Լրահոս
Օրվա լրահոսը

«ԾԵՐԱՑԱԾ ՊԻՈՆԵՐՆԵՐԻ» ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ

Հոկտեմբեր 23,2010 00:00

\"\"Վլադիմիր Կազիմիրովի «դիվանագիտական աշխուժության արդյունքը»՝ ըստ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի:

– Պարոն Մելիքյան, 1992-1996թթ. Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Վլադիմիր Կազիմիրովն իր հոդվածներից մեկում տեսակետ է արտահայտում, որ Դուք ցանկացած առիթ օգտագործում եք Ռուսաստանի բարի համբավը նսեմացնելու, հայ-ռուսական անկեղծ հարաբերությունների բարձր հարգը կասկածի տակ դնելու համար: Նա Ձեզ կոչում է նաեւ քաղաքական ֆանտաստ: Ի՞նչն է ընկած այդ որակումների հիմքում:
– Արժանին մատուցելով պարոն Կազիմիրովի դիվանագիտական վաստակին եւ ունակություններին, այնուամենայնիվ, ստիպված եմ ասել, որ նա համեստորեն նույնականացնում է իրեն Ռուսաստանի Դաշնության հետ: Բանն այն է, որ ես բազմիցս այն տեսակետն եմ արտահայտել, որ պարոն Կազիմիրովը մեկն է այն մի քանի անձանցից, որոնք հանդիսացել են Ռուսաստանի՝ Հարավային Կովկասի նորանկախ պետությունների նկատմամբ վարած արտաքին քաղաքականության ճարտարապետները: Այդօրինակ քաղաքականության արդյունքը եղավ այն, որ Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում էապես թուլացան: Վ. Կազիմիրովի անձնական ավանդը եղավ այն, որ հատկապես իր ջանքերի շնորհիվ 1993թ. նոյեմբերին հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցավ զինված միջադեպ, որի արդյունքում մեկ ադրբեջանցի զինվորական հրազենային վերք ստացավ: Այդ միջադեպի պատճառն այն էր, որ պարոն Կազիմիրովը, առանց հայաստանյան պատկան մարմինների հետ հարցը համաձայնեցնելու, որոշել էր հատել ադրբեջանահայկական սահմանը: Պարոն Կազիմիրովի այս տխմար վարվելակերպից անտեղյակ՝ հայ սահմանապահները կրակ էին բացել սահմանին մոտեցող ադրբեջանական մեքենայի վրա: Զավեշտն այն է, որ պարոն Կազիմիրովն այդ մեքենայում չէր: Այս միջադեպն օգտագործվեց Հայաստանի հանդեպ ՌԴ-ի կողմից աննախադեպ ճնշում գործադրելու համար՝ այն ներկայացվում էր որպես այն բանի ապացույց, որ Հայաստանը հակամարտության կողմ է:
– Այսինքն՝ պարոն Կազիմիրովին հաջողվե՞ց ԼՂ հակամարտությունը ներկայացնել որպես եռակողմ:
– Նա դրա համար ստեղծեց անհրաժեշտ նախադրյալները: Հատկանշական է, որ նշված միջադեպը կազմակերպվեց Հեյդար Ալիեւի՝ ԱՀ նախագահ դառնալուց մոտ մեկ ամիս անց: Կարելի է պնդել, որ հենց ռուսական կողմի ճնշումն էր, որ ստիպեց ՀՀ իշխանություններին Հայաստանը պաշտոնապես ճանաչել հակամարտության կողմ: Աչք է ծակում նաեւ այն փաստը, որ այդ միջադեպից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դադարեց ԼՂ վերաբերյալ բանաձեւեր ընդունել: Այդ բանաձեւերը կարեւոր էին մեզ համար նրանով, որ ԼՂ հակամարտությունը դիտարկվում էր երկկողմ ձեւաչափով՝ Արցախ-Ադրբեջան: Այսինքն՝ 1992-93թթ. ընթացքում Ռուսաստանը, որպես ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ, պաշտոնապես ընդունում էր հակամարտության երկկողմ ձեւաչափը, իսկ մյուս կողմից՝ Վ. Կազիմիրովի շարունակական եւ հետեւողական ջանքերն էին քաջալերում՝ այդ ձեւաչափը եռակողմի վերածելու համար: Այն, ինչը չկարողացավ անել Ադրբեջանը ՀՀ սահմանամերձ գյուղերի ու քաղաքների վրա պարբերական հարձակումների եւ այլ սադրանքների միջոցով, հաջողացրեց անել վերոհիշյալ ռուսաստանցի դիվանագետը: Հակամարտության այս նոր, եռակողմ ձեւաչափը թույլ տվեց ժամանակի ընթացքում խնդիրը ներկայացնել որպես ՀՀ զինված ագրեսիա՝ ընդդեմ խաղաղ Ադրբեջանի, եւ այս հակամարտությունը վերածել մի շուկայի, որտեղ առեւտրի են նստել աշխարհի գերհզորներն ու տարածաշրջանային գերտերությունները:
– Դուք վստա՞հ եք, որ Ռուսաստանը այս ճանապարհով չի կարող ապահովել իր շահերը Հարավային Կովկասում:
– Այն քաղաքական մոտեցումները, որոնք իրականացվել են, ի թիվս այլոց, նաեւ պարոն Կազիմիրովի շնորհիվ, կարող են աշխատող լինել բացառապես Խորհրդային Միության վերականգնման դեպքում: Նման հեռանկար դեռեւս չեմ տեսնում, թեեւ շատերն են այդ մասին երազում թե՛ Ռուսաստանում, թե՛ այլուր: Բարեբախտաբար, սա առայժմ քաղաքական ֆանտաստիկա է, բայց անհրաժեշտ է ուշադիր լինել, քանի որ այս ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում, եւ մի շարք՝ արդեն ծերացած պիոներներ դեռ կարող են նոր դժբախտությունների պատճառ դառնալ: Ես վստահ եմ, որ հայ-ռուսական հարաբերությունները իսկական գործընկերության շատ լուրջ ներուժ ունեն, սակայն այդ ներուժն արդյունավետորեն աշխատեցնելու համար երկուստեք պետք է վերանայվի երկկողմ հարաբերությունների փիլիսոփայությունը: Ստրուկը չի կարող վստահելի գործընկեր լինել, եւ դա է, որ պետք է խորապես հասկանան Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարող վերնախավերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել