Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինտելեկտուալ դերասան չեմ տեսնում»

Հոկտեմբեր 22,2010 00:00

Անվանի ռեժիսոր Հենրիկ Մարգարյանը մտահոգված է

Օրերս «Կինոաշուն» նախագծի շրջանակում նշվեց ռեժիսոր Հենրիկ Մարգարյանի ծննդյան 85-ամյակը, «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց նաեւ նրա՝ 1964 թ. նկարահանած «Տերտերին ուխտը» ֆիլմը: Հ. Մարգարյանը 1967 թվականից մինչ այսօր իր փորձն է փոխանցում հայ երիտասարդներին, այժմ էլ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ուսումնական ստուդիայի գեղարվեստական ղեկավարն է: Հիացած է իր ուսանողներով, բայց նշում է, որ դիմորդների թվում լինում են այնպիսիք, որ Սասունցի Դավթին Հայրենական պատերազմի հերոս են համարում: Հոբելյանական երեկոյի վերջում Հենրիկ Մարգարյանը սիրով հարցազրույց տվեց «Առավոտին»: Զրույցը ծավալվեց ոչ միայն կինոյի, թատրոնի, այլեւ Երեւանի այսօրվա ճարտարապետական տեսքի եւ այսօր նկատվող միտումների շուրջ: «Չափազանցություն մի համարեք. եթե մի պետություն կինո չունի, իրավունք չունի իրեն պետություն համարել, բայց կինոն այն ժամանակ է կինո, երբ ունի ֆունդամենտ, մենք այսօր այդ բազան չունենք, կինոն առաջին հերթին գաղափարախոսություն է եւ այն չէ, ինչ այսօր ցույց է տրվում հեռուստատեսությամբ՝ մատուցվելով որպես սերիալ: Մենք այժմ նման ենք Գիքորին, որ մտել է Թիֆլիս ու շշմած նայում է: Փող դնողները, ներդնողները մտածում են. գումար են տալիս՝ մի տարի հետո հետ կբերե՞ն, թե՞ ոչ: Սերիալ անողները «կինոշնիկներ» են, երբ արտերկրում սկսեցին սերիալ անել, նրանք ժողովրդին հիմարի տեղ դրեցին ու մտածեցին, թե էկրանից ինչ ասես կարելի է հրամցնել, որովհետեւ ժողովուրդը հեռուստացույցից չի փախչում»,- ասում է Հ. Մարգարյանը: Հայաստանում նկարահանվող այսօրվա ֆիլմերի մասին ռեժիսորը դրական չի արտահայտվում, գտնում է, որ դրանք լավ ֆիլմ կոչվելուց հեռու են. «Իսկական կինոն այժմ քնած է, որովհետեւ կինոստուդիան ավազակները խլել են: Նկարահանված «Սպանված աղավնիից», «Արտիստից» կտորներ եմ տեսել, սարսափած եմ՝ ինչպե՞ս կարելի է այդ աստիճան փչացնել այդպիսի գեղարվեստական գործերը: Ամբողջ աշխարհը հիացավ «Քամուց քշվածները» նայելով, մեր գրականությունը չունի՞ այդպիսի գործեր: Ասում ենք՝ պետություն ենք, ազատություն ենք ստացել, ինչո՞ւ չեք նկարում, օրինակ, «Մուսա լեռան 40 օրը», ինչո՞ւ եք թողնում, որ հայերը գնան Ամերիկա, ողորմություն խնդրեն ամերիկացիներից, որ փող տան, ֆիլմ նկարեն…

Թուրքիան ինչքան ուզում է՝ թող ոռնա: Այն, ինչ գրել է այդ վեպի հեղինակը, դա ներկայացրեք եւ տեսեք, թե թուրքերը ոնց կարող են «նստել»: Բայց ի՞նչ ենք ցույց տալիս, հերոսները վերցնում են ատրճանակները, ջարդում-փշրում, մտնում հիվանդանոց, որտեղ իրենց հերոսը պառկած է, զարմանում ես՝ այդ հիվանդանոցը տեր չունի՞, մտնում են, մորթում, գնում: Սրանով մի բան ենք ասում՝ պետություն չկա: Չգիտեմ՝ քանի՞ տոկոս դերասան է խաղում այդ ֆիլմերում, եթե այդպիսի դերասաններ կան՝ կորանք, բոլորը խորոված, քյաբաբ… բոլորը միլիարդատեր են, ավտոների մեջ»: Մեր զրուցակցի կարծիքով, ինչ որակի սերիալ ցույց տրվեց այսօր՝ մեր կյանքն էլ այդպիսին է լինելու, բայց այն, ինչ ներկայացվում է այսօրվա սերիալներում, ռեժիսորի կարծիքով՝ չափազանցված է. «Ամեն մի լամուկ ատրճանակը հանում-կրակում է, եթե մեր կյանքից են վերցրել, ամբողջ հայ ազգը պետք է գնա իրեն գցի Քուռը: Չգիտեմ, միգուցե սխալվում եմ եւ պետք չէ այդքան սրտին մոտ ընդունել այն, ինչ այդքան անորակ մատուցում են, գուցե աշխարհը շուռ է եկել…»:

Խոսելով կինոարտադրանքի մասին՝ նա նշեց. «Ռուսներն իրենց 65 ֆիլմի արանքում մի 10-ը թողեցին, որոնցից մեկը Կաննում մրցանակ շահեց: Ռուս դերասանների հետ խոսելիս հասկանում ես, որ ինտելեկտուալ մարդու հետ ես շփվում, մեր շրջապատում ինտելեկտուալ դերասան չեմ տեսնում…»: Հ. Մարգարյանի խոսքով՝ «Մերոնք այնքան դմբո են, որ չեն օգտագործում մի շատ կարեւոր փաստ: Երբ 2-րդ համաշխարհային պատերազմը վերջացավ, բոլորը նստեցին հաշիվները մաքրելու: Թուրքիան ֆաշիստական պետության կողքին էր կանգնած, ամբողջ պատերազմի ընթացքում փակ պահեց իր Դարդանելն ու Բոսֆորը, որ անգլիական ու ամերիկյան նավերը մտնեն, Ռուսաստանին օգնեն, Թուրքիայի սահմանի վրա թուրք ենիչերիները պատրաստ սպասում էին՝ հենց որ Ստալինգրադն ընկնի, անցնում են սահմանը, Հայաստանին տրորելով, Վրաստանի վրայով անցնելով հասնում Բաքու: Ոչ մեկն այսօր Թուրքիային այդ բանը չի ասում»:

Հարցին, թե բացի գումարից, ի՞նչն է մեզ պակասում լավ կինո ունենալու համար, նա պատասխանեց. «Հասարակությունը պետք է զարգացած լինի լավ կինոն հասկանալու համար: Մենք 15 տարի հետ ենք գնացել: Մինչեւ կինոստուդիա չունենանք, ինչքան էլ մեր ընկերը (նկատի ունի Գեւորգ Գեւորգյանին- Լ. Խ.) լավ գործ է անում, մեկ է՝ մեկ ծափով գարուն չի գա, պետական մոտեցում է պետք»: Մեր զրուցակցի կարծիքով, ելք կա. «Կանգնեցնել այն ծրագրերը, որ անհատներին հարստացնելու ճանապարհով է գնում, թող 2 միլիարդատեր չունենանք, այդ գումարը ներդնենք կինոյի մեջ»: Հ. Մարգարյանին նաեւ թատրոնի, մասնավորապես՝ Մայր թատրոնի ճակատագիրն է հուզում. «Ռեժիսոր, գեղարվեստական ղեկավար չկա… ի՞նչ թատրոն, մեկը մի տեղից սուլում է՝ սա նկարենք, մյուսը՝ գռմռում՝ սա նկարենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել