Լրահոս
Օրվա լրահոսը

Անին՝ «քաղաքական ճահճում»

Հոկտեմբեր 22,2010 00:00

\"\"Ինչպես տեղեկացնում են «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հ/կ-ից, «Ժառանգության գլոբալ հիմնադրամի» (Global Heritage Fund, Սան Ֆրանցիսկո) հաղորդագրության համաձայն, աշխարհում զարգացող երկրների շուրջ 200 ժառանգության վայրեր ճանաչվել են վտանգված, որից 12-ը գնահատվել է որպես անդարձ կորստյան եւ ավերման դատապարտված՝ վատ կառավարման եւ անուշադրության պատճառով: Միջին Արեւելքի ժառանգության 3 վայրեր (Նինվեն՝ Իրաքում, Հիշամա պալատը՝ Պաղեստինում եւ Անին՝ Թուրքիայում) առանձնապես վտանգվածների թվում են: Զեկույցում ասվում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանագծին գտնվող Անի քաղաքի ավերակները վերաբերում են 11-րդ դարին: Երբեմնի «Հազար ու մի եկեղեցիների քաղաքն» այսօր ամբողջովին անկում է ապրում:

«Ժառանգության գլոբալ հիմնադրամի» գործադիր տնօրեն Ջեֆ Մորգանը CNN-ին ասել է. «Անին հավանաբար աշխարհի ժառանգության վայրերի լավագույն տասնյակում է՝ ինչպես ինկերի հնավայր Մաչու Պիչուն՝ Պերուում կամ Անկորը՝ Կամբոջայում: Սա անհավատալի է»: Մորգանը նշել է, որ Անին «հայտնվել է քաղաքական ճահճում»՝ երկու երկրների, որոնք չունեն դիվանագիտական հարաբերություններ՝ սահմանագծին գտնվելու պատճառով:

Հյուսիսային Իրաքում գտնվող Նինվեն հանդիսացել է Ասորեստանի մայրաքաղաքը մ.թ.ա. 705-612 թվականներին: Մորգանը նշում է, որ այն այսօր վտանգված է ոչ այնքան Իրաքում առկա ռազմական ընդհարումներից, որքան անվերահսկելի կառուցապատումից, որի հետեւանքով տարածքի հնագիտական ժառանգության մոտ 40 տոկոսը հայտնվել է ժամանակակից շինությունների տակ:

Պաղեստինյան տարածքում գտնվող Հիշաման՝ Ումայադների իսլամական դինաստիայի ձմեռային պալատը, ավերվել է մեր թվարկության մոտ 747 թվականին՝ երկրաշարժից: Հնավայրին, ինչպես եւ Նինվեին սպառնում է ժամանակակից կառուցապատումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել