Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՐԱՆՔ ՈՉ ԹԵ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ ԵՆ, ԱՅԼ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԻՄԻՏԱՑԻԱ

Հոկտեմբեր 23,2010 00:00

Այլ կերպ չի կարելի անվանել այն գործընթացը,  երբ նախապես պարզ էր, թե որ հեռուստաընկերությունները չեն մասնակցելու մրցույթներին, կամ որ ալիքը որ մրցույթին է մասնակցելու:

Դեռ այս տարվա հուլիսին մամուլում լուրեր հրապարակվեցին, թե «Թի Վի 5» հեռուստաընկերության աշխատակիցների մի մասին տնօրինությունը տեղեկացրել է, որ նրանք մինչեւ սեպտեմբեր նոր աշխատանք գտնեն, քանի որ հեռուստաընկերության աշխատակիցների թիվը սեպտեմբերին զգալիորեն կրճատվելու է: Այս քայլն իր հերթին պատճառաբանվել էր այն հանգամանքով, որ այս հեռուստաալիքը հեռարձակման արտոնագրերի համար հայտարարված մրցույթում հաղթելու «դաբրո» չի ստացել:

Սակայն «Թի Վի 5»-ի ծրագրերի ղեկավար Լիանա Վարդանյանն ասել էր, թե իրենց մոտ սպասվող կրճատումների մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Ըստ նրա, հակառակը, իրենք նոր հեռուստաեթերի են պատրաստվում եւ մտադիր են սեպտեմբերից իրագործել նոր ծրագրեր:

Երեկ «Առավոտի» հարցին, թե ինչպե՞ս եղավ ուրեմն, որ հայտ չներկայացրին մասնակցելու արտոնագրման մրցույթին, «Թի Վի 5»-ի ղեկավար Գեորգի Մկրտչյանն այսպես արձագանքեց. «Մենք հետագայում կմեկնաբանենք»:

«Շողակաթ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մանյա Ղազարյանը պատասխանելով մեր հարցին, թե ինչո՞ւ հայտ չեն ներկայացրել՝ մասնակցելու մրցույթին, ասաց. «Քանի որ մրցույթներում նախատեսված չէր հոգեւոր-մշակութային ուղղվածություն ունեցող ալիք՝ պատճառը դա է, որ մենք չենք մասնակցում: Անցած տարիների ընթացքում «Շողակաթն» աշխատել ու ճանաչվել է իբրեւ հոգեւոր-մշակութային ուղղվածություն ունեցող ալիք: Բայց դա չի նշանակում, որ հեռուստաընկերությունը դադարեցնելու է իր գործունեությունը: Հիմա բանակցությունների մեջ ենք «Արարատ» մշակութային ալիքի հետ: Եվ ամենայն հավանականությամբ՝ մեր ծրագրերը հունվարից հետո կկարողանանք հեռարձակել այդ ալիքով»: Այս մասին եւս նախապես հրապարակում եղել էր, թե որոշվել է միավորել այդ ալիքները:

Մամուլն անցած ամիսներին անընդհատ գրել է, որ եթերից դուրս մնացողների ցանկում է նաեւ «Ար» հեռուստաընկերությունը: Այն այլեւս հայտ չներկայացրեց հանրապետական սփռման համար եւ այժմ հավակնում է դառնալ «մայրաքաղաքային սփռման, մանկապատանեկան, գիտակրթական, դաստիարակչական, ճանաչողական ուղղվածության եթերային հեռարձակում» իրականացնող ալիք: Այսինքն՝ անունով մնում է «Ար», բայց բովանդակությամբ սա «Հայրենիքն» է: Այս հեռուստաընկերությունները մինչ այդ էլ գործում էին նույն հասցեում՝ Շահամիրյանների փող. 4, ունեին նույն տնօրենը՝ Արամ Հարությունյան, եւ բնականաբար՝ նույն սեփականատերը, այն է՝ «Գրանդ Հոլդինգի» սեփականատեր Հրանտ Վարդանյանը:

«Գրանդ հոլդինգի» մամուլի խոսնակ Վահրամ Բրուտյանն «Առավոտի» հարցերին, թե հեռուստաընկերությունները փաստորեն նաեւ եթերո՞ւմ են միավորվելու, այսինքն՝ մանկական հաղորդումներն ընդմիջվելու են «Ազդարարի» լուրերո՞վ՝ պատասխանեց. «Մրցութային առաջարկի բովանդակության մասին այս պահին հարկ չեմ համարում խոսել, քանի որ հոկտեմբերի 28-ին «Ար»-ն այն մանրամասն կներկայացնի: Ինչո՞ւ «Ար». ուղղակի որոշվել է միավորել այդ երկու հեռուստաընկերությունների ե՛ւ տեխնիկական, ե՛ւ կադրային, ե՛ւ ստեղծագործական հնարավորությունները, եւ ստեղծել ավելի հզոր, ավելի բովանդակալից հեռուստատեսություն: Դա է խնդիրը»:

Իսկ ինչո՞ւ չփորձեցին պահպանել երկու հեռուստաընկերությունները՝ արդյոք պատճառն այն չէ՞, որ եղել էր նախամրցութային համաձայնություն, եւ նախապես էլ հրապարակվել էր, թե փոքրացվելու են ե՛ւ Հրանտ Վարդանյանի, ե՛ւ Բագրատ Սարգսյանի «մեդիա կայսրությունները»: Մեր այս հարցադրումներին ի պատասխան՝ Վահրամ Բրուտյանն ասաց. «Ոչ, նման խնդիր չկա: Նախնական որեւէ պայմանավորվածություն այստեղ գոյություն չունի: Միակ խնդիրը, ինչպես եւ ասացի, այն է եղել, թե պետք է միավորել հեռուստաընկերություններն ու ստեղծել ավելի հզոր մեկ հեռուստատեսություն»:

Ինչպես նկատեցիք՝ մրցույթին չմասնակցած բոլոր հեռուստաընկերությունների վերաբերյալ մամուլում նախապես հրապարակվել են տեղեկություններ, չնայած դրանք տենդագին հերքվում էին մասնավորապես ՀՌԱՀ անդամների կողմից, թե՝ չկա որեւէ քաղաքական որոշում՝ ովքեր այլեւս չեն լինելու եթերում:

Mesrop_HarutyunyanՄրցույթների կանխորոշվածության վկայությո՞ւնը չէ արդյոք այն, որ հայտեր չներկայացրին հատկապես այն հեռուստաընկերությունները, որոնց մասին ամիսներ շարունակ գրվում էր, թե դուրս են մնալու եթերից՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը մեր այս հարցին պատասխանեց. «Դա էլ է վկայություն, որ այս մրցույթները մրցույթների իմիտացիա են: Այսինքն՝ արտոնագրում լինելու է, բայց մրցույթ, որպես այդպիսին՝ չի լինելու 18-ից համենայնդեպս 16-ի դեպքում: Բայց իմիտացիայի մասին ամենամեծ վկայությունը հետեւյալն է. մրցույթին ներկայացվող հայտատուների անունները գաղտնի էին պահվում մինչեւ հոկտեմբերի 21-ը, երբ ՀՌԱՀ-ը դրանք հրապարակեց իր կայքում: Սա առաջին փաստն է:

Երկրորդը՝ 1-5 մրցույթները բացարձակապե՛ս նույնն են՝ իրենց բոլոր պայմաններով: Հիմա հարց՝ այդ ինչպե՞ս 1-5 մրցույթներին դիմած հեռուստաընկերություններից յուրաքանչյուրը (հիշեցնենք՝ հանրապետական սփռման, ընդհանուր ուղղվածության եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների այդ 5 մրցույթների մասնակիցներն են «Արմենիան», «Շանթը», «Հ2»-ը, «Կենտրոնը» եւ «Երկիր մեդիան».- Ա. Ի.) նոստրադամուսյան այդ ի՞նչ մարգարեությամբ կամ մատից հոտ քաշելով որոշեց, թե ինքը պետք է 2-րդ մրցույթին մասնակցի, մյուսը՝ 3-րդին կամ 5-րդին: Ո՞նց գլխի ընկան: Չէ՞ որ տրամաբանությունը հուշում է, որ եթե հեռուստաընկերությունը հավակնում է հանրապետական սփռման՝ կդիմեր, ենթադրենք, 1-ին մրցույթին մասնակցելու համար: 4 հոգի կարող էին դիմել 1-ին մրցույթին մասնակցելու համար:

Եթե արտահոսք է եղել ՀՌԱՀ-ից, թե գիտես՝ «Արմենիան» արդեն դիմել է 1-ի համար, «Շանթ»՝ դու 1-ի համար մի դիմի՝ 2-ի համար դիմի, ուրեմն՝ ՀՌԱՀ-ը խախտել է մրցույթի պայմանները: Եթե՛ եղել է արտահոսք, քանի որ նման պատահականություն չի՛ կարող լինել: Իսկ եթե արտահոսք չի եղել, այլ հեռուստաընկերություններն իրար մեջ պայմանավորվել են, թե յուրաքանչյուրը որ մրցույթի համար է դիմելու, ապա այստեղ անելիք ունի Տնտեսական մրցակցության հանձնաժողովը, որը, կարծում եմ, պիտի ուսումնասիրի, թե ինչպես են 5 հեռուստաընկերություններ փորձում շուկան բաժանել իրար մեջ: Եվ երրորդ տարբերակն է, որ ուղղակի համապատասխան տեղից հրահանգ է եղել, թե ով որ մրցույթի համար պետք է դիմի»:

ԵԽԽՎ 2008-ին ընդունած 1620 բանաձեւի 6-րդ կետն է. «Վեհաժողովը վերահաստատում է, որ Հայաստանում կա բազմակարծ էլեկտրոնային լրատվամիջոցների համար նպաստավոր միջավայրի անհրաժեշտություն»: ԵԽԽՎ 1609 բանաձեւի 6.5 կետն է. «Իշխանությունների կողմից էլեկտրոնային լրատվամիջոցների եւ նրանց գործունեությունը կարգավորող մարմինների նկատմամբ իրականացվող վերահսկողության ընթացիկ մակարդակը, ինչպես նաեւ՝ իսկապես անկախ եւ բազմակարծություն ապահովող հանրային հեռարձակողի բացակայությունը, խոչընդոտում են լրատվամիջոցների դաշտում բազմակարծության ձեւավորմանը»:

Եթե հեռուստաոլորտում, դատելով այս մրցույթներից, որեւէ նոր դերակատար չի հայտնվելու եւ պատկերը մնալու է նույնը՝ այս պայմաններում արդյոք գոնե փոքրիկ հույս կա՞, որ կլուծվեն այն խնդիրները, որոնք տարիներ շարունակ մեր հեռուստաեթերի վերաբերյալ մատնանշում էր ոչ միայն ԵԽԽՎ-ն, այլ նաեւ միջազգային բազմաթիվ այլ կառույցներ: «Ես որեւէ լավատեսական հույս չեմ փայփայում,- ասաց Մեսրոպ Հարությունյանը:- Հայաստանի իշխանությունները որդեգրել են մի քաղաքականություն, որի համաձայն՝ հեռուստատեսությունը համարում են ամենաազդեցիկ լրատվամիջոցը, եւ ողջ եթերը պետք է վերահսկելի լինի: Եթերային դաշտում չպիտի՛ լինի մի այնպիսի ալիք, որը կտա չվերահսկվող տեղեկատվություն. մանավանդ՝ մոտենում են 2012-ի ընտրությունները»:

Հ. Գ. «Նոյյան տապան» լրատվական-վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Տիգրան Հարությունյանը մեր հարցին, թե ինչո՞ւ հայտ չեն ներկայացրել մրցույթին, չցանկանալով մանրամասնել՝ միայն պատասխանեց. «Այս իրավիճակում հաղթելու հնարավորություն չտեսնելով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031