Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաները չեն դադարում սիրել հեքիաթը

Հոկտեմբեր 23,2010 00:00

Կամ տիկնիկների հանդիսատեսը երբեք չի փոխվում

Հայաստանում առաջին տիկնիկային թատրոնը հիմնադրվել է Գյումրիում: Այն իր տեսակի մեջ առաջինն էր Կովկասում: Այս տարի Գյումրիի տիկնիկային թատրոնը փոքրիկ, խոնավ, բայց ժամանակի գրավչությունը պահպանած շենքում նշում է հիմնադրման 75-ամյակը:
Այսօր տիկնիկային արվեստը Հայաստանում կենտրոնացած է մայրաքաղաքում: Երեւանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը տարեկան ունենում է շուրջ 35 ներկայացում՝ ե՛ւ մեծերի, ե՛ւ փոքրերի համար, ընդ որում՝ դրանցից մի քանիսը, բացի հայերենից, կարելի է լսել նաեւ ռուսերեն, արաբերերեն եւ անգլերեն: Ինչպես իր խոսքում նշեց թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը, իրենց արվեստի հիմքը տիկնիկներն են եւ անհրաժեշտ է, որ պրոֆեսիոնալ թատրոնը ունենա տիկնիկների պատրաստման իր ուրույն դպրոցը: «Ամեն տիկնիկ իր յուրահատկությունն ունի, պահանջում է իր վերաբերմունքն ու իր անհատական սերը: Մասնակցելով տիկնիկի պատրաստմանը, դու արդեն պատրաստում ես քո կերպարը, որին առաջինը ինքդ պիտի սիրես»,- ասում է նույն թատրոնի դերասան Կարեն Խաչատրյանը: Տիկնիկը թատրոնի արհեստանոցում անցնում է մի քանի փուլերով՝ մինչեւ ներկայացմանը պատրաստ լինելը: Նախ էսքիզավորվում է նկարչի կողմից, այնուհետեւ քանդակագործը կերտում է նրա մարմնի առանձին մասեր, այդ ընթացքում պատրաստվում է տիկնիկի մեխանիկական մասը, որը պետք է օգնի դերասանին՝ կենդանացնել իր հերոսին: Արդեն կիսով չափ պատրաստ տիկնիկը այս ամենից հետո անցնում է տիկնիկագործների եւ դերձակների մոտ՝ վերջնականորեն «զուգվելու»: Մեկ հերոսը արհեստանոցում մնում է ամենաքիչը մեկ ամիս, մինչեւ ներկայացմանը պատրաստ լինելը: Ոչ մի տիկնիկ չի օգտագործվում մեկից ավելի ներկայացումներում, որովհետեւ նրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատուկ բնավորությունը: Ինչպես մեզ պատմեց պարոն Բաբայանը, Տիկնիկային թատրոնում այսօր կան 350 «ակտիվ» տիկնիկներ, մնացածը պահվում են թատրոնի թանգարանում: «Այսօր մենք չունենք դպրոց, որտեղ երիտասարդները կարող են սովորել տիկնիկային արվեստի գաղտնիքները: Մեր թատրոնում հիմա գործում է մանկական ստուդիա, որտեղ երեխաները նաեւ սովորում են տիկնիկագործություն»: Թատրոնի արհեստանոցում ամենաերիտասարդ տիկնիկագործը 35 տարեկան է:
Իսկ հանդիսատեսի հաճախումներից Երեւանում այնքան էլ չեն դժգոհում՝ ի տարբերություն Գյումրիի: Ինչպես մեզ հետ զրույցում պատմեց Գյումրիի տիկնիկային թատրոնի տնօրեն Լեւոն Բաղդասարյանը, ներկայացումներ են լինում, որոնք խաղում են չափազանց քիչ հանդիսատեսով: Հարկ է նշել, որ Երեւանում տիկնիկային ներկայացման տոմսն արժե 600-1000 դրամ, իսկ Գյումրիում՝ ընդամենը 200-300 դրամ: Պարոն Բաղդասարյանը իրենց հիմնական խնդիրը համարում է պետական հոգածության պակասը:
Մեծերի խնդիրներից հեռու ու անկախ ամեն ինչից, պետք է նշել, որ տարիների ընթացքում տիկնիկների հանդիսատեսը չի փոխվում… երեխաները չեն դադարում սիրել հեքիաթը. սա տիկնիկային ոլորտում աշխատող յուրաքանչյուր մարդու կարծիքն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031