ոչ միայն օգտվելու դրանից հենց այստեղ, այլ նոր ստեղծագործական մտահղացումներ տանելու մեզ հետ»:
Փառատոնի օրերին նկարչական արահետները տարբեր էին՝ Մարտակերտի եւ Շահումյանի (Քարվաճառի) գյուղերը, բնության գողտրիկ անկյունները, պատմաճարտարապետական հուշարձանները (Դադիվանք, Գանձասար):
«Արցախի հանրահայտ եւ քիչ հայտնի պատմաճարտարապետական հուշարձանները մեզ նորովի ներկայացան,-մեր զրույցը շարունակում է Հովիկ Մեծ-Գեւորգյանը,- Նոր Վերիշեն գյուղի մոտ մի եկեղեցի-մատուռ կա: Աննկարագրելի է այդ հուշարձանի եւ հավատի տաճարի գեղեցկությունը: Ես փորձել եմ այդ եկեղեցու համար եւս աշնանային գույներ գտնել»:
Ինչ խոսք, որ նկարիչներին ավելի շատ ձգում էր բնությունը, մանավանդ՝ Քարվաճառում, քանի որ շատ բան իրենց համար նոր էր ու գրավիչ:
«Երբեմն այն տպավորությունն էի ստանում, որ հենց ինքը՝ բնությունն է վրձնել այդ ամենը,- ասում է նկարչական փառատոնի մեկ այլ մասնակից՝ Սրապիոն Դանիելյանը,- բայց սթափվելով այդ ամենից՝ փորձում էի ստանալ անդնդախոր ձորերի, Թարթառի հովտի, Սարսանգի ափամերձ շրջանի գեղանկարչական, կասեի՝ ինչ-որ տեղ խոհափիլիսոփայական անդրադարձները»:
Ստեղծագործական որոնումները եւ պրպտումները անընդհատ են, աչքերիդ առջեւ ծնունդ են առնում նոր կտավներ՝ արցախյան աշնան ինքնատիպ գույներով:
Հենց այստեղ էլ՝ Քարվաճառում հանդիպում ենք կազմակերպիչներից մեկին՝ «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանին. «Մեր երկրի տարբեր տարածաշրջանները՝ իրենց բնությամբ, միջավայրով, մարդկանցով, արվեստագետներին մոտեցնելու ձեւ է նման նկարչական փառատոնը, որի արդյունքը որպես կանոն լինում է երեւանյան ցուցահանդեսը: Մենք այս առումով արդեն որոշակի փորձառություն ունենք, ի դեմս «Լոռվա ձորում» փառատոների եւ նույն խորագիրը կրող ցուցահանդեսների: Այս նկարչական փառատոնը մենք ձեռնարկեցինք «Փյունիկ» հիմնադրամի հետ համատեղ՝ «Բեյզ Մետալզ» ընկերության աջակցությամբ»:
«Արցախի աշնանային գույները» խորագրով ցուցահանդեսը, Երեւանից բացի, կհյուրընկալվի Ստեփանակերտում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031