Լրահոս
Օրվա լրահոսը

Սպասում են փառատոնի, որ ներկայացում դիտեն

Հոկտեմբեր 23,2010 00:00

Երեկ տեղեկացրել ենք, որ հոբելյանական՝ 20-րդ «Թատերական Լոռի» փառատոնը այս տարի Ալավերդիում կհյուրընկալի 17 թատերախմբերի, որոնցից 2-ը Վրաստանից են: Լոռու մարզի լեռնամետալուրգիական այս քաղաքում մշակութային կյանքը աշխույժ չէ, փառատոնը միտված է հենց այդ նպատակին:
1993-ից Ալավերդիում գործող երկու՝ Թումանյանի շրջանային եւ Ալավերդու լեռնամետալուրգիական թատրոնները միավորվել եւ դարձել են Ալավերդու քաղաքային թատրոն, որը հիմնական տանիք չունենալով՝ տեղավորվել է քաղաքի մշակութային կենտրոնում: Նախատեսվում է նախկին կինոթատրոնի շենքը վերանորոգել եւ հանձնել թատրոնին: Փառատոնի կազմակերպիչ Հրաչյա Պապինյանի կարծիքով, մշակութային կյանքի աշխուժացումը սերտ կապ ունի բնակչության սոցիալական վիճակի հետ, ալավերդցիները հազվադեպ են թատրոն հաճախում, դա էլ իր հերթին դժվար կացության մեջ է դնում թատերախմբին` խաղացանկը չի փոփոխվում. «Մարդը դժվարությամբ է երկու-երեք հազար դրամ տալիս, որ թատրոն գա, էժան տոմսերի պարագայում էլ թատրոնն է տուժում, նոր ներկայացումներ չեն բեմադրվում, իսկ մի ներկայացումը երկրորդ անգամ դիտելը դժվար է»,- ասում է Հրաչյա Պապինյանը:
Մեր զրուցակիցը նկատեց, որ հատկապես քաղաքին հարող գյուղերի բնակիչները անհամբեր են սպասում փառատոներին, որ թատրոն գնան: Ալավերդու քաղաքային թատրոնը վերջին տարիներին հյուրախաղերի չի գնում, սակայն մութ ու ցուրտ տարիներին անգամ Ղարաբաղում ներկայացումներ են խաղացել: Վերջին հյուրախաղը 2003-ին Վանաձորի Աբելյանի անվան պետթատրոնում է եղել:
Թատրոնի ղեկավար Հրաչյա Պապինյանը համոզված է, որ բնակչությանը թատրոնին մոտ պահելու համար պետությունը պետք է խթանի եւ օգնի փառատոների կայացմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել