Վստահեցնում է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը
– Արդյոք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ փոխելո՞ւ եք կուսակցության մարտավարությունը:
– Մեր բոլոր մարտավարական քայլերը միտված են մեկ գլխավոր նպատակի՝ օրինաց երկիր կառուցելուն, որտեղ կլինի օրենքի գերակայություն, որտեղ յուրաքանչյուր մարդ կկարողանա իր աշխատանքով իր ընտանիքի հոգսերը հոգալ: «Օրինաց երկիրը» ռեֆորմիստական կուսակցություն է, մեր օրենսդրական նախաձեռնությունները ենթադրում են բարեփոխումներ գրեթե բոլոր ոլորտներում: Հայաստանում չկա մի բնագավառ, որտեղ ՕԵԿ-ը ձեռագիր չի թողել, մի լավ գործ չի արել: Սա է մեր աշխատելաոճը, ու այդպես էլ կշարունակվի: Մենք քաջ գիտակցում ենք, որ ԱԺ բոլոր ընտրություններում մեզ տված ժողովրդի վստահության քվեն այս աշխատանքի համար է եւ նաեւ՝ այն կենսունակ ու իրատեսական ծրագրերի համար, որոնք առաջ է քաշում «Օրինաց երկիրը»: Իսկ մենք ժողովրդի վստահության գինը լավ գիտենք, ու երեւի Հայաստանում չլինի մարդ, ում հայտնի չլինի մեր հիմնական սկզբունքներից մեկը, այն, որ իշխանությունը մեզ համար միջոց եւ հնարավորություն է՝ կյանքի կոչելու մեր նախընտրական ծրագրերն ու գաղափարները, պատասխանատվություն է՝ մեր հայրենիքի ու ժողովրդի հանդեպ: Դրա համար ենք մենք կոալիցիայի մաս կազմել, եւ որքան հնարավոր է՝ կյանքի ենք կոչում մեր նախընտրական ծրագրերը, ինչի համար էլ մենք ստացել ենք տասնյակ հազարավոր մարդկանց քվեն: Չնայած մեզ քննադատեցին, մեր նկատմամբ տեւական ժամանակ իրականացվում է սեւ քարոզչություն, բայց, ինչպես ասում են, ժամանակն է տալիս ամենաճիշտ գնահատականը: Այդուհանդերձ, մենք շարունակում ենք ակտիվ աշխատել՝ հիմքում ունենալով մեր նախընտրական ծրագրերը եւ այն փիլիսոփայությունը, ըստ որի՝ ժողովրդի՝ մեզ տված վստահության քվեն պետք է իր նպատակին ծառայի:
– Որոշ քաղաքական ուժեր ընտրություններից երկու տարի առաջ արդեն խոսում են ապագա խորհրդարանում իրենց տոկոսների մասին, ՕԵԿ-ը որքա՞ն է պատկերացնում իր տոկոսները:
– «Օրինաց երկիրը» ներկայումս Հայաստանի ամենազանգվածային կուսակցություններից մեկն է: Մեր 13 տարիների աշխատանքի շնորհիվ ունենք կայուն ընտրազանգված, մարդիկ, ովքեր վստահում ու հավատում են ՕԵԿ-ին, այն ծրագրերին ու գաղափարներին, որոնք մենք առաջ ենք տանում: Այժմ էլ կուսակցությունը համալրվում է հազարավոր մարդկանցով: Այս ամենը թույլ է տալիս կանխատեսել, որ ապագա խորհրդարանում «Օրինաց երկիրը» կունենա պատկառելի ներկայություն: Մենք երբեք չենք շեղվել այն սկզբունքից, որ ընտրություններից հետո հաջորդ ընտրություններին պատրաստվելու լավագույն տարբերակը աշխատելն է՝ ի նպաստ մեր հայրենիքի ու մեր ժողովրդի: Դա է մեր հաջողության գրավականը: Ի դեպ, ուզում եմ ուշադրություն հրավիրել վերջին շրջանում բավականին ակտիվացած ոչ կոմպետենտ, այսպես կոչված, որոշ քաղաքական մեկնաբանների վրա: Այս մարդկանց մոտ շահավետ եւ մոդայիկ է դարձել պատվերով գուշակել եւ հրապարակել քաղաքական ուժերի տոկոսների մասին: Ընդ որում, հայտարարվող տոկոսներից պարզ երեւում է, թե որ կողմից են փչում պատվերի հոսանքները: Զավեշտն այն է, որ այդ թվերը հրապարակողները իրենք էլ չեն հավատում իրենց ասածներին: Այս ամենը նման է հայտնի հեքիաթին, որում թագավորն ապրած կենան պարգեւ է խոստանում այնպիսի սուտ ասողին, որին ինքն էլ կհավատա:
Իսկ ինչ վերաբերում է մեր տեսակետին, ապա դուք նկատել եք, մենք երբեք տոկոսներից չենք խոսում, քանի որ այնպես չէ, որ բարձր գոռալով տոկոսները կավելանան կամ կիջնեն, բայց այն, որ ՕԵԿ-ը կունենա ծանրակշիռ ներկայություն ապագա խորհրդարանում, դա փաստ է: Վերջապես ժողովուրդն է որոշում այդ վստահության չափաքանակը: Ականատեսն ենք եղել բազմաթիվ դեպքերի, երբ քաղաքական ուժերը հայտարարում են, թե ընտրություններին հավաքելու են, օրինակ, իքս թվով ձայներ, բայց դրա կեսն էլ չեն ստանում: Ի վերջո, հաջողության հասնելու շատ կարեւոր երկու գրավական կա. նախ այն, որ այդ հաջողությունը մեծապես կախված է կուսակցության լիդերից, ով քաղաքական թիմի հայելին է՝ իր գրագիտության մակարդակով, անցած ճանապարհով ու փորձով, ժողովրդավարության եւ հայրենասիրության սեփական ընկալումով: Այդ ամենը նաեւ տարածվում է նրա ղեկավարած ուժի գաղափարախոսությունը կրողների եւ առաքելությունն իրականացնողների վրա:
– Վերհիշելով իրենց քաղաքական անցյալը՝ որոշ գործիչներ վերջերս հայտարարություններ արեցին, թե ՕԵԿ-ի նկատմամբ ժամանակին դավաճանություն չի եղել, եւ իրենք «նեղ» պահին չեն լքել կուսակցությունը:
– Անկեղծ ասած, վերջին ներքաղաքական զարգացումները ինձ, այնուամենայնիվ, զարմացրեցին: Խնդիրն այն չէ, որ մենք առաջին անգամ ենք ականատես լինում նման իրադարձությունների: Զավեշտը բոլորովին ուրիշ տեղում է: Նախ նշեմ, որ արդեն 8 տարի ակտիվ քաղաքական գործունեություն եմ ծավալում եւ միշտ անհանդուրժող եմ եղել անսկզբունքայնության եւ դավաճանության նկատմամբ, որովհետեւ, ինչպես փիլիսոփաներն էին ասում՝ դավաճաններին արհամարհում են նույնիսկ նրանք, ում այդ դավաճանները ծառայում են: Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ դեպքերին, ապա թարմացնեմ ոմանց կարճ հիշողությունը: Բոլոր նրանց արդարացումները, ովքեր 2003 եւ 2007 թվականների խորհրդարանական ընտրություններում նաեւ «Օրինաց երկիր» կուսակցության աջակցությամբ ընտրվել են ԱԺ պատգամավոր ու, հաջորդ օրն իսկ դուրս գալով կուսակցությունից, հայտարարում են, թե կանգնել են մինչեւ վերջ, արդեն վեր է ածվում էժանագին պահվածքի: Ինձ համար անհասկանալի են այն քաղաքական գործիչների մեկնաբանությունները, որոնք նույնպես արդարացնում են տարբեր քաղաքական ուժերում դեգերած մարդկանց գործելաոճը: Ինչեւէ, թեման վերջնականապես փակելու համար ասեմ, որ 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո միայն ՕԵԿ-ը դարձավ իշխանություն, իսկ մինչ այդ խորհրդարանական ընտրություններից հետո սեփական մանդատի խնդիրը լուծած ու հաջորդ օրն իսկ կուսակցությունը լքած մարդիկ իրավունք չունեն ասելու, թե ՕԵԿ-ի կողքին են եղել ընդդիմություն եղած ժամանակ: Այդ ՕԵԿ-ն է նրանց կողքին եղել, եւ ՕԵԿ-ի ժողովրդականության շնորհիվ են նրանք մանդատ ձեռք բերել: Իսկ մենք մեր տեսակով սկզբունքային ենք համարում այն մարդկանց, ովքեր աշխատեցին ու պայքարեցին նաեւ նախագահական ընտրությունների ժամանակ: Պրակտիկան էլ միշտ ցույց է տալիս, որ տեսակով դեգերող մարդկանց «ճանապարհորդությունը» երբեք չի ավարտվում, ինչն էլ մեծ հաշվով իր բացասական ազդեցությունն է ունենում քաղաքական մշակույթի ձեւավորման եւ քաղաքական դաշտի որակի վրա: Եվ հասկանալու համար, որ երկինքն ամեն տեղ կապույտ է, պարտադիր չէ շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել: Սա է ճշմարտությունը:
– Վերջերս youtoube-ում տեղադրված տեսահոլովակներում մանկավարժը ծեծում է աշակերտին. դուք, որպես մանկավարժ եւ մանկավարժական գիտությունների թեկնածու, ինչպե՞ս եք վերաբերվում այս ամենին:
– Ուսուցիչներն ինձ համար հոգեհարազատ մարդիկ են, դպրոցը՝ հարազատ միջավայր, եւ նրա խնդիրները մշտապես անհանգստացրել ու եղել են իմ ուշադրության կենտրոնում: Որպես մանկավարժ՝ դատապարտում եւ անընդունելի եմ համարում երբեւէ մարդուն կրթել ու դաստիարակել ծեծելու միջոցով՝ լինի դա մանկապարտեզում, դպրոցում, բուհում, թե բանակում: Նման միջոցները ընդամենը խոսում են ուսուցչի՝ որպես մանկավարժ-հոգեբանի, թույլ լինելու մասին, ով նաեւ չի տիրապետում աշակերտների դաստիարակման մեթոդիկային: Պատահական չէ, որ ժամանակին կրթության համակարգում լուրջ աշխատանքներ էին կատարվում՝ շեշտը դրվում էր ուսուցչի՝ մանկավարժ-հոգեբանի կրթություն ունենալու վրա: Ցանկացած ուսուցիչ առաջին հերթին պետք է լինի ոչ միայն մանկավարժ, այլ նաեւ հոգեբան, եւ աշակերտի հետ աշխատի այնպես, ինչպես սեփական երեխայի հետ կաշխատեր: Ինչպես մեր մեծերն են ասել՝ ուսուցիչը երկրորդ, բայց ոչ խորթ մայրն է զավակի: Սա նշանակում է, որ ցանկացած ուսուցիչ նաեւ ծնող է եւ թե ընտանիքում, թե դպրոցում իրավունք չունի ծեծի միջոցով դաստիարակելու երեխային, որովհետեւ ֆիզիկական պատիժը խորությամբ ցավեցնում է երեխայի հոգին, վնասում առողջությունը եւ նվաստացնում արժանապատվությունը, մանավանդ, եթե այն արվում է իր համադասարանցիների ներկայությամբ: Ավելին՝ մյուս կողմից ինչպես Ժան Ժակ Ռուսոն է ասում՝ «Ձեզ երբեք չի հաջողվի ստեղծել իմաստուններ, եթե երեխաների մեջ սպանեք չարաճճիությունը»: Տասնյակ տարիներ աշխատելով դպրոցում՝ շատ լավ եմ ճանաչում նրանց, ովքեր նվիրվել գիտեն, անմնացորդ ու անշահախնդիր աշխատել գիտեն: Անընդունելի համարելով կոնկրետ դեպքերը, նման ուսուցչի տեսակը՝ ճիշտ չեմ համարում եւ չէի ցանկանա միակողմանի գնահատել եւ վերլուծել երեւույթները, քանի որ դրանք տարածական չեն: Այնուամենայնիվ, պետք է նպաստենք, որ մեր ազգային դպրոցի հիմքերը երբեւէ չխարխլվեն, քանզի յուրաքանչյուրն է գիտակցում, որ պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող դպրոցը պետք է ունենա պրոֆեսիոնալ մանկավարժ եւ կիրթ ու դաստիարակված սերունդ: