Լրահոս
Օրվա լրահոսը

Դեռ կոնսենսուսի չեն եկել

Հոկտեմբեր 23,2010 00:00

ՀՀ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը՝ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի ղեկավարությամբ, երեկ իր հերթական նիստն է գումարել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարոն Հարությունյանն ասաց, որ նիստի ընթացքում խմբի անդամները քննարկել են մի շարք սկզբունքային հարցեր. «Դուրս ենք հանել այն հարցերի ցանկը, որոնք պետք է արծարծված լինեն օրենքում, բայց պատշաճ մակարդակով արծարծված չեն կամ ընդհանրապես բացակայում են: Ուսումնասիրել ենք, թե որտեղ կոնսենսուս ունենք, որտեղ՝ ոչ»: Թե այդ ինչ կարեւոր հարցեր էին քննարկվել նիստում, պարոն Հարությունյանը չմանրամասնեց. «Չէի ցանկանա այսօր կոնկրետ նշել, դա մյուս նիստից հետո կհայտարարենք, որովհետեւ դրանք քննարկման մեջ են, ու մենք էլ աշխատանքային խմբում միմյանց շատ նուրբ ենք վերաբերվում՝ հանկարծ այնպիսի հարց չասեմ, որը, պարզվի, պետք չէր ասել, չեմ ուզում չարաշահել խմբի ղեկավարի իմ իրավունքը: Առաջիկայում կներկայացնենք, թե ինչ ճանապարհով ենք շարժվելու»: Մարդու իրավունքների պաշտպանը նաեւ ասաց, որ քննարկման արդյունքում կորոշեն՝ հեռուստատեսության եւ ռադիոյի մասին նոր օրենսդրական փաթե՞թ է հարկավոր, թե՞ գործող օրենքում միայն փոփոխություններ անելու առաջարկով կբավարարվեն. «Մեծամասնությունս դեռ չի կողմնորոշվել, երկու ճանապարհով էլ կարող ենք լավ լուծումների հանգել: Փորձում ենք հասկանալ՝ ո՞րը մեզ համար ավելի արդյունավետ կլինի; Եթե հնարավորություն ունենք ավելի լավ օրենք ունենալու, դա պետք է անպայման օգտագործենք, բայց թե երբ կսկսվի այն կիրառվել, ոչ ոք հստակ չի կարող ասել»: Պարոն Հարությունյանը նաեւ տեղեկացրեց, որ 3 օր աշխատանքային խումբը հանդիպումներ է ունեցել Եվրոպայի խորհրդի ու ԵԱՀԿ-ի փորձագետների հետ ու ծանոթացել նրանց տեսակետներին ու մոտեցումներին, որոնք հաշվի կառնեն իրենց հետագա աշխատանքներում. «Որոշակի հարցերում համաձայնում են գործող օրենքի հետ, որոշակի անհամաձայնություններ էլ ունեն ու առաջարկում են այլ մեխանիզմներ, ավելին չեմ կարող ասել»
Նա նաեւ անդրադարձավ հեռուստաալիքների թվայնացման գործընթացում հայտնված մրցակիցներին. «Մրցակցություն գնում է «Երեւան»-ԱԼՄ, «ԱրմՆյուզ»-«Ա1+»-ի միջեւ, բայց եթե կոնկրետ ինձ եք հարցնում, ես կցանկանայի, որ շատ ավելի մեծ թվով հեռուստաալիքներ մրցակցեին: Մյուս կողմից էլ՝ չկային սահմանափակումներ, կարող էին,… բայց ունենք այն, ինչ ունենք»: Պարոն Հարությունյանը դժվարացավ ասել, թե որ հեռուստաալիքին կցանկանար մրցապայքարի հաղթող տեսներ՝ «ԱրմՆյո՞ւզը», թե՞ «Ա1+»-ը: Ըստ նրա՝ «Ա1+»-ն ունի շատ պրոֆեսիոնալ կոլեկտիվ, բայց «ԱրմՆյուզն» էլ չի զիջում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել