Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գործ չի հարուցվել

Հոկտեմբեր 23,2010 00:00

Այս տարվա մարտի 12-ին «Ռեկետ պետակա՞ն մակարդակով» հրապարակմամբ անդրադարձել ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն ժամանակվա ԱԺ փոխնախագահ Ռուդիկ Հյուսնունցի եւ ծագումով ղարաբաղցիներ, Ռուսաստանի բնակիչներ Ռոմա Բաղդասարյանի, Կամո Աթալյանի, Հայաստանի բնակիչ Ալվարդ Աթալյանի վեճին: Հիշեցնենք, որ, ըստ վերջիններիս, Հյուսնունցը իրենց առաջարկել է Արցախում ջերմոց կառուցել, սակայն գործը սկսելուց հետո իրենց հալածել է եւ փորձում է ջերմոցը խլել: Հյուսնունցն էլ պնդում է, որ փորձել է մարդկայնորեն օգնել, սակայն հանդիպել է անբարեխիղճ գործարարների եւ իր ծախսած գումարները հետ վերցնելով՝ հրաժարվել է համագործակցությունից:
Իրենց խաբված համարող ներդրողները դիմել են Ղարաբաղի իրավապահ մարմիններին՝ ընդդեմ Հյուսնունցի: Սեպտեմբերի 15-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության քննչական բաժնի պետ Ա. Բարսեղյանից ստացել են պատասխան, որ արդեն ԱԺ պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցի դեմ քրեական գործ չի հարուցվի՝ հանցակազմի բացակայության պատճառով:
10 էջանոց պատասխանում մանրամասն ներկայացնելով գործին այս կամ այն կերպ առնչված անձանց բացատրությունները, ԼՂՀ դատախազությունը գտել է, որ Հյուսնունցի գործողություններում հանցակազմ չկա: Բայց, օրինակ, Ալվարդ Աթալյանի հայտարարությունը, թե Ռուդիկ Հյուսնունցը ջերմոցը կառուցելու համար ստացած վարկի մի մասով անձնական կարիքների համար «Ֆոլքսվագեն-Տուարեգ» մեքենա է գնել, կարծես չի ստուգվել, քանզի դատախազության պատասխանում այս մասին բան չի ասվում:
Վեճի արդյունքում վարկը չի մարվել: Արցախի ներդրումային հիմնադրամն ու «Արցախբանկը» մտադիր են աճուրդով վաճառել ջերմոցը եւ հետ ստանալ իրենց գումարները: Աթալյանները զարմացած են. եթե Հյուսնունցը դիտավորությամբ իրենց չի վնասում, ապա ինչո՞ւ է «Ջերմատնային ասոցիացիա» գյուղատնտեսական հասարակական կազմակերպության գնահատմամբ՝ մոտ 80 միլիոն դրամ արժողությամբ ջերմոցը Ղարաբաղում գնահատվել 33 842 000 դրամ: Հիշեցնենք, որ Ռուդիկ Հյուսնունցի համառ ու չմարող հալածանքներից հետո բողոքավոր քաղաքացիները կարծում են, որ Հյուսնունցի թիկունքին կանգնած են ԼՂՀ նախագահն ու վարչապետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել