Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱՌԱՏՈՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՍԵՓԱԿԱՆ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ

Հոկտեմբեր 22,2010 00:00

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը շարունակում է աշխարհահռչակ երաժիշտների հյուրընկալել

\"\"
Էդ. Թոփչյանը (ձախից), Ս. Իսերլիսը եւ Ա. Բաքսը:

Այս տարին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) համար հոբելյանական է: Կոլեկտիվը 85 տարեկան է: Սակայն հանրապետության թիվ 1 նվագախմբի հոբելյանի առիթով պետական մակարդակով առայսօր ոչինչ չի արվել: ՀՊՖՆ-ի պատմության մեջ արձանագրված բազում հիշարժան համերգների, հոբելյանների եւ այլ միջոցառումների շարքում առանձնահատուկ է 4-րդ տարին անցկացվող Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնը՝ կամերային եւ սիմֆոնիկ համերգներով: Արտերկրից հրավիրված 23 երաժիշտներ, բացի փառատոնային ծրագրերից, հանդես եկան նաեւ վարպետության դասերով: Այս տարի փառատոնը մեկնարկեց սեպտեմբերի 11-ին եւ այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում կհնչի վերջին ակորդը: ՀՊՖՆ-ի ընկերակցությամբ (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) հանդես կգան աշխարհահռչակ երաժիշտներ՝ անգլիացի թավջութակահար Սթիվեն Իսերլիսը եւ իտալացի դաշնակահար Ալեսիո Բաքսը: Կհնչեն համաշխարհային երաժշտական գրականության ընտրանիից Դվորժակի թավջութակի եւ Չայկովսկու դաշնամուրի թիվ 1 կոնցերտները:

Նախօրեին «Առավոտը» հանդիպեց Սթիվեն Իսերլիսի եւ Ալեսիո Բաքսի հետ:

Ժամանակին տարբեր առիթներով ներկայացրել ենք Ս. Իսերլիսին: Թեեւ այս փառատոնին մասնակցում է առաջին անգամ, սակայն բազմազբաղ երաժիշտը արդեն քանիերորդ անգամ չի մերժում թե ՀՊՖՆ-ի եւ թե «Երեւանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի հրավերները: Ճանաչում ունեցող երկու երաժիշտները, որոնք փառատոնային մեծ փորձ ունեն, Երեւանյան 4-րդ միջազգայինի հետ կապված նշեցին, որ սա բացառիկ հնարավորություն է, երբ մեկ փառատոնի շրջանակում անցկացվում են կամերային եւ սիմֆոնիկ երեկոներ: Այդպես լինում է միայն համաշխարհային ճանաչում եւ տարիների փորձ ունեցող փառատոներում: Նշեցին նաեւ հանրապետության առաջին տիկնոջ հովանավորությունը՝ այս փառատոնին:

Ս. Իսերլիսը մեզ հայտնեց, որ վերջին շրջանում իր երաժշտական հետաքրքրությունների շրջանակը ընդլայնել է. գրել եւ թողարկել է մանկապատանեկան լսարանին ուղղված գրքեր, որոնք թարգմանվել են տարբեր լեզուներով: Նա չբացառեց նաեւ առաջիկայում դրանց հայերեն թարգմանությունը: Արվեստագետը նվագել է համերգաշարեր երեխաների համար եւ վերջերս թողարկել է առաջին՝ «Երեխաների թավջութակ» CD: Դաշնակահար Ա. Բաքսը Հայաստանում է առաջին անգամ: Ելույթներ է ունեցել աշխարհի լավագույն նվագախմբերի հետ (այդ թվում՝ Լոնդոնի, Դալլասի, Տոկիոյի եւ այլն)՝ ճանաչված դիրիժորների (Մ. Էլսըփի, Ա. Դմիտրիեւի, Վ. Հենդըլի, Ջ. Նոթի) ղեկավարությամբ, ելույթներն էլ հաճախ հեռարձակվել են BBC, CBC եւ այլ հեղինակավոր հեռուստաալիքներով: Երաժիշտը 14 տարեկանում ավարտել է Իտալիայի Բարի քաղաքի կոնսերվատորիան եւ հետո ուսումը շարունակել Դալլասի Meadows School of the Arts-ում եւ ներկայումս էլ հանդիսանում է այդ հաստատության դասախոս: Հետաքրքրվեցինք՝ արվեստների երկրից ի՞նչը իրեն տարավ Ամերիկա: Ալեսիոն հայտնեց, որ ինքը 16 տարեկանից Ամերիկայում է. «Ամերիկան ունի հոյակապ համալսարաններ, որոնք ահռելի ֆինանսներ են ստանում եւ պետությունից, եւ տարբեր կազմակերպություններից… Կարճ ասած՝ այդ երկիրն ունի եւ հնարավորություն, եւ միջոց՝ գրավելու տաղանդավոր երաժիշտներին»: Դաշնակահարը հիացական խոսքեր ասաց նաեւ ՀՊՖՆ-ի երաժիշտների հասցեին, մասնավորապես՝ ջութակահար Կարմեն Թոսունյանի, թավջութակահարներ Կարեն Քոչարյանի, Սամսոն Թաթոսյանի եւ ալտահար Արտաշես Ասատրյանի, որոնց ընկերակցությամբ օրերս հանդես էր եկել կամերային ծրագրով: Իսկ Էդ. Թոփչյանի մասին էլ ասաց. «Հայ դիրիժորի ղեկավարությամբ Չայկովսկու կոնցերտի փորձը այնպես սահուն անցավ՝ ինչպես երբեք ոչ մեկի հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել