Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեն համահայկական օր

Հոկտեմբեր 22,2010 00:00

\"\"Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գաղափարները եւ նախաձեռնությունները տարեցտարի առավել արմատական են դառնում՝ նպաստելով շրջակա միջավայրի հանդեպ գիտելիքներով հարուստ վերաբերմունքի ձեւավորմանը: Հիմնադրամը լայնածավալ ծրագրերով իր գլխավոր աջակից «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության հետ հետեւողականորեն ամրապնդում է բնապահպանական այլընտրանքային կրթությունը Հայաստանում՝ այդպիսով քարոզելով ոչ միայն բնության եւ շրջակա միջավայրի նկատմամբ առողջ վերաբերմունք, այլեւ՝ պատասխանատվության զգացում: Արդեն երրորդ տարին հիմնադրամը կազմակերպում է Նկարչական օր, որի նպատակն է սեր ու հոգածություն, պատասխանատվության զգացում եւ քաղաքացիական դիրքորոշում ձեւավորել երեխաների մեջ: Նկարչական օրը հայ երեխաների բնության մասին ունեցած պատկերացումների եւ մտքերի, ցանկությունների ու մտահոգությունների ինքնատիպ արտացոլումն է դառնում: Այս անգամ Նկարչական օրը յուրահատուկ է նրանով, որ կրում է համահայկական բնույթ: Առաջին անգամ մրցույթին մասնակցում են նաեւ հայ երեխաներ եւ երիտասարդներ՝ Սփյուռքի տարբեր գաղթօջախներից. մրցույթն ընթանում է 4 տարբեր տարիքային խմբերի միջեւ: Հիմնադրամն արդեն ստացել է հարյուրավոր նկարներ, որոնք տեղադրված են www.paintingday.sunchild.org կայքում: Կայքում նկարների տեղադրումը եւ on-line քվեարկությունը կշարունակվեն մինչեւ նոյեմբերի 20-ը:

Հոկտեմբերի 24-ին Սիրահարների այգում կմեկնարկի Համահայկական նկարչական մրցույթի գլխավոր միջոցառումը, որը յուրահատուկ բնապահպանական ակցիա կդառնա. մրցույթին մասնակցող երեխաները կնկարեն տարբեր մանկապարտեզների եւ կրթօջախների կողմից տրամադրված սեղանների վրա՝ ի ցույց դնելով բնության մասին իրենց պատկերացումներն ու մտահոգությունները: Արդյունքները կամփոփվեն նոյեմբերին, իսկ դեկտեմբերին կկայանա մրցանակաբաշխությունը:

Երեխաներին սպասվում են բազմաթիվ օգտակար եւ հետաքրքիր նվերներ, որոնք կհանձնվեն ինչպես հիմնադրամի, Համահայկական նկարչական մրցույթի գլխավոր աջակից «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության, այնպես էլ տարբեր գործընկեր կազմակերպությունների կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել