Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱ ՇԵՔՍՊԻՐԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՁՆԱԳԻՐ ՏՎԵՑ

Հոկտեմբեր 22,2010 00:00

Երեկ ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց արվեստագիտության դոկտոր, ակադեմիկոս Ռուբեն Զարյանի հարյուրամյա հոբելյանին նվիրված գիտաժողով:

«Ռուբեն Զարյանը վիթխարի երեւույթ էր, ապշելու գիտնական: Նա մեծ հետք թողեց հայ գրահրատարակչության մեջ եւ, վերջապես, Շեքսպիրին տվեց հայկական անձնագիր»,- ասում է Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: Ռ. Զարյանը եղել է Հայպետհրատի բաժնի վարիչ, արվեստի ինստիտուտի հիմնադիր տնօրեն: Նրա ամենակարեւոր ձեռքբերումը ներկաները համարում են Շեքսպիրագիտության կենտրոնի հիմնադրումը, որը Զարյանը ղեկավարեց մինչեւ 1994թ.: Գրող-հրապարակախոս Պերճ Զեյթունցյանն իր խոսքում ասաց. «Ամեն մարդ ինտելիգենտ չէ, դա հատուկ մարդկային տեսակ է, հենց այդպիսին էր Զարյանը»: Ակադեմիկոս Սեն Արեւշատյանն էլ հավելեց. «Մենք այսօր նշում ենք մի պայծառ մարդու հոբելյան, նա առանձնանում է մտավորականության մեջ որպես մի լուսավոր կերպար եւ պատահական չէ, որ նա հիմք դրեց արվեստի ինստիտուտին Հայաստանում»: Գիտաժողովին ներկա էր նաեւ Հալեպի Պ. Ադամյանի անվան թատերախմբի հիմնադիր եւ ղեկավար Վահե Սամվելյանը, ով իր թատերախմբի ողջույնի նամակն էր բերել գիտաժողովի անդամներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել