Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ «ՎԵՐՋԻՆ ՇԱՆՍԸ»

Հոկտեմբեր 23,2010 00:00

\"\"Ի՞նչ էին խոստանում՝ ինչ ստացվեց

Հայ ազգային կոնգրեսում 2011-ի բյուջեի նախագծի քննարկումների արդյունքում հանգել են այն տեսակետին, որ 2011 թվականի պետբյուջեի նախագիծը Տիգրան Սարգսյանի կառավարության եւ կոալիցիոն կուսակցությունների՝ խոստումների իրականացման վերջին շանսն է: Այս տեսանկյունից, «Առավոտի» հետ զրույցում ՀՀ առողջապահության նախկին նախարար, ՍԴՀԿ անդամ Արարատ Մկրտչյանը փորձեց համադրել կուսակցությունների եւ կոալիցիոն կառավարության, նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումների՝ առողջապահությանը վերաբերող բաժինը՝ 2011-ի բյուջեի նախագծի հետ: Ի հեճուկս ՀՀ իշխանավորների՝ կոռուպցիոն ռիսկերի եւ բյուջեի թափանցիկության մասին անընդհատ խոսակցությունների, Արարատ Մկրտչյանն «Առավոտի» միջոցով իրազեկում է, որ համաշխարհային պրակտիկայում բյուջեի թափանցիկության խնդիրներով զբաղվող կազմակերպություն գոյություն ունի: Այն կոչվում է «Բյուջետային գործընկերություն»: Կազմակերպությունը երկու տարին մեկ, աշխարհի տարբեր երկրներում ուսումնասիրում է, թե հանրության համար որքանո՞վ է թափանցիկ տվյալ երկրի բյուջեն: «Այդ կազմակերպության գնահատականը շատ նուրբ եւ լրջագույն ցուցիչ է, որը նաեւ ինչ-որ առումով արգելանք է հանդիսանում տվյալ պետության համար ու բավականին լուրջ պատնեշ է՝ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման առումով: Կազմակերպության վերջին զեկույցը հրապարակվել է 2009 թվականին, այնտեղ ընդգրկված են ԱՊՀ բոլոր երկրները, բացի Հայաստանից: Կազմակերպությո՞ւնը չի ցանկացել մեր հանրապետությունում ուսումնասիրություն կատարել, թե՞ մեր իշխանությունները չեն հրավիրում: Ամեն դեպքում, զարմանալի է»,- տարակուսեց պարոն Մկրտչյանը:
Թվեր
2011-ին բյուջեով առողջապահության համակարգին նախատեսված է տրամադրել 62 միլիարդ 498 միլիոն դրամ: 2010-ի բյուջեի նկատմամբ առողջապահությանը տրամադրվելիք գումարների աճը մոտ 14 տոկոս է, բայց այն նվազ է 2009-ին առողջապահությանը տրամադրված գումարներից մոտ 4 միլիարդով: Փաստորեն, 2009-ի բյուջեի մակարդակը չի ապահովվել, իսկ 2010-ի նկատմամբ 6-7 միլիոն դրամի աճը ենթադրվում է, որ «խժռելու» են սպասվելիք թանկացումները: Արարատ Մկրտչյանն արձանագրում է, որ համախառն ներքին արդյունքի առումով առողջապահությանը տրամադրված գումարների մասնաբաժինը վերջին տարիներին էական փոփոխությունների չի ենթարկվել: Այն տատանվում է ՀՆԱ-ի՝ 1,5-1,6 տոկոսի սահմաններում: Անկախությունից հետո ՀՆԱ-ի նկատմամբ առողջապահությանը տրամադրված գումարները մեկ անգամ կազմել են 1,8 տոկոս. դա հետպատերազմյան բյուջեն էր՝ 1995-ին: Այս առումով, նախկին նախարարը համարում է, որ առողջապահության ընդհանուր հատկացումները դեռեւս շարունակում են մնալ ցածր մակարդակի վրա: Ի դեպ, 2008-ին հաստատված կառավարության ծրագրում նշված է որպես գործունեության նպատակ՝ առողջապահության համակարգի «հատկացումները բյուջեից հասցնել ՀՆԱ-ի 2,2 տոկոսին»: Այս տարվանը, սակայն, նույնպես 1,6 տոկոսի սահմաններում է, ուստի մեր զրուցակիցը կարծում է, որ դրանից սկսած՝ կարող ենք որակել, որ կառավարությանը չհաջողվեց հասնել իր ծրագրավորած նպատակին:
Քանի որ բյուջեն աճել է 13 տոկոսով, ելնելով 2011-ի բյուջեի նախագծում առողջապահության ոլորտում իբրեւ գերակայություն նշված ճյուղերից, ըստ պարոն Մկրտչյանի, գոնե պետք է 13 տոկոսի չափով էլ գերակայություններին տրամադրված գումարների աճ լիներ, ասենք, առաջնային բուժօգնությանը, տարափոխիկ հիվանդությունների կանխարգելմանը եւ այլն, բայց դրանք չեն գերազանցում 8-9 տոկոսը: Հետեւաբար մտահոգություն է առաջանում. «Բյուջեի բացատրականում կարծես թե ամրագրում ենք կարեւորագույն ուղղությունները, սակայն դրանց թվային հատկացումները դեռ հեռու են ընդհանուր բյուջեի աճում որդեգրած 13 տոկոս ավելացումից»:
Զավեշտներ
2011-ին շտապօգնության ծառայություններում աճ է նախատեսված, համապատասխանաբար նաեւ ֆինանսական հատկացումներն են աճել: Միաժամանակ, նախատեսված է, որ շտապօգնության կանչերի թիվը եկող տարի ավելանալու է 16 հազարով: «Այն, որ բարձրացվել է մեկ կանչի արժեքը, տրամաբանական է եւ լավ, բայց չես կարողանում գտնել բացատրությունը՝ թե ինչո՞ւ կամ ինչպե՞ս է 16 հազար լրացուցիչ կանչ նախատեսվում: Մեր մասնագետներն աղետալի իրավիճա՞կ են կանխատեսում, թե ինչ՝ անհասկանալի է»,- ասում է նախկին նախարարը: Նա գտնում է, որ որպես ծրագիր, վերջապես պետք է նաեւ դադարեցնել արտասահման բուժման մեկնող հիվանդների ֆինանսավորումը. «Դա անհեթեթություն է, նոնսենս: Բոլորիս հայտնի է, որ օտարերկրյա քաղաքացիներին ցանկացած երկրում վճարովի ծառայություններ են մատուցում: Պետբյուջեից մենք քաղաքացու եւ նրան ուղեկցողի համար տոմս ենք ձեռք բերում, բայց այդ մարդը գնում է եւ կարողանում է տասնյակ հազար դոլարներ վճարել իր բուժման համար: Նախարարության մի պաշտոնյա ինձ դիտողություն արեց՝ 40 միլիոն դրամն ի՞նչ է, որ դրա մասին անընդհատ շեշտում եք: 40 միլիոնը շատ մեծ գումար է, բայց կարեւորն այստեղ գաղափարախոսությունն է. եթե մարդն ի վիճակի է տասնյակ հազար դոլարներ վճարել, թող բարի լինի ճանապարհածախսն էլ հոգալ»:
Այսքանով սահմանափակելով 2011-ի բյուջեի առողջապահության բնագավառի ընդհանուր նկարագիրը, ՀԱԿ առողջապահական հանձնաժողովի անդամն ի հեճուկս մինչ օրս այդ նախագծի մասին հնչած գովեստի խոսքերի՝ հայտարարում է. «Սա ոչ մի սոցիալական խնդիր չի լուծում: Այս բյուջեն չի կարող համարվել քայլ՝ առողջապահության բնագավառում սոցիալական ուղղվածության բյուջե ունենալու առումով: Դա ապացուցում են նշված ընդամենը մի քանի մոտեցումները եւ թվային հատկացումները: Առաջնահերթությունների առումով մոտեցումները դեկլարատիվ են, քանի որ համապատասխան թվային հատկացումներ չկան եւ բավականին ոչ կոռեկտ կամ զավեշտալի հատկացումներ կան»:
Կուսակցությունների
խոստումները

2007-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ առողջապահական ոլորտին վերաբերող կուսակցությունների ծրագրերից արդեն իսկ պարզ է դառնում, որ «Բարգավաճ Հայաստանը» ստանձնելու էր առողջապահության համակարգի կառավարման պարտավորությունները, քանի որ ամենածավալունը հենց ԲՀԿ-ի ծրագիրն է՝ 10 կետ: Մնացյալ կուսակցությունները սահմանափակվել են լավագույն դեպքում 10 տողով: Այսպիսով, ԲՀԿ-ն խոստացել է «Առողջապահության զարգացման ռազմավարական ծրագրի» մշակում եւ իրականացում: Ըստ Արարատ Մկրտչյանի, 2011-ի բյուջեն արդեն իսկ ցույց է տալիս, թե առողջապահությունը որքանո՞վ է ծրագրային եւ անմիջապես էլ աչքի է զարնվում, որ ռազմավարություն գոյություն չունի. դա 15 տարի անընդմեջ շարունակվող բյուջեի ներկայացման ձեւն է, եւ ոչ մի փոփոխություն: ԲՀԿ-ի որդեգրած «Առողջապահության զարգացման ռազմավարական ծրագրի» մշակման եւ իրականացման պարագայում մենք պետք է ունենայինք այլ բյուջե եւ այլ մոտեցումներ: Մինչդեռ, ծրագիրն էլ չկա ու չի էլ հրապարակվել: Իր նախընտրական ծրագրում ԲՀԿ-ն բարի եւ հետաքրքիր ցանկություն է ունեցել՝ «Ոլորտում ստվերային շրջանառության ծավալների եւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցում, բժշկական ապահովագրության համակարգի ներդրում»: 2011-ի բյուջեից պարզ է դառնում, սակայն, որ եկող տարի էլ մեր երկրում բժշկական ապահովագրությունը չի գործելու. այդ առիթով ամրագրումներ չկան: Ինչ վերաբերում է ստվերի եւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, նախկին նախարարը ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ 2011-ի բյուջեն կրկնում է իր նախորդների գաղափարախոսությունը եւ հիշեցնում է 2009 թվականին Վերահսկիչ պալատի կողմից ոլորտում կատարված ուսումնասիրությունների արդյունքները, որտեղ բյուջեի ծախսման լրջագույն չարաշահումներ հայտնաբերվեցին ու հրապարակվեցին եւ դրանից հետո անգամ բյուջեի գաղափարախոսությունը չվերանայվեց: Մինչդեռ իր նախընտրական ծրագրում ԲՀԿ-ն հավակնում էր հեղափոխության: «Կառավարելիության, կազմակերպման արդյունավետության եւ ֆինանսավորման կատարելագործման», «դեղերի մատչելիության եւ անվտանգության մակարդակի բարձրացման» (երկու անգամ ունեցել ենք դեղորայքային միջոցների կտրուկ թանկացումներ, ինչը սոցիալական լարվածությունն է մեծացրել- Ն. Գ.) եւ ԲՀԿ-ի այլ խոստումներն էլ մնացել են թղթի վրա: Այսպիսով, «Առավոտի» զրուցակիցն արձանագրում է. «ԲՀԿ-ի նախընտրական խոստումները ոչ միայն ավարտին չեն հասցվել, այլ գոնե մասամբ չեն իրականացվել»:
Իշխող «Հանրապետական» կուսակցությունը խոստացել էր մշակել եւ իրականացնել «հիվանդությունների կանխարգելման համալիր ծրագիր»: Ոչ անցյալ տարիների, ոչ էլ 2011-ի բյուջեում նման ծրագիր չկա եւ Արարատ Մկրտչյանը շատ կասկածում է, որ կիրականացվի գոյություն չունեցող այդ ծրագիրը: ՀՀԿ-ի ծրագրում, ըստ մասնագետների, մեկ այլ կարեւոր եւ ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման համար անհրաժեշտ կետ էլ կա. «Բուժական հաստատությունների միջեւ պետական պատվերի տեղաբաշխման եւ պետական պատվերի հատկացման կոնկրետ սկզբունքներ սահմանել»: Այն եւս մնաց անկատար:
«Օրինաց երկիրն» էլ «նորաձեւությունից» ետ չմնալու համար խոստացել էր ըստ հիվանդությունների ներդնել պարտադիր եւ կամավոր բժշկական ապահովագրություն, ընդունել առողջապահության ոլորտը կարգավորող օրենսգիրք: Բայց՝ միայն խոստացել էր:
Քանի որ ՀՅԴ-ն «գործի կեսից» ընդդիմություն դարձավ, մեր զրուցակիցը ՀՅԴ-ի խոստումներին հարկ չհամարեց անդրադառնալ:
Կոալիցիայի
խոստումները
Միավորվելով մեկ կառավարությունում եւ համադրելով կուսակցական ծրագրերը՝ կոալիցիոն կառավարությունը խոստացել էր լուծել մի կարեւոր խնդիր՝ տարեցտարի ավելացնել պետական ծախսային մասհանումները: Ծրագրում գրված է. «Պետական ծախսային մասհանումների ավելացումը լինելու է կառավարության օրակարգում եւ ծրագրվում է 2012 թվականին ապահովել ոլորտում պետական ծախսերի՝ ՀՆԱ-ի նկատմամբ առնվազն 2,2 տոկոս մակարդակ»: Կառավարությունը խոստացել էր նաեւ, որ Հայաստանը դարձնելու է տարածաշրջանային առողջապահական կենտրոն: Դա պետք է լիներ խառը ծրագրեր, ներդրողներ պետք է գտնվեին, բայց Արարատ Մկրտչյանն ի սկզբանե այդ ծրագիրը որակեց «մեռելածին», քանի որ Հայաստանի շրջափակման պայմաններում անիմաստ են նման հավակնությունները: Նրա կարծիքով, միայն քաղաքական խնդիրների լուծումից հետո կարելի կլինի անդրադառնալ այդ ծրագրին: Ի դեպ, այդ խոստումը ներառվել է նաեւ նախագահի ծրագրում: «2011-ի բյուջեից չի երեւում, որ այս խոստումներն իրականություն են դառնալու, քանի որ ոչ բացատրագրում է նման ցանկություններ արտացոլված, ոչ էլ, առավել եւս, ֆինանսական հատկացումներն են հուսադրում»,- համոզված է Արարատ Մկրտչյանը:
Նախագահի խոստումները
2008-ին այս կուսակցությունները համախմբվեցին նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի շուրջ: Թեկնածուի ծրագրում առողջապահական մասով խոստացվեց՝ «Բժշկությունը մատչելի դարձնել բոլորի համար», «անցում կատարել առողջապահության բարեփոխման նոր փուլի»: 2011-ի բյուջեն էլ, Արարատ Մկրտչյանի կարծիքով, շատ հեռու է առաջին խոստումն իրականություն դարձնելուց, իսկ անցյալ եւ նախատեսվող բյուջեներում բարեփոխումների նոր փուլ չի եղել, չի էլ երեւում. «Պոպուլիստական հայտարարություններ են: Ցանկացած քաղաքացու հարցրեք՝ գո՞հ է իրեն մատուցված բժշկական ծառայությունների որակից»: Ի դեպ, ՀՀ նախագահի կայքէջում կա մի բաժին, որտեղ կարելի է դիտարկել, թե նախընտրական ծրագրի խոստումները որքանո՞վ են իրականացել: Առողջապահության մասով այդ էջը դատարկ է, հաշվետվություն չկա: «Նախագահի աշխատակազմն էլ վկայում է, որ առողջապահության մասով խոստումները չեն իրականացել»,- եզրակացնում է Արարատ Մկրտչյանը:
Ամփոփում
«Եթե ընտրությունները լինեն հերթական, ես չեմ պատկերացնում, թե այս կատարողականների արդյունքներով 2012-ին այդ կուսակցություններն ի՞նչ են ներկայացնելու եւ ի՞նչ են ակնկալելու ընտրողներից: Ես սրանից հետեւություն եմ անում, որ այս մարդիկ հերթական ընտրությունների չեն էլ պատրաստվում, իրենք գիտեն, որ ապագայում քաղաքական ասպարեզում տեղ չեն ունենալու, առավել եւս՝ արտահերթ ընտրությունների չեն մասնակցելու: Նրանք անգամ այս կարեւորագույն սոցիալական ոլորտի համար ասելիք չունեն»,- ասում է Արարատ Մկրտչյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել