Սեպտեմբերի 28-ին «Դեդ Հասանի» թիկնապահը իջեւանցի է» լուրով տեղեկացրել ենք, որ քրեական աշխարհի հեղինակություն Ասլան Ուսոյանի՝ «Դեդ Հասանի» հետ Մոսկվայում վիրավորված՝ նրա թիկնապահ Արթուր Բաղրամյանը Իջեւան քաղաքի Բլբուլյան փողոցի 4-րդ նրբանցքի բազմաբնակարան շենքերից մեկի բնակիչ է եւ իջեւանցիներին առավել հայտնի է «Աբան» մականունով: Մեկ օր առաջ հայաստանյան հեռախոսահամարից բջջային հեռախոսիս զանգած անձն ասաց, որ ինքը «Աբանն» է եւ ցանկացավ մի քանի ճշգրտումներ մտցնել իր մասին մեր հրապարակումներում: Ասաց, որ ինքն ամենեւին էլ «Դեդ Հասանի» թիկնապահը չէ, այլ ընկերը, որ թիկնապահը զինված է լինում, ինքը անզեն էր: Ասաց, որ Իջեւանում ոչ թե բազմաբնակարան շենքում է ապրում, այլ՝ սեփական առանձնատանը, ասաց, որ իր աղջիկը հոկտեմբերի 3-ին ամուսնացել է, բայց ոչ Հայաստանի դատավորներից մեկի որդու հետ, ինչպես պնդում էին մեր աղբյուրները: Ընդունելով հանդերձ, որ նախկինում ավազակային հարձակման համար դատապարտվել է, Արթուր Բաղրամյան-«Աբանը» ժխտեց, որ նաեւ թմրամոլության համար է դատվել: Չնայած Իջեւանի մեր աղբյուրները շարունակում են այդ մասին հակառակը պնդել:
Հավելենք, որ վարձու մարդասպանի կրակոցից վիրավորվելուց հետո «Դեդ Հասանի» ընկերը լիովին ապաքինվել է: