Կամ՝ ինչ են «խոսում» փաստերը
Ուղիղ մեկ տարի առաջ՝ հերթական արձակուրդից վերադառնալուց հետո, աշխատանքային չորրորդ օրը սեղանիս է դրվում ուսումնամեթոդական վարչության բակալավրիատի բաժնի չորս հովանավորյալ աշխատակիցների ստորագրությամբ զրպարտագիր, թե իբր բուժման նպատակով իմ բացակայության ժամանակ իրենց բեռնվածությունը մեծանում է եւ հետագայում բացահայտված սխալների համար «համարձակվում» եմ մատնացույց անել իրենց: Այսինքն՝ այնքան «անշնորհակալ» եմ գտնվում, որ իրենց աղաղակող վրիպումներն ու սխալներն ինձ վրա չեմ վերցնում:
Զրպարտագիրը թվագրված էր այն ամսաթվով, երբ ես բժշկական ուղեգրով հիվանդանոցային բուժման մեջ եմ գտնվել: Փաստորեն, հիվանդանոցում գտնվելու օրերին նրանք իբր դիմել են բաժնի վարիչին, վերջինս էլ՝ վարչության պետին, սա էլ իր հերթին՝ ռեկտորին:
Ովքե՞ր են նրանք.
1. Լամարա Առաքելյան- ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանի 50-ամյա քույրը, որը տարրական դպրոցի դասվարի դիպլոմով երկար տարիներ գյուղական դպրոցներում եւ ռուսաստաններում դեգերելուց հետո հայտնվել է Մայր բուհի կենտրոնում եւ կադրերի երիտասարդացման ծրագրի շրջանակներում, առանց նույնիսկ փորձաշրջանի, անմիջապես հրամանագրվում է միանգամից ավագ տեսուչի հաստիքով: Վեց ամիս վարձատրվելով բացարձակ պարապության համար վերջապես նրան հանձնարարվում է Իջեւանի մասնաճյուղի գործերի իբր կոորդինացումը… Այսինքն՝ մայրաքաղաքից ձեռքը եղբոր գլխին է պահելու: Ձեռքի հետ նաեւ մի քանի թեթեւ ֆակուլտետների գործեր է ստանձնում: Սակայն շատ շուտով նկատում են նրա անուրանալի տաղանդը եւ լրացուցիչ հանձնարարություններ են տալիս, իհարկե՝ հավելավճարով: Եվ այդ ամենը գրեթե գաղտագողի: Ու նա դառնում է բաժնի ամենաբարձր աշխատավարձ ստացողը: Երկու տարին դեռ չբոլորած, ո՜վ զարմանք, ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը եւ բակալավրիատի բաժնի վարիչ Գուրգեն Հովհաննիսյանը, առանց ժողովի ընտրության, նրան «նշանակում» են նաեւ վարչության արհկոմիտեի նախագահ եւ ողջ վարչությունը լուսավորվում է վերջապես…
Հաստատ համոզմունք ունեմ, որ նա նույնիսկ չի տիրապետում տարրական դասարանի ուղղագրությանը, իսկ արհմիության մասին նրա պատկերացումները տոնածառի տոմսերի մակարդակից այն կողմ չեն անցնում: Իհարկե, այս ծաղրանկարային ֆոնի վրա բաժնի վարիչն ու վարչության պետը «փայլում» են իրենց ինտելեկտով:
2. Աննա Արբաջյան- Կլոր տարին աշխատում է կրճատ աշխատանքային ռեժիմով՝ օրական առնվազն 1,5 ժամ արտոնությամբ, ստանալով լիարժեք աշխատավարձ: Ու քանի որ նա էլ հարեւան բաժնի վարիչի հովանավորյալն է, աշխատաժամանակի մի մասը տրամադրում է իր հովանավոր տիկնոջը սուրճ ու նաեւ ամենօրյա պարտադիր բուժքույրական ծառայություններ մատուցելու, մի մասն էլ տրամադրում է իր հարազատ բաժնի վարիչի համար սուրճի սեղան գցելու՝ իր բոլոր ատրիբուտներով: Բնականաբար, ինքն էլ զուրկ չի մնում սուրճ վայելելու հաճույքից: Եվ դժվար չէ պատկերացնել, թե որքան ժամանակ է մնում աշխատանքին տրամադրելու համար:
3. Գոհար Խաչատրյան- Ուսանողական նստարանից ուսումը աշխատանքի հետ զուգակցող եւ օրական աշխատանքը ուսման հետ հարմարեցնող նորելուկը, որի նմանները թքած ունեն աշխատանքի վրա եւ միայն իրենց հեռահար նպատակներին են ծառայեցնում ողջ ռեսուրսները, իհարկե, ցանկացած զրպարտագրի տակ կարող են ստորագրել՝ լինելով նույնիսկ այլ մասնաշենքի աշխատող: Կարեւորը տերերին ծառայություն մատուցելն է:
4. Աննա Շահումյան- Տարիներ ի վեր ուսումը աշխատանքի հետ զուգակցող այս նորելուկը իրականում իր մտերիմների շրջանում ոչ միանշանակ է ընդունվում: Նույնիսկ վերոհիշյալ մարտական ընկերուհիները նրա ներկայությամբ անկեղծ զրույցներից խուսափում են: Վերջինս փայլում է ընդգծված կարիերիստական մոլուցքով, ակնհայտ գերարժեքության բարդույթով է տառապում: Նա ընդամենը զրպարտագիրը ստորագրելու օրերին էր դարձել հիմնական աշխատող, եւ ահա ստորագրության ու ցինիզմի մկրտություն է ստանում՝ իրեն իրավունք վերապահելով որակումներ տալու երկարամյա բարի համբավ ունեցող աշխատակցին: Նա տարիներ ի վեր օրվա մի մասը մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող էր, իսկ մնացած մասը՝ նույն ֆակուլտետի ավագ տեսուչ եւ այս պարագայում, իհարկե, ֆակուլտետի բոլոր գործերը փայլուն ու անթերի են, իսկ ինքը՝ բացարձակ գերազանցիկ…
Ես, բնականաբար, չէի կարող ստորագրել այդ անհեթեթ ու անպատասխանատու խզբզոցների տակ, որովհետեւ հիվանդանոցային բուժման գնալուց առաջ հստակ ու անթերի կատարել էի ուսումնական տարվա ավարտին վերաբերող բոլոր աշխատանքները:
Իսկ ահա արձակուրդից վերադառնալու երկրորդ օրը ակնհայտ դարձան նոր ուսումնական տարվա վերաբերյալ նրանց իբր թե աշխատանքի աղաղակող թերությունները, որը փորձում էին վերագրել ինձ ու նաեւ ամրագրել իմ ստորագրությամբ: Սակայն ես չստորագրեցի նրանց բացահայտ սխալների տակ: Այնուհետեւ ինձ ներկայացվեց վերոհիշյալ զրպարատագիրը, որը եւս չստորագրեցի: Այնուհետեւ վարչության պետը իր աշխատասենյակ է կանչում ինձ եւ մարտավկաների ներկայությամբ (բաժնի վարիչ, իրավաբան) առաջարկում է երեք օր աշխատանքի չգալ, իրավաբանն էլ եռօրյա ողջամիտ ժամկետ է նշանակում զրպարտագիրը ստորագրելու համար: Երեք օրը դառնում է շաբաթներ եւ սեպտեմբերի 17-ին խիստ նկատողություն է հայտարարվում՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հորջորջով, այն պարագայում, երբ ինձ հնարավորություն չի տրվելու աշխատելու:
Դրան հետեւեց իմ շարք գրավոր մտահոգությունները ռեկտորին, որոնց պատասխանները չստացա, քանի որ իրենց համար ողջամիտ ժամկետ գոյություն չունի ու մինչեւ ողջամտություն դեռ շատ ճանապարհ ունեն անցնելու, որպեսզի մարսեն այս ամոթալի նախադեպը:
Մեր թերթի սեպտեմբերի 29-ի համարում տպագրված «Գավառամիտ էլիտա եւ փաստաթղթային տեռոր» հոդվածում անդրադարձել էինք ԵՊՀ աշխատակցի խնդրին, որը պնդում էր, թե իր հետ այդպես են վարվում քաղաքական հայացքների պատճառով: Ինչպես նախորդ դեպքում, այս անգամ էլ «Առավոտը» պատրաստ է տպագրել մյուս կողմի տեսակետը նույնպես: