Անդրեյ Սախարովի անվան «Մտքի ազատություն» մրցանակը երեկ շնորհվել է կուբացի այլախոհ Գիլերմո Ֆարինյասին: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը: 48-ամյա լրագրող եւ հոգեբան Ֆարինյասն իր կյանքի 11,5 տարին անցկացրել է բանտում եւ Կուբայի ռեժիմի դեմ 23 անգամ հացադուլ է արել:
Ֆարինյասը երրորդ կուբացին է, որ ստանում է Սախարովի անվան մրցանակը:
Մրցանակի հանդիսավոր շնորհման արարողությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 15-ին, Ստրասբուրգում: Նա կստանա նաեւ 50 հազար եվրո դրամական պարգեւ:
Եվրախորհրդարանի միջազգային հարցերով կոմիտեն ավելի վաղ որոշել էր այդ մրցանակի երեք թեկնածուներին: Բացի կուբացուց, մրցանակին հավակնել են նաեւ Եթովպիայի ընդդիմադիր առաջնորդ Բիրտուկան Միդեկսան եւ «Խախտելով լռությունը» իսրայելական կազմակերպությունը:
Հիշեցնենք, որ ռուս գիտնական եւ ԽՍՀՄ տարիներին հանրահայտ այլախոհ Անդրեյ Սախարովի անվան մրցանակը հիմնադրվել է Եվրախորհրդարանի կողմից՝ 1988 թվականին եւ հանձնվում է այն անձանց կամ կազմակերպություններին, որոնք էական ներդրում են ունեցել աշխարհում մարդու իրավունքների ոլորտում: