Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամերիկյան աջաբսանդալ», պլյուս՝ մի քիչ ռեփ

Հոկտեմբեր 23,2010 00:00

\"\"Լիլի Էլբակյանի նոր բեմադրությունը՝ ըստ Աղասի Այվազյանի

Աղասի Այվազյանի անվան առաջին հանրապետական «Այվազյանական» թատերական փառատոնի շրջանակներում օրերս հանդիսատեսի դատին հանձնվեց հերթական պրեմիերան՝ Ա. Այվազյանի՝ «Ամերիկյան աջաբսանդալ» ստեղծագործության համանուն բեմականացումը՝ Էդգար Էլբակյանի անվան դրամայի եւ կոմեդիայի թատրոնում: Ներկայացումը բեմադրել է «Էդգար Էլբակյան» թատրոնի գեղարվեստական ղեկավար Լիլի Էլբակյանը:
«Առավոտի» հետ զրույցում Լիլին ասաց. «Այս վեպը ես կարդացել էի 10-րդ դասարանում ու երազում էի բեմադրել: Հայրս՝ Արմեն Էլբակյանը, իր պարտքն էր համարում անպայման մասնակցել Աղասի Այվազյանի անվան փառատոնին: Առաջարկեցի իմ սիրած գործը բեմադրել, ինքն էլ խաղա: Նա ծիծաղեց եւ մերժեց: Հետո երկար ժամանակ նա այլ գործ էր փնտրում: Մեկ ամիս առաջ, սակայն, ինձ ասաց, թե համաձայն է, որ ես բեմադրեմ, ինքը՝ խաղա»:
Ներկայացումը անտուն մարդու՝ Նիկոլի մասին է, ով բախտի քմահաճույքով հայտնվում է Ամերիկայում: Հայաստանում անտարբերության մատնված մարդը որոշում է իր երջանկությունը գտնել Ամերիկայում, երբ հրավեր է ստանում մասնակցել անտունների համաշխարհային կոնգրեսին: Նիկոլը Ամերիկայում գտնում է իր սերը, ծանոթանում բազմաթիվ տարբեր ազգերի անտունների հետ: Երկար փնտրտուքներից հետո հասկանում է, որ ամենալավ տեղը Հայաստանն է, հայ լինելը, քանի որ հայը 4000 տարեկան է, ու այդ ընթացքում հասցրել է իմաստնանալ: Տարբեր պատմությունների մեջ ընկնելով, Նիկոլը հասկանում է, որ որքան էլ Հայաստանում անտուն է, միեւնույն է՝ ավելի ազատ է:
«Պիեսում տարբեր գաղափարներ են արծածվում՝ ազատության հարցը, անտարբերության մատնված լինելը, սիրելու իրավունքը, որ կապ չունի տնանկ լինելու հետ: Միշտ ուզում էի անտուն մարդկանց մասին ներկայացում անել: Աղասի Այվազյանի «Ամերիկյան աջաբսանդալն» էլ հենց այդպիսի գործ էր: Սյուժեից փորձել եմ չշեղվել, հույն անտուն կնոջ՝ Ագապիի կերպարն եմ մի քիչ զարգացրել: Ներկայացումը բեմադրված է պատմողական ոճով, այսինքն՝ դերասանը գործողություններին զուգահեռ պատմում է վեպը»,- ասաց ռեժիսորը:
Գլխավոր դերերում խաղում են Արմեն Էլբակյանը (Նիկոլ), Աննա Էլբակյանը (Ագապի), Հմայակ Ադիյանը՝ ռեփեր Համոն (թուրք Սինան) եւ այլք:
Ներկայացումը առանձնանում էր երաժշտական ձեւավորմամբ՝ դասականից մինչեւ ռեփ համադրված է: «Իմ մտահղացմամբ թուրք Սինանի դերակատարը պետք է ռեփ կարդար, առաջարկեցի Համոյին ռեփերի մարմնավորի, հետո մտածեցի՝ կարելի է հենց իրեն էլ տալ այդ դերը»,- պատմում է Լ. Էլբակյանը:
Գլխավոր դերակատար Արմեն Էլբակյանն ասաց, որ իր համար պատիվ է Այվազյանի՝ իր ավագ ընկերոջ գործերը բեմադրել. «Նրա գրականությունը միշտ արդիական է: Ուրախ եմ, որ այս փառատոնը կա, եւ հնարավորություն է տալիս երիտասարդությանը այսկերպ ծանոթանալ Այվազյանի գործերին: Շատ վաղուց ուզում էի բեմադրել Աղասի Այվազյանի «Այգի առանց լացի» պիեսը: Մի շրջան պիեսի աշխատանքները սկսեցինք Սունդուկյանի անվան թատրոնում, բայց որոշակի խնդիրներ եղան ու հետաձգվեց… Այվազյանի կենդանության օրոք բեմադրել եմ «Կրեսոսի թագավորությունը»՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում: Այվազյան գրողը եւ թատերական մտածողը շատ կարեւոր տեղ կարող է ունենալ երիտասարդության կյանքում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել