Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՊԱՐՏՔԵՐ ԿՈՒՏԱԿԵՄ»

Հոկտեմբեր 23,2010 00:00

\"\" \"\"

Եթե ճգնաժամն Արարատյան դաշտում ապրող գյուղացու կյանք է ներխուժում բնակլիմայական  քմահաճությամբ պայմանավորված, ապա տավուշցի գյուղացու համար շուրջ տարի ճգնաժամ է: Տավուշի մարզի Դիտավան գյուղի բնակիչների ասելով՝ արտահանման շուկա չունեն: «Մինչեւ մեզ մոտ պոմիդորը հասունանում է՝ Արարատյան դաշտի պոմիդորը «ջրի գին» է դառնում»,- ասաց Արտակը:
Հողից եկամուտ չստացող դիտավանցիները, սակայն, չեն թերանում հողի հարկը վճարելիս: Ասում են՝ բա որ էդ էլ չտանք, էս խեղճ գյուղի բյուջեն ինչո՞վ է լցվելու:
Դիտավանի 4,2 միլիոն դրամ բյուջեն գոյանում է հիմնականում հողի հարկից: Գույքահարկն էլ միայն մեքենաներից են գանձում: Տներն այստեղ այնքան էժան են, որ հարկման չեն ենթարկվում: «Ամեն մի տունը մինչեւ երեք միլիոն էլ չի գնահատված, ի՞նչ գույքահարկի մասին կարելի է խոսել»,- ասաց երեք ժամկետ անընդմեջ գյուղապետ ընտրված Սեյրան Սարգսյանը: Համայնքի ղեկավարն անկեղծացավ՝ էդ միջոցներով ոչինչ էլ չենք կարողանում անել. նույնիսկ մանկապարտեզ պահելու հնարավորություն չունենք, հազիվ աշխատավարձ ենք տալիս: «Սենց որ գնաց, էկող տարի աշխատավարձ էլ չեմ կարա տամ. պարտքեր եմ կուտակելու»,- նկատեց գյուղապետը:
Գյուղապետարանի վեց հոգանոց աշխատակազմի ամենաբարձր վարձատրվողը հենց ինքը՝ գյուղապետն է. 50 000 դրամ աշխատավարձ է ստանում: Իսկ ինչպե՞ս եք ընտանիք պահում՝ հարցին պատասխանեց՝ խոզ ու կով եմ պահում, 2 հեկտար ծխախոտ ու 3 հեկտար ցորեն եմ մշակում:
Ծանր ապրող դիտավանցիների մեջ, սակայն, կուտակված չարություն չկա: Նույնիսկ հավատում են, որ երբեւէ հարթ ճանապարհներ չունեցած իրենց Դիտավանը մի օր ասֆալտապատ փողոցներ կունենա: Երիտասարդ հարսներից մեկը կեսլուրջ-կեսկատակ ասաց՝ էս ճամփեքով էնքան ենք վազելով քայլել, որ կանացի քայլվածքի ու կեցվածքի մասին մեզ միայն տեսական գիտելիքներն են մնացել: Հովեկ Անահիտ Հակոբյանին էլ այստեղ չեն գոհացնում միայն գրունտային ճանապարհները՝ «Եթե անձրեւ է գալիս, ստիպված կրկնակոշիկներ ենք հագնում, որ ցեխը շեմից ներս չբերենք»: Բարձրակրունկ կոշիկների մասին այստեղի աղջիկներն ուղղակի երազում են: Այդ իմաստով երջանիկներից է մայրաքաղաքում սովորելու գնացած, թարգմանչի հմտություններ սերտող Շուշանիկ Գրիգորյանը. գյուղի քարքարոտ փողոցներին հրաժեշտ տալուց հետո, ուսանողուհին ժամանակավորապես հրաժեշտ է տվել նաեւ իր անկրունկ սանդալներին: Ամառային արձակուրդը հարազատ գյուղում անցկացնող ուսանողուհին նորից է հայտնվել «հին տաշտակի» առաջ: «Բայց սա էլ է ժամանակավոր, որովհետեւ մի գեղեցիկ օր Դիտավանի փողոցներն էլ ճեմելով քայլելու հնարավորություն կտան»,- նկատեց Շուշանիկը:
Հ. Գ. Այս տարվա հուլիսի 27-ին տեղեկացրել ենք, որ արգետինահայ բարերարներ Արմեն եւ Նատիա Էքսերճիեանները, 2007 թվականից մինչ օրս մոտ 600 հազար դոլար են նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ Հայաստանի Տավուշի մարզի Դիտավան գյուղին աջակցելու համար՝  գյուղը գազիֆիկացվել է, հիմնանորոգվել է ոռոգման համակարգը, վերակառուցվել եւ կահավորվել է համայնքային կենտրոնը, գյուղն ապահովվել է ջուրջօրյա եւ որակյալ ջրամատակարարմամբ: Արմեն եւ Նատիա Էքսերճիեանները խոստացել են շարունակել օգնությունը Դիտավանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել