Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանում շարունակվում է Հյուսիսային պողոտայի բնակիչ Ալբերտ Բաբաջանյանի եւ կառուցապատող «Ավո Ֆ.Մ.Հ.»-ի գործի քննությունը: Նախօրեին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ արդեն «Ավո Ֆ.Մ.Հ.»-ի փաստաբան Սեյրան Գրիգորյանն էլ դատավորին ինքնաբացարկ հայտարարելու մասին միջնորդություն արեց: Ըստ նրա միջնորդության, դատավոր Գագիկ Խանդանյանը չի կարող գործն անաչառ քննել, քանի որ դատավորի որդին աշխատում է գործով պատասխանող կողմ հանդիսացող Երեւանի քաղաքապետարանում: Այս միջնորդությունը քննելու համար դատավորը նիստը հետաձգեց մինչեւ հոկտեմբերի 25-ը: Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ էլ նման միջնորդությամբ հանդես էր եկել Ա. Բաբաջանյանի փաստաբան Անահիտ Հակոբյանը: Նա հայտարարել էր, որ դատավորի մյուս որդին էլ աշխատում է «Ավո Ֆ.Մ.Հ.»-ում, սակայն դեռեւս ձեւակերպված չէ որպես հիմնական աշխատող: Այս միջնորդությանն ի պատասխան, դատավոր Գ. Խանդանյանը հայտնել էր, որ իր որդիներից մեկն իսկապես աշխատում է Երեւանի քաղաքապետարանում, բայց մյուսը չի աշխատում «Ավո Ֆ.Մ.Հ.»-ում: Այդ նիստը հետաձգվել էր, որպեսզի կողմը դատարանին ներկայացներ դատավորի ինքնաբացարկի համար անհրաժեշտ ապացույցները: Այդ ընթացքում Ա. Հակոբյանին կենսաթոշակային հիմնադրամից պատասխանել էին, որ Գ. Խանդանյանի որդի Վ. Խանդանյանը Երեւանի քաղաքապետարանում չի աշխատում:
Նշենք նաեւ, որ «Ավո Ֆ.Մ.Հ.»-ն այս գործի առնչությամբ հակընդդեմ հայցով է հանդես եկել եւ պահանջում է՝ Ա. Բաբաջանյանից իր հետ կնքած պայմանագրում փոփոխություններ անել եւ կնքել նոր հիմնական պայմանագիր: Ինչ վերաբերում է փոխատուցմանը, ապա, ըստ «Ավո Ֆ.Մ.Հ.»-ի, դա անհիմն է:
Հիշեցնենք, որ Ալբերտ Բաբաջանյանը, որն իր բնակարանից վտարվել է հանուն պետական շահի, նոր բնակարան ստանալու ակնկալիքով պայմանագիր էր կնքել «Ավո Ֆ.Մ.Հ.»-ի հետ, սակայն վերջինս բնակարանի հանձնման ժամկետն ուշացրել է, ինչի պատճառով էլ Ա. Բաբաջանյանը մինչեւ այժմ չի կարողանում իր բնակարանը տնօրինել, ինչի համար էլ դիմել է դատարան: