Լրահոս
Օրվա լրահոսը

Կա՞թն է թանկացել

Հոկտեմբեր 23,2010 00:00

Երեկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն անդրադարձել է պանրի գնի բարձրացմանը: Հայտարարության սկզբում մի քանի անգամ շեշտելով, որ հանձնաժողովը որեւէ առնչություն չունի գնագոյացման հետ եւ որեւէ ձեւով չի կարող ազդել գների վրա, նշում է. «Համաձայն ՊԵԿ-ի տվյալների՝ 2010թ. առաջին եռամսյակում պանրի արտադրությամբ Հայաստանում զբաղվել է 57 տնտեսվարող սուբյեկտ, իսկ երկրորդ եռամսյակում՝ 78: Այսինքն՝ ընկերությունների թիվը ավելացել է 21-ով: 78 տնտեսվարող սուբյեկտից բաղկացած շուկայում հակամրցակցային համաձայնությունը, մեղմ ասած, անիրական է: Հանձնաժողովի կատարած դիտանցումները վկայում են, որ պանրի արժեքը փոխվել է ոչ բոլոր վաճառակետերում եւ ոչ հավասար չափով: Օրինակ, հոկտեմբերի 22-ի տվյալներով, «Լոռի» պանիրը երեւանյան խոշոր սուպերմարկեթներում վաճառվում է 1900-2400 դրամի սահմանում: Նույն տեսակի պանրի առավելագույն արժեքը 2800 դրամ է: Այնուամենայնիվ, հաշվի առնելով պանրի՝ որպես սոցիալական ապրանքատեսակի կարեւորությունը հայ սպառողի համար, Հանձնաժողովն իր կողմից փորձել է պարզել, թե ինչ հիմնավոր պատճառ կա պանրի գնի բարձրացման համար: Այդ նպատակով այսօր Հանձնաժողով են հրավիրվել  պանրի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչներ: Տնտեսվարողների ներկայացրած պարզաբանման համաձայն, գնի բարձրացման հիմնական գործոնը կաթի մթերման գնի ավելացումն է: Պանրի արտադրությամբ զբաղվող ընկերությունների ղեկավարները նշում են, որ 1 կգ պանրի ստացման համար պահանջվում է միջինը 9 լիտր կաթ, որը ձեռք է բերվում գյուղացիական տնտեսություններից: Կախված որոշ հանգամանքներից՝ վերջին շրջանում առաջարկվող կաթի գինը ավելացել է. եթե հունիս-հուլիսին 1լ կաթի դիմաց վճարել են 110 դրամ, ապա հոկտեմբերի 15-ից կաթը ձեռք են բերել 145 դրամով:
Այսպիսով, տնտեսվարողների բերած հիմնավորումների համաձայն, պանրի գնի փոփոխությունը բացառապես տնտեսական գործոնների ազդեցության հետեւանք է: Իսկ պանրի գների վերահսկողությունը դուրս է Հանձնաժողովի լիազորություններից»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել