Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍ ՏԱՐԻ «DIGITEC»-Ը ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԼԻՆԵԼՈՒ

Հոկտեմբեր 23,2010 00:00

Ցուցադրվելու են ոչ միայն ցանցային նորարարություններ,  այլեւ ղեկավարման համակարգեր

Այս տարի «DigiTec» տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը տեղի է ունենալու հոկտեմբերի 29-31-ին եւ կրելու է «Ձեր թվային ապագան» խորագիրը: Ամեն տարի այս ցուցահանդեսին մասնակցում են մեծ թվով տեղական եւ միջազգային տեխնոլոգիական տարբեր խնդիրներին լուծում տվող ինչպես հին, այնպես էլ նոր ընկերություններ: Հենց այս ցուցահանդեսի միջոցով են տարբեր միջազգային ընկերություններ մտնում հայկական շուկա, մասնավորապես՝ «National instruments» եւ «Mitsubishi electronics» ընկերությունները: Վերջինս մասնակցեց «DigiTec 2006-ին» եւ այժմ արդեն բավականին լավ ճանաչում ունի մեզ մոտ: Այս տարի հայկական շուկա մտնելու ցանկություն ունեն մի քանի միջազգային ընկերություններ: «National instruments»-ի տաղավարում շուրջ 10 պորտնյոր ընկերությունների հետ միասին ներկայացվելու է նաեւ աշխարհի խոշոր ընկերություններից մեկը՝ «Singapore technology»-ն, գերմանական «KREDO»-ն եւ «Յուպիտերը»: Նշենք, որ «Singapore technology»-ի մասնաճյուղ «Singapore kinetics»-ն արդեն ունի իր ներկայացուցչությունը Հայաստանում, այն բացվել է մի քանի ամիս առաջ: Այս ընկերությունը հայտնի է նրանով, որ տեխնոլոգիաներ է տալիս եւ ԱՄՆ-ի, եւ ՌԴ-ի զինված ուժերին, «DigiTec»-ի միջոցով են ճանաչվում նաեւ ՏՏ ոլորտի նորաստեղծ ընկերությունները: Այս տարի ՏՏ ոլորտի միջազգային ցուցահանդեսին մասնակցելու է 12 նորաստեղծ ընկերություն՝ ներկայացնելով իրենց նորարարական տեխնոլոգիական լուծումները:
Ըստ «DigiTec» ցուցահանդեսը կազմակերպող Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի՝ «DigiTec Expo»-ն լավ հարթակ է, որպեսզի այդ նորաստեղծ ընկերությունները կարողանան ցուցադրել իրենց ապրանքներն ու ծառայությունները ՏՏ համայնքին եւ լայն լսարանին. «Նրանց աջակցում է USAID/CAPS ծրագիրը, որն իրականացնում է «Նեյթըն Ըսոշիեյթս» ընկերությունը, դրա համար էլ այս տարի նորաստեղծ ընկերությունների թիվն ավելացել է՝ հասնելով 12-ի: Նրանցից, օրինակ, «Flex up» ընկերությունը ներկայացնելու է մուտքի կառավարման լուծումներ, այսինքն՝ ցանկացած հիմնարկի ղեկավար կարող է իմանալ, թե երբ եկավ իր աշխատողը եւ երբ գնաց: Այս ընկերությունն ունի նաեւ առանձին պրոդուկտ, որով երեւում է, թե հիմնարկի աշխատողն ինչ ծրագրերով է աշխատում աշխատանքային ժամերին, ինչքան է օգտվում իր համակարգչից: Սա աշխատաժամերի էֆեկտիվությունը ստուգելու համար է: Հիմնարկի ղեկավարը կարող է ստուգել, թե այս կամ այն  հարցի լուծման  համար ինչքան ժամ է ծախսում իր աշխատողը: Նաեւ դա հնարավորություն է տալիս տեսնելու, թե աշխատանքից դուրս ինչ նպատակով է օգտագործվում այդ աշխատողի համակարգիչը: Իմ կարծիքով, սա բավականին պիտանի ծրագիր է: Նորաստեղծ «Շահումյան մեդիա» ընկերությունն էլ ներկայացնելու է հաճախորդների սպասարկման համակարգ: «X tech» ընկերությունն էլ ներկայացնելու է, թե մուլտիմեդիա գործիքներով ինչպես կարելի է ներկայացնել ընկերությունները»:
Մեր հարցին, թե մուլտիմեդիա գործիքներն ինչքանո՞վ են հարմար, որպեսզի տարբեր ընկերություններ կարողանան ներկայացնել իրենք իրենց, նորաստեղծ «X tech» ընկերության ղեկավար Արման Աթոյանը պատասխանեց. «Մուլտիմեդիա հենքի վրա դիսկեր եւ կայքեր կարող ենք պատրաստել, որոնք անիմացիաների միջոցով ավելի շարժվող ու հետաքրքիր կդարձնեն ցուցադրությունները»: Մենք նրանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ի՞նչ են ակնկալում այս ցուցահանդեսից, որին նա պատասխանեց. «Ինչպես բոլորը, այնպես էլ մենք ակնկալում ենք գտնել պոտենցիալ գնորդների եւ թվով ավելի շատ մարդկանց ներկայացնել մեր արտադրանքը»:
Նշենք, որ այս տարի «DigiTec»-ի կազմակերպիչներն ակնկալում են ավելի շատ, քանի որ, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի մասնակցելու են 60-ից ավելի տեխնոլոգիական ընկերություններ: «Այս տարի ակնկալում ենք ունենալ 15 հազար այցելու, նախորդ տարի եղել է 12 հազար, դրանից առաջ՝ ավելի քիչ,- կանխատեսում է Կ. Վարդանյանը:- Այցելուների եւ մասակիցների աճն անհնար կլիներ, եթե նորություններ չցուցադրվեին, որովհետեւ այցելուները գալիս են տեխնոլոգիական նորություններ տեսնելու, իսկ մասնակիցները՝ նորարարություններ ցուցադրելու: Այնպես որ, ցուցահանդեսում բազմաթիվ հետաքրքիր նոր մտահղացումներ են լինելու: Մեր պլատինե հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ներկայացնելու է, թե ինչ նորություններ կան հեռահաղորդակցության ոլորտում եւ ինչ են պատրաստվում ներդնել, այսինքն, ցուցահանդեսը որոշ պատկերացում կտա հեռահաղորդակցության ոլորտի ապագայի մասին: Մեր մյուս գլխավոր հովանավոր՝ Թայվանի «D-Link»-ը ցանցի վերջին նորություններն է ցուցադրելու: Այսօր սա շատ կարեւոր է, քանի որ ցանցային ինդեքսը շատ ցածր է մեր երկրում: «Ապագա տեքնոլոջին» ներկայացնելու է ցանցային անվտանգության տեխնոլոգիաներ: «UCom»-ը կներկայացնի թվային հեռուստատեսությունը եւ այլն, եւ այլն»: 
Նկատենք, որ այս ցուցահանդեսն իր ստեղծման օրվանից անց է կացվում վարչապետի բարձր հովանու ներքո, իսկ ԱՄՆ-ի «Նեյթըն Ըսոշիեյթս» ընկերության կողմից հրավիրված անկախ փորձագետ Մայլ Դաքքերի հետազոտությունները ցույց են տվել, որ տարեցտարի աճում է ցուցահանդեսի այցելուների քանակը, ընդ որում՝ ցուցահանդեսի այցելուների 44%-ը կազմել են ուսանողները, 19%-ը՝ տնտեսության այլ ճյուղերի ընկերությունների ղեկավարները, 17%-ը՝ պետական հիմնարկությունների եւ գերատեսչությունների աշխատակիցներ, իսկ 20%-ը՝ ոլորտի հանդեպ հետաքրքրություն ունեցող քաղաքացիներ:
Նույն հետազոտության ընթացքում պարզ է դարձել, որ այցելուների 86%-ը ակնկալում է ցուցահանդեսում տեսնել նախ եւ առաջ նոր տեխնոլոգիաներ եւ ապրանքներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել