Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱԲՈՅԱՆԸ «ԼՈ-ԼՈ» ԷՐ ԿԱՐԴՈՒՄ

Հոկտեմբեր 23,2010 00:00

\"\"Իսկ միջազգային կառույցների ներկայացուցիչները սպասում են, որ նա ուր որ է՝ «թեւերը քշտելու» է ու անցնի գործի

Ո՞վ է հավատում, որ 2012 թվականին մեր երկրում սպառողները հնարավորություն կունենան ձեռք բերել բարձրորակ ապրանքներ՝ հնարավորինս ցածր կամ գոնե հասանելի գներով, իսկ գործարարները կկարողանան աշխատել հավասար եւ արդար մրցակցային պայմաններում: Այս վերամբարձ ու մեր իրականությունից կիլոմետրերով հեռու արտահայտությունները Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նոր՝ 2010-2012թթ. ռազմավարական ծրագրի հիմքն են, բայց դրանց երեւի հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն էլ չի հավատում: Բացի այն, որ այդ ռազմավարական ծրագիրը սկզբից մինչեւ վերջ միջազգային կառույցներին հաճոյանալու եւ միայն նրանց աչքակապության հարցն է լուծում, նաեւ տեղ են բացում բավականին խոշոր գումարների փոշիացման համար: Երեկ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, Համաշխարհային բանկի եւ այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մոտ պարոն Շաբոյանը ծրագրի հանդիսավոր ներկայացման ժամանակ տեղեկացրեց, որ պետք է փոխեն հանձնաժողովի ֆինանսավորման մեխանիզմները, ավելին՝  ՀԲ-ն արդեն տվել է իր «դաբրոն»՝ որոշ հարցերում աջակցելու հանձնաժողովի ծրագրերին: Մնում է, որ մերոնք ցույց տան, թե այդ փողի դիմաց ի սրտե պայքարում են մեր երկրի մոնոպոլիզացված տնտեսության դեմ: Մենք բոլորս էլ գիտենք, թե այսօր որ ընտանիքների ձեռքում է մեր ողջ տնտեսությունը, քանի շուկա է մոնոպոլիզացված ու ովքեր են դրանց տերերը: Մենք նրանց երաժշտության տակ պարողներն ենք, ուստի հանձնաժողովն ինչ ծրագրեր էլ որ մշակի ու միջազգային կառույցներից ինչքան էլ փող պոկի՝ պարզ է, որ այդ ընտանիքների դեմը չեն առնելու: Արմավիրի մարզի ինչ-որ գյուղում մի քանի կեղծ պահածո փակող սուտի բիզնեսմենի կգտնեն, արանքում մեկ-երկու անգամ Սամվել Ալեքսանյանին օղիների համար կտուգանեն, միջադիրների, ձվի հարցերով կզբաղվեն կամ «ԱրմենՏելին» կտուգանեն, ու դրանով մրցակցությունը կհամարվի մեր երկրում պաշտպանված:
Արտակ Շաբոյանի խոսքերով՝ «Մեր ներկա մրցակցային միջավայրը բարելավվելու անհրաժեշտություն ունի: Նախկինում օրենքում որոշակի բացեր, սողանցքներ ու անհստակություններ կային, որոնց պատճառով տնտեսվարող սուբյեկտները բողոքում էին, հանձնաժողովի որոշումը վիճարկում էին դատարանում ու հաղթում էին դատը: Հիմա այդ բացերը պետք է վերանան: Հանձնաժողովը պետք է ունենա ապացուցողական մեծ բազա եւ ապացույցների ձեռք բերման նոր մեխանիզմներ»: Պարոն Շաբոյանն այս դեպքում երեւի նկատի ուներ դեղերի շուկայում գների անհիմն բարձրացման աղմկահարույց դեպքը, երբ դեղ ներկրողները, հանձնաժողովի որոշումը բողոքարկելով դատարանում, կարողացան շահել դատը: Միջազգային կազմակերպություններին մերոնք դեպքը հենց այդպես էլ պատմել են, որ օրենքում անհստակություններ կային, դրա համար էլ չստացվեց տուգանել որոշ գործարարների: Մինչդեռ իրականում խնդիրը օրենսդրական սողանցքների, լուսանցքների կամ այլ անցքերի մասին չէ: Այն, որ դեղերը Հայաստանում 30%-ով անհիմն թանկացել էին՝ կհաստատեր ողջ ազգաբնակչությունը, եւ հատկապես այն 500 հազար թոշակառուները, որոնք այդ թանկացած դեղերի հույսին էին: Այնպես որ, այստեղ ապացույցներ չունենալու մասին խոսք լինել չէր կարող: Խնդիրը հանձնաժողովի գործելաոճի փոփոխության մեջ է: Եթե մինչեւ 2012-ը այդ նույն դեղ ներկրողները՝ «Ալֆա ֆարմը», «Նատալի ֆարմը», «Առգո ֆարմը», «Վագա ֆարմը», «Էսկուլապը» կամ «Ամիկուսը» որոշեն էլի շուկայում խաղեր տալ ու 80 գրամանոց դիաբետոնը շաքարախտով հիվանդներին ծախեն 4000 դրամով, կամ տերաֆլյուն՝ 1000 դրամով՝ Արտակ Շաբոյանը հաստատ չի ընկնի իրեղեն ապացույցներ հավաքելու, որ դատարանում դատը տանուլ չտա, նա, ըստ իրեն տրված ցուցակի, արդեն գիտի՝ որտեղ փնտրել «Մրցակցության պաշտպանության մասին» օրենքը խախտողներին ու ում քարշ տալ դատարան:
Երեկ, երբ պարոն Շաբոյանը ոգեւորված ներկայացրեց, թե ինչ բարեփոխումներ են կատարվելու դաշտում, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը, խոսելով այդ ռազմավարական ծրագրի մասին, բնականաբար, վստահեցրեց, որ այն ընտրագույնն է. «Այն հստակ ու պարզ մի փաստաթուղթ է, որը մեկ առ մեկ անդրադառնում է բոլոր խնդիրներին: Մնում է, ինչպես ասում են՝ թեւերը քշտել ու անցնել գործի»:
Նշենք, որ ծրագրի քննարկումներին մասնակցել են նաեւ սպառողների իրավունքները պաշտպանող հ/կ-ների ներկայացուցիչներ: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց «Հայաստանի սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանը, «Հակամրցակցային նեգատիվ երեւույթներն արդեն այնքան են խորացել մեր երկրում, որ այս ծրագիրն ուշացած է: Մենք հիմա նոր պլանավորում ենք՝ պայքարել հակամրցակցության դեմ, բայց պիտի վաղուց պայքարեինք: Հայաստանը մոլորակի վրա նախավերջին տեղն է գրավում՝ մրցակցության չարաշահումների եւ մենաշնորհային գերիշխանության ասպարեզում: Հիմա օրենքը խախտողների նկատմամբ պատժամիջոցները խստացրել են, մինչդեռ տնտեսական մրցակցության պաշտպանությունը պետք է ոչ թե պատժի դաժանության վրա հիմնված լինի, այլ՝ անվրեպության: Եթե կա տնտեսության մրցակցության ավերակ վիճակ, հանձնաժողովը պետք է հնարավորինս բաց չթողնի հակամրցակցային դեպքերը, ոչ թե մեկին բռնի ու խոշոր չափով տուգանելով՝ հարցը լուծի: Այդ 500 հազար դրամ պատժի չափը ես չեմ ընդունում, այն արդարացված չէ, որովհետեւ ձեռնարկություն կա, որը շուկայի 39%-ը գրավում է, նրա համար 500 հազար դրամով տուգանվելը նշանակում է պարգեւատրվել, իսկ նույն տուգանքը շուկայում 0,1% գրավող ընկերություններին սնանկացման եզրին էր հասցնում: Ոչ ոք իրավունք չունի օրենքը խախտել, բայց ստացվում էր, որ մեկին մորթում էին, մյուսին՝ պարգեւատրում: Մենք առաջարկել ենք, որ պատժի չափը որոշեն՝ կապված տվյալ շուկայում ընկերության դիրքից, շրջանառությունից ու եկամտից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել