Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՀՈՒՆԳԱՐԱՑՈՒ ՀԱՅԱՑՔՈՎ

Հոկտեմբեր 22,2010 00:00

\"\"Թաիլանդական շաբաթից մինչեւ հայ-հունգարական խնամիություն

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում հայտարարված է թաիլանդական շաբաթ: Վերջինիս օրերս մասնակից դարձրին նաեւ մի խումբ լրագրողների: Էկզոտիկ կերակուրների պակաս չէր զգացվում: Ասիական շաբաթը ներկայացրեց եվրոպացի Զոլտան Կոնշանսկին՝ հյուրանոցի վաճառքի եւ մարկետինգի տնօրենը: Կես կատակ-կես լուրջ էլ ասաց. «Հուսամ՝ ձեզ դուր կգա, տանը կպատրաստեք, մի օր ինձ կհրավիրեք համտեսելու»: Պարոն Կոնշանսկին 10 ամիս է՝ ինչ ապրում է Հայաստանում: Արդեն հասցրել է հայերեն արտահայտություններ սովորել եւ իր անգլերենը դրանցով «համեմել»: Խոստովանում է, որ այստեղ գալուց առաջ բավականին տեղեկացվել է, կարդացել մեր երկրի մասին:

Նրանից հետաքրքրվեցինք՝ հատկապես ինչո՞վ է տպավորված եւ դո՞ւր է եկել իրեն Հայաստանը: Ազգությամբ հունգարացի Զ. Կոնշանսկին, պարզվում է, իր համար համապատասխան հետեւություններ է արել: Ասում է՝ եկել եմ այն եզրակացության, որ Հայաստանում ամեն ինչ պտտվում է երկու բանի շուրջ՝ մեկը Արարատն է, մյուսն էլ Հայկ Նահապետը: «Երկիրը ավելի լավ ճանաչելու համար օտարերկրացին պետք է երկու արարողության մասնակցի՝ հարսանիքի եւ հուղարկավորության: Ի դեպ, դրանից հետո եմ սկսել մի ուրիշ աչքով նայել Արարատին եւ հատկապես օդանավակայան գնալիս ուշադիր հետեւում եմ, թե որքան գեղեցիկ է այն»,- ժպտում է մեր զրուցակիցը: Նա, որ խոհարարի եւ մարկետոլոգի մասնագիտություն ունի, նշում է, թե Հայաստանում իրեն լավ է զգում, հավանում է հայկական ուտեստները, բայց իր ազգային գուլյաշ ճաշատեսակին ոչինչ չի հասնի: Ի դեպ, նա շատ ուրախացավ, երբ տեղեկացավ, որ հայկական ռեստորաններից մեկը վերջերս Հունգարիայում գուլյաշի փառատոնի է մասնակցել: Վաճառքի եւ մարկետինգի տնօրենը հավելում է, որ հունգարացիներն էլ հայերի նման քաղցրասեր են, դրա համար էլ, նրա ձեւակերպմամբ՝ «պոնչիկի» տեսք ունեն:

Զ. Կոնշանսկին ասում է, որ հարգում է հայաստանյան մշակույթը, գիտի, որ այս երկիրը հարուստ պատմություն ունի: Նա նույնիսկ փաստում է, թե ժամանակին իրենց Իոսիֆ Երկրորդ թագավորի որդին ու մեր Տրդատ Երկրորդի դուստրը ամուսացած են եղել, եւ հայ-հունգարական խնամիություն է եղել: «Ես հյուր եմ ձեր երկրում, չնայած երկար ժամանակով, բայց մեկ է՝ հյուր եմ: Իսկ ամեն հյուր պարտավոր է լավ իմանալ ու հարգել այն տան օրենքները, որը հյուրընկալել է իրեն»,- նշում է հունգարացին: Լրատվամիջոցներին լավ է վերաբերվում, նույնիսկ հաճոյախոսում է. «Հավատացած եմ, որ լրագրողները կարեւոր արժեքների կրող եւ փոխանցող են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել