Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորը՝ Թումանյան, Ալավերդին՝ Մաթեւոսյան

Հոկտեմբեր 22,2010 00:00

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը ազգանպաստ նախաձեռնությամբ է հանդես գալիս

\"\"«Եթե կարող է լինել քաղաք Աբովյան կամ Չարենցավան, տրամաբանական է, որ Վանաձորն էլ անվանակոչվի Հովհաննես Թումանյանի անունով՝ Թումանյան»,- ՀԳՄ վարչության երեկվա հերթական նիստի ժամանակ, ներկայացնելով իր նախագիծը, առաջարկեց ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: 7 հարցից բաղկացած նրա նախագծի միակ՝ որոշակի դժգոհությունների տեղիք տված հարցը Վանաձորը՝ Թումանյանով անվանափոխելուն էր վերաբերում: Մնացած բոլոր հարցերի հետ ներկաները համաձայն էին եւ հավանության արժանացրին նախագիծը:

Նշենք, որ պատգամավորը «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի համաձայն, իրավունք չունի հանդես գալ անվանումների վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ: Դեռ 2007 թվականին Վանաձորը՝ Թումանյան եւ Ալավերդին՝ Մաթեւոսյան անվանափոխելու առաջարկով նա գրավոր դիմել էր կառավարությանը, հարցն արժանացել էր այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանի հավանությանը, բայց մինչ այժմ օրենսդրական նախաձեռնություն չի եղել: Նրա ներկայացրած նախագիծը քննարկվել է նաեւ Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ծնունդով լոռեցի Սոս Սարգսյանի, Գուգարաց թեմի առաջնորդի, Թումանյանի թոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանի եւ այլոց հետ, ովքեր եւս դրական գնահատականի են արժանացրել այն: Վ. Դալլաքյանի խոսքով՝ «Վանաձոր անվանումը որեւէ պատմական հիմք չունի եւ հակասում է «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքին, որովհետեւ մեկ թաղամասի անունը դրված է ամբողջ քաղաքի վրա: 2000 բնակիչ ունեցող Ձաղիձոր գյուղի անունը դրել են Թումանյան եւ հիմա ձաղիձորցիները խնդրում են վերականգնել բնակավայրի նախկին անունը»: Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Հենրիկ Բախչինյանը 2 ձեռքով կողմ էր նախագծին: Կինոգետ Դավիթ Մուրադյանը համաձայն էր, որ Վանաձորի անունը պետք է փոխել, բայց դեմ էր այն Թումանյան անվանակոչելուն, ենթադրում է, որ այդ դեպքում, օրինակ, Գորիսը պետք է կոչել Բակունց. «Կիրովականը օրգանական քաղաքային կերպար ունի, որը հակասության մեջ է մտնում Վանաձոր անվան հետ, որովհետեւ այդ անունը ասոցացվում է մի որեւէ գողտրիկ կամ ոչ գողտրիկ գյուղի հետ, բայց ռուսներն ունեն Տոլստոյ, Դոստոեւսկի ու նրանց մտքով չանցավ այդ անուններով քաղաք էլ ունենալ»: Պարոն Դալլաքյանն էլ՝ ի պատասխան ասաց. «Ես ԱԺ գնացել եմ Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտից, եթե չեմ առաջարկում Դսեղի անունը դնել Թումանյան, հասկանում եմ, որ Թումանյանը ծնվել է Դսեղում եւ գիտեմ, որ Գորիսը հին պատմական անուն է, հետեւաբար չեմ առաջարկում այն Բակունց կամ էլ Գյումրիի անունը՝ Իսահակյան դնել: Ի տարբերություն այս քաղաքների, Վանաձորը՝ Ղարաքիլիսան, թուրքական անուն է»: Պատգամավորը առաջարկում էր նաեւ պետական կամ այլ միջոցներով ձեռք բերել Դսեղում գտնվող Հ. Թումանյանի տուն-թանգարանի հարեւանությամբ տեղակայված բանաստեղծի եղբոր՝ Վահանի խանութի վերածված տունը, եւ այն ընդգրկել տուն-թանգարանի կազմում, բանաստեղծի՝ Երեւանում գտնվող թանգարանը դարձնել թումանյանագիտության կենտրոն՝ տալով թանգարան-ինստիտուտի կարգավիճակ, ինչպես նաեւ Դսեղ գյուղի շրջակայքի որեւէ հատվածում ստեղծել թումանյանական այգի, որտեղ կտեղադրվեն բանաստեղծի ստեղծագործությունները ներկայացնող քանդակներ եւ այլ գործեր:

Նախագծում ներկայացված էր նաեւ Դսեղի եկեղեցու բակում ամփոփված Հ. Թումանյանի հոր եւ պապի աճյունների մոտ տեղափոխել Թումանյանի մոր եւ տատի աճյունները, ինչպես նաեւ բարեկարգել անխնամ վիճակում գտնվող գերեզմանոցը՝ այնտեղ տեղադրելով համապատասխան հուշակոթող: Ներկաները կողմ էին նաեւ Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում պահվող Պետրոս Դուրյանի մասունքները Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում ամփոփելուն եւ այնտեղ համապատասխան հուշակոթող տեղադրելուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել