Առաջիկայում Հայաստանի 4 մարզերի՝ Շիրակի, Տավուշի, Սյունիքի ու Գեղարքունիքի ծննդատներն ու մանկական հիվանդանոցները կհամալրվեն նեոնատար խնամքի համար նախատեսված սարքավորումներով: Երեկվա ասուլիսում նախաձեռնության հեղինակ՝ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը տեղեկացրեց, որ միայն 70 միլիոն դրամի սարքավորումներ նախատեսել են Գյումրիի ծննդատան ու մանկական հիվանդանոցի համար, ինչպես նաեւ չեն անտեսել Մարտունու, Սեւանի, Գորիսի, Կապանի ու Բերդի ծննդատները. «Ծրագրում ընդգրկված են Հայաստանի ամենախոցելի մարզերը եւ սահմանամերձ գյուղերը, որոնք աշխարհագրական դիրքի պատճառով չեն կարող օգտվել երեւանյան հիվանդանոցներից կամ չունեն համապատասխան սարքավորումներ՝ հիվանդ նորածինների խնամքն ապահովելու համար: Այդպիսի սարքավորումներով կհամալրվի 7 բուժհաստատություն»: Այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը համագործակցում է Birthlink հ/կ-ի հետ:
Կազմակերպության տնօրեն Քեթի Մելորն էլ նշեց. «Մեր հիմնական թիրախում հետծննդային այն կարճաժամկետ հատվածն է՝ այն 20 օրը, որի ընթացքում էլ ամենաշատը գրանցվում է երեխաների մահացության դեպքեր: Մեր հիմնական աշխատանքը ուղղված է լինելու բուժքույրերի վերապատրաստմանը: Ինչ վերաբերում է սարքավորումներին, դրանք մեծ մասամբ վերակենդանացման համար են նախատեսված, ջերմային վերահսկողության, թթվածնային մատակարարման եւ այլ վերահսկող սարքեր, որովհետեւ երբեմն Երեւանում ու մարզերում խնդիր ենք ունենում, երբ թթվածինը չափից ավելի են տալիս, դա հաճախ կուրության պատճառ է դառնում»:
Նշենք, որ ծրագիրը մեկնարկել էր 3 տարի առաջ եւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ու Birthlink-ի համագործակցության արդյունքում նախորդ տարի Երեւանի 11 հիվանդանոց համալրվել էր 144 միլիոն դրամի նեոնատար խնամքի համար նախատեսված սարքավորումներով: