ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը պարզաբանում է Շիրակի մարզի որոշ գյուղերին քիչ դոտացիա հատկացնելու ՀՀ կառավարության որոշումը:
«Առավոտի» հոկտեմբերի 15-ի համարում «Համայնքներին շնչահեղձ են անում» հրապարակմամբ, հենվելով Շիրակի մարզի Ախուրյան, Լուսաղբյուր եւ մի շարք այլ գյուղերի ղեկավարների խոսքի վրա, տեղեկացրել ենք, որ Հայաստանի 2011 թվականի պետական բյուջեով՝ եկող տարի նշված գյուղերը կստանան ավելի քիչ դոտացիա, քան այս տարի: Հրապարակմանը արձագանքել է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը: Ըստ նախարարության. «Մինչեւ 2011թ. ՀՀ համայնքներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով հատկացված դոտացիայի ընդամենը գումարը յուրաքանչյուր տարում կազմել է համախմբված բյուջեի 4%-ը, իսկ 2011թ. տրամադրվող դոտացիայի ընդամենը գումարը կազմում է 32,488 միլիարդ դրամ, որը համախմբված բյուջեի մոտ 4,6%-ն է: Եթե հաշվարկվեր նախորդ տարիների մակարդակով՝ համախմբված բյուջեի 4%-ը, ապա դոտացիայի գումարը կկազմեր մոտ 28 միլիարդ դրամ: ՀՀ կառավարությունը որոշել է պահպանել նախորդ տարվա դոտացիայի գումարը, որպեսզի այն չնվազի, այսինքն՝ վերջին 13 տարիների ընթացքում առաջին անգամ 4%-ի շեմը գերազանցվեց 0,6%-ով, որը գումարային առումով կազմում է մոտ 4,5 մլրդ դրամ:
Հարկ ենք համարում պարզաբանել, որ դոտացիան հաշվարկվում է «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով: Դոտացիայի հաշվարկման ժամանակ օգտագործվում են ՀՀ համայնքների կողմից մարզպետարաններ ներկայացված հողի հարկի եւ գույքահարկի հաշվարկային ցուցանիշները (ելակետային տվյալները):
Դոտացիայի հաշվարկման հիմք է հանդիսանում նաեւ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից ՀՀ ֆինանսների նախարարությանը տրամադրած բնակչության թվաքանակը, իսկ ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքին հատկացվող դոտացիայի գումարի չափը պայմանավորված է հենց բնակչության թվաքանակի նվազեցման գործոնով (նվազել է 409-ով): Համայնքի կողմից ներկայացված հողի հարկի եւ գույքահարկի ելակետային տվյալները՝ նախորդ տարվա համեմատությամբ, նույնպես փոփոխվել են: Նշված գործոններն ազդում են համայնքների հատկացվող դոտացիայի հաշվարկների վրա, որի արդյունքում մի շարք համայնքներին հատկացվող դոտացիաների գումարների չափերը նվազել են, մյուսներինը՝ ավելացել: ՀՀ Շիրակի մարզի համայնքներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով հատկացված 2011թ. դոտացիայի ընդամենը գումարի չափը 2010թ. համեմատությամբ ավելացել է 40 845 միլիոն դրամով»: