Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՊԱԿԱՍԵԼ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոկտեմբեր 23,2010 00:00

\"\"Ըստ դիզայների՝ հիմնական պատճառը սեփական բուտիկներ չունենալն է

«Աշուն-ձմեռ 2011»-ին նորաձեւ են մորթու հավելումներով հագուստները: Մորթին բնական կլինի, թե արհեստական՝ այդքան էլ կարեւոր չէ: Հատկապես այս սեզոնին նորաձեւ են մորթե անթեւ բաճկոնները, պայուսակները: Ընդհանրապես այս տարի դիզայներները շատ «տաք» են նախապատրաստվել աշուն-ձմեռ սեզոնին»,- «Առավոտի» հետ զրուցում ասաց դիզայներ, www.fashionblog.am կայքի համահիմնադիր եւ «Fashion Code» հաղորդման վարող Ֆաինա Հարությունյանը:
Ինչ վերաբերում է գույներին, դիզայներն ասաց. «Այս տարի արդիական են շագանակագույնի երագները՝ բաց կաթնագույն, «բեժ» գույները: Իսկ առաջնայինը շագանակագույնն է: Սեւն էլ է ակտուալ, ինչպես բոլոր սեզոններին, բայց քանի որ մորթին ենթադրում է սպիտակ, մարմնագույն, շագանակագույն երանգներ, ապա սեւին չարժե այդքան մեծ տեղ տալ»:
Նույն գամաների մեջ չէ շպարը. դիզայները դիմահարդարներին խորհուրդ է տալիս օգտագործել կարմիրը, մանուշակագույնը,  մուգ ու փայլուն շրթներկերը:
Հարցին՝ կարողանո՞ւմ են հայերը շարժվել համաշխարհային նորաձեւության թելադրանքներով, Ֆ. Հարությունյանը պատասխանեց. «Մեզ մոտ ամեն ինչ գլխիվայր  է: Չգիտեմ՝ ով է թելադրում հայկական նորաձեւությունը, բայց մենք քայլում ենք համաշխարհային նորաձեւությանը հակառակ: Մեզ մոտ ոչ մի բան կապ չունի նորաձեւության հետ: Խանութներում ինչ կա, ինչ լցնում են՝ դա է համարվում նորաձեւ»:
Դիզայները նաեւ նշեց, որ Հայաստանում աշխատելու մի քանի տարիների ընթացքում նկատել է, որ երիտասարդների նոր սերունդը արդեն հասկանում է՝ ինչ հագնել, ինչ կրել, նորաձե՞ւ է դա, թե՞ ոչ. «Մի քանի տարի առաջ պահպանվում էր հայկական այն սովորությունը, երբ բոլորը միանման էին հագնվում, բայց հիմա երիտասարդության մի շերտ կա, որոնց տարբեր ոճերում կարող ես տեսնել: Ես «Fashion code» հաղորդման շրջանակներում հնարավորություն ունեցա շփվել այդ երիտասարդության հետ: Նրանք չեն զլանում խորհուրդներ հարցնել, մինչեւ անգամ odnoklassniki-ով են գրում՝ այսօր այսպես որ հագնեմ՝ կսազի՞…»:
Դիզայներից հետաքրքրվեցինք նաեւ վերջին շրջանում Հայաստանում նորաձեւության ցուցադրությունների պակասի մասին: Ըստ նրա, պատճառը ցուցադրությունից հետո հագուստի նմուշների ճակատագրերի անորոշ վիճակն է, եւ ինչը ստիպում  է ավելորդ ժամանակ եւ գումար չվատնել ցուցադրությունների վրա: «Վերջին անգամ Երեւանում չգիտեմ թե երբ է կայացել հագուստի ցուցադրություն, ինքս չեմ մասնակցել ոչ մի հայաստանյան ցուցադրության: Թեեւ նախատեսում էի այս աշնանը, բայց ինչ-ինչ պատճառներով չկայացավ: Խնդիրն այն է, որ հայ դիզայներներից ոչ բոլորը բուտիկ ունեն եւ իրենց ցուցադրությունից հետո այդ հագուստները «բախտի քմահաճույքին են թողնվում»: Աշխարհում ընդունված է՝ ցուցադրությունից հետո դրանք հանել վաճառքի, իսկ վաճառքի համար պետք է տեղ ունենալ, ինչը մենք չունենք: Հուսամ՝ ժամանակի ընթացքում այդ խնդիրն էլ կլուծվի: Օրինակ, մոտ օրերս մեկնելու եմ Վրաստան՝ մասնակցելու վրացական նորաձեւության շաբաթին: Այ այնտեղ բոլոր դիզայներներն ունեն իրենց բուտիկը, եւ յուրաքանչյուր ցուցադրությունից հետո մեծ վաճառք է սկսվում»,-ասաց դիզայները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել