Լրահոս
Օրվա լրահոսը

Լեհ խմբագիրը հանդիպեց ԵՊՀ ուսանողներին

Հոկտեմբեր 22,2010 00:00

\"\"Այս օրերին Հայաստանում է լեհական «Գազետա Վիբորջա» թերթի խմբագիր, լրագրող, պատմաբան Ադամ Միխնիկը: Երեկ նա հանդիպեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների, ժուռնալիստիկայի, արեւելագիտության, ռուս բանասիրության, պատմագիտության, տնտեսագիտության ֆակուլտետների ուսանողների հետ:

Խմբագիրը նշեց. «Շատ կարճ ժամանակահատված է, ինչ այստեղ եմ եւ արդեն հասցրել եմ տպավորվել: Ինձ մասնավորապես գերեցին Փարաջանովի թանգարանը, հայկական եկեղեցիները, մարդիկ…»:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի բնորոշմամբ՝ Ա. Միխնիկը դեռ երիտասարդ տարիներից Լեհաստանի ամենաակտիվ հասարակական-քաղաքական գործիչներից է եւ մեծ ազդեցություն ունի ժամանակակից Լեհաստանի հասարակական-քաղաքական կյանքի, նոր հայացքների ձեւավորման վրա:

Ա. Միխնիկի խոսքով, 22 տարվա պատմություն ունեցող եւ Լեհաստանում ամենամեծ տպաքանակ ունեցող «Գազետա Վիբորջա» թերթը մեծ նշանակություն ունի լեհ հասարակության կյանքում. «Մենք ձգտում ենք հաղորդել երկու կարեւոր բան՝ ճիշտն ու ազատը. դա է մեր առաքելությունը… Լեհաստանը համարում եմ դեմոկրատական երկիր: Օրինակ՝ նախագահական ընտրությունների ժամանակ, մինչ ընտրությունների վերջին ժամը, մենք չենք իմանում՝ ով է լինելու երկրի ղեկավար: Մինչդեռ կան երկրներ, որտեղ ընտրությունների նախորդ օրն արդեն ամեն ինչ հայտնի է: Մյուս կողմից էլ, չեմ ժխտում, որ Լեհաստանում էլ խնդիրներ կան՝ մարդու իրավունքների «մասով», մշակույթում… Լեհաստանը համեստ երկիր է: Այնտեղ երբեք չեն եղել եւ, կարծում եմ՝ չեն լինի այնպիսի օլիգարխներ, ինչպիսիք կան Ռուսաստանում կամ Ուկրաինայում: Մեզ մոտ օլիգարխները չեն ղեկավարում իշխանությունը: Դա պայմանավորված է մեր արմատներից եկող սկզբունքներով: Նաեւ նրանով, որ Լեհաստանում մամուլը հզոր ուժ է»:

Ռուսաստանի հետ Լեհաստանի հարաբերությունների մասին Ա. Միխնիկն ասաց. «Այժմ դրանք նորմալ են… Ես լավատես եմ: Կարծում եմ՝ հիմա ունենք ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդիր: Օրինակ, ինչո՞ւ եք դուք ռուսաստանյան ռազմաբազաներ տեղադրել Հայաստանում, որովհետեւ մի կողմից Թուրքիան է, մյուս կողմից՝ Ադրբեջա՞նը, այդ ռազմաբազան ձեզ համար ապահովագրություն է, չէ՞: Այնպես էլ մեզ համար ՆԱՏՕ-ին անդամակցելն է ապահովության գրավական»:

Հարցին՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների առումով ի՞նչ դիրք ունի Լեհաստանը, պարոն Միխնիկը զարմացած պատասխանեց. «Ի սկզբանե էլ Լեհաստանը հայերի կողմն է եղել»: Իսկ այն տեսակետին՝ ինչպե՞ս է, որ ղարաբաղյան հակամարտության ժամանակ Լեհաստանի նախագահը արգելել էր լեհերին գնալ Լեռնային Ղարաբաղ՝ հայկական կողմով, լրագրողը շփոթվեց, ապա պատասխանեց. «Լավ չեմ հիշում այդ շրջանը, բայց վստահ կարող եմ ասել, որ լեհ նախագահը երբեք ոչ ոքի ոչինչ չի արգելել: Դա մարդու իրավունքների ոտնահարում է: Գուցե նա խորհուրդ է տվել ընդամենը չգնալ Ղարաբաղ, որովհետեւ պատերազմական իրավիճակ էր, արյուն, լարված դրություն, այսկերպ մտահոգվելով ազգությամբ լեհերի անվտանգությամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել