ԵՊՀ ուսանողների ջանքերով հայ գրականությունը՝ իսպաներեն, իտալերեն եւ պորտուգալերեն
Առաջին անգամ Երեւանի պետական համալսարանի նախաձեռնությամբ լույս է տեսել «Ծաղիկ թարգմանությանց» ժողովածուն: Այն իր մեջ ներառում է բուհի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողների կատարած չափածո եւ արձակ թարգմանությունները երեք լեզուներով՝ իտալերեն, իսպաներեն, պորտուգալերեն: Ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ Վահան Սարգսյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ իրենց ֆակուլտետի ուսանողությունը ամեն տարի մեծ շուքով է նշում Թարգմանչաց տոնը, իսկ այս տարի էլ որոշեցին տոնին նոր շունչ հաղորդել. «Այս նախաձեռնությունը պսակվեց ուսանողների թարգմանությունների շնորհանդեսով, կան ե՛ւ դասականներ, ե՛ւ ժամանակակից գրողներ: Հատկապես կարեւոր է այն փաստը, որ առաջին անգամ պորտուգալախոս ընթերցողներին կներկայացվեն Վահան Տերյանի բանաստեղծությունները, նույն կերպ էլ հայ ուսանողները ծանոթանում են բրազիլացի բանաստեղծ Մանուել Բանդեյրայի գործերին: Ուսանողները իտալերենից, իսպաներենից ու պորտուգալերենից թարգմանել են հայերեն եւ հակառակը: Ուսանողները մասնակցության աննախադեպ ակտիվություն են ցուցաբերել, մեծ թվով ուսանողներից ընտրել ենք փոքր թվով թարգմանություններ: Օտար լեզուների ֆակուլտետում մեր նպատակը ոչ միայն լավ մասնագետ, այլեւ լավ թարգմանիչ պատրաստելն է»:
Պարոն Սարգսյանը նկատեց, որ ընթերցելով ուսանողների թարգմանությունները, ինքը բավականին գոհ է մնացել. «Չենք խառնվել ուսանողների գործին, միայն չնչին խմբագրական աշխատանքներ ենք կատարել: Բավականին գոհ եմ ուսանողների աշխատանքից, բայց զարմացած չեմ, քանի որ դեռեւս 1800-ականներին Կոստանդնուպոլսի հայտնի թերթերից մեկում տպագրվեց իսպաներենից թարգմանված Դոն Կիխոտը՝ հենց հայ ուսանողի թարգմանությամբ: Այ, այսպիսի ուսանողներ ենք ունեցել»: Երեկ ժողովածուի շնորհանդեսի ժամանակ բուհի պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանն ասաց, որ հպարտանում է 2-րդ եւ 3-րդ կուրսի ուսանողներով՝ նրանք արդեն կարողանում են պրոֆեսիոնալ թարգմանություններ ներկայացնել. «Թարգմանությունների լեզվական բազմազանությունը համալսարանի պատիվն ու հպարտությունն է»:
Ուսանողներին շնորհավորելու էին եկել նաեւ Հայաստանում Բրազիլիայի ու Իտալիայի դեսպանները: Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին նկատեց, որ ամեն տարի ողջ աշխարհում իտալերենին նվիրված միջոցառումների շարք է լինում ու ուրախ է, որ ուսանողների թարգմանությունների շնորհանդեսը համընկել է այդ տոնակատարությունների 10-րդ շաբաթին. «Բոլորս գիտենք, թե Հայաստանը ինչ պատմական դերակատարություն է ունեցել թարգմանության գործում: Ու քանի որ Իտալիայում շատ քչերը գիտեն հայերեն, ուսանողական այս նախաձեռնությունը լավ հնարավորություն կդառնա իտալացիների համար հենց իտալերենով ծանոթանալ հայ մշակույթին, գրողներին»: Հայաստանում իսպաներենի տարածման գործակալության ներկայացուցիչ Սերխիո Անդրեա Պերեսն էլ ասաց, որ ուսանողական այս աշխատանքը խոսում է ոչ միայն կրթական համակարգում ունեցած հաջողությունների, այլեւ նրանց մասնագիտական կայացման վաղվա հեռանկարի մասին. «Միայն ցանկանում եմ, որ ինչպես ժողովածուն եք անվանել ծաղիկ, այն շուտ չթառամի ու չլինի միօրյա, այլ վերածվի գեղեցիկ ավանդույթի»: