Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱՌԱՏՈՆ՝ «ՆԵՐԿԱՅԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ»

Հոկտեմբեր 23,2010 00:00

\"\" Կամ՝ ի՞նչ է կորցրել հայ դրամատուրգիան եւ ի՞նչն է փորձում վերականգնել

Երեւանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում Ազգային թատերական ստեղծագործական միավորման (ԱԹՍՄ) նախաձեռնությամբ եւ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի, մշակույթի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 25-31-ը կանցկացվի «Ներկայի վերականգնումը» արդի դրամատուրգիայի առաջին միջազգային փառատոնը:
«Առավոտը» հյուրընկալեց թատերագետ, ԱԹՍՄ եւ փառատոնի նախագահ Արա Խզմալյանին: Նախագահը տեղեկացրեց, որ փառատոնին կմասնակցեն 12 երկրից առաջատար դրամատուրգներ, բեմադրիչներ եւ պրոդյուսերներ, տեղի կունենան սեմինարներ, վարպետության դասեր, հանդիպումներ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի եւ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողների հետ:
Կազմակերպիչների խնդիրներից է հնարավորինս լիարժեք օգտագործել մեր օրերի թատերական իրականության հեղինակավոր դեմքերի ներկայությունը մեր երկրում: Հագեցած կլինի նաեւ փառատոնի մշակութային ծրագիրը: Մեր զրուցակցի խոսքերով՝ «սա հիանալի առիթ է հյուրերին ներկայացնելու Հայաստանի պատմամշակութային արժեքները»: Խզմալյանն այն կարծիքին է, որ նման նախաձեռնությունները պետք է չսահմանափակվեն հիմնարար խնդիրների շրջանակում, նպաստեն նաեւ մշակութային քաղաքականության լիարժեք իրականացմանը: Հրատարակվել է փառատոնի ժողովածուն, որը, պիեսներից բացի, հնարավորություն կտա ծանոթանալ մասնակից հեղինակների ստեղծագործական ուղուն եւ թատերագիտական մտքին:
Ելնելով փառատոնի անվանումից՝ «Ներկայի վերականգնումը», հարցրինք՝ ի՞նչ է կորցրել հայ դրամատուրգիան եւ ի՞նչն են փորձում վերականգնել: «Մեր ժամանակները առատ նյութ են դրամատուրգների համար: Ամեն քայլափոխի հանդիպում ենք դրամատիկ իրավիճակների: Բայց կարծես դրամատուրգները չեն նկատում ներկայի ահռելի խնդիրները ու տարվում հիմնականում անցյալի թեմաներով, հաճախ էլ ընկնում են ապագայի գիրկը: Բացի այդ, զանգվածային լրատվամիջոցները, որպես կանոն, հիմնականում ներկայացնում են կյանքի մռայլ ու բացասական կողմերը, մինչդեռ կյանքը միայն դա՛ չէ… Անվիճելի է, որ ներկան ունի նաեւ լուսավոր կողմեր եւ «Ներկայի վերականգնումը» ենթադրում է դրանց իմաստավորումը եւս: Ասածիս լավագույն ճանապարհը կենդանի շփումն է, միմյանց ճանաչելու հնարավորությունը: Համոզված եմ, որ փառատոնը կնպաստի դրա իրականացմանը»,- ասաց Ա. Խզմալյանը:
Հետաքրքրվեցինք՝ ԱԹՍՄ-ն գոյության շուրջ 5 տարիների ընթացքում արդի դրամատուրգիական ի՞նչ ծրագրեր է իրականացրել: «2008թ., առաջին անգամ, դերասան-բեմադրիչ Նարինե Գրիգորյանի եւ Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի նախաձեռնությամբ, մեր միավորման աջակցությամբ կազմակերպվեցին դրամատուրգիական ընթերցումներ, որոնք հիմք հանդիսացան միջազգային այս փառատոնի մտահղացման: Դրանից բացի, ԱԹՍՄ-ի միջնորդությամբ 2009թ. մշակույթի նախարարությունը իրականացրեց «Երիտասարդ բեմադրիչների աջակցման ծրագիր», որի արդյունքում ընդունված 10 հայտերից մասնագիտական հանձնախումբը ընտրեց 3-ը: Դրանցից մեկի սցենարի հեղինակը «Միմ ստուդիոյի» ղեկավար, երիտասարդ դերասան եւ բեմադրիչ Արա Հարությունյանն է, որի «Միմոմանիա» ներկայացումը հանդիսատեսին կներկայացվի նոյեմբերին»,- ասաց Ա. Խզմալյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել