Լրահոս
Օրվա լրահոսը

Նվիրատվություն է, բայց՝ վճարովի

Հոկտեմբեր 22,2010 00:00

Կրկին դասագրքերի մասին

Հայոց եկեղեցու պատմություն առարկայի դասագրքի վրա մուգ տառերով գրված է՝ «Վաճառքի ենթակա չէ»։ Այս գրքերը, որոնք նախկինում աշակերտին անվճար էին տրվում, արդեն անվճար չեն։ Հայոց եկեղեցու պատմության դասագիրքը՝ ի տարբերություն նախորդ տարիների, այժմ աշակերտին տրվում է 250 դրամի դիմաց։ Ի՞նչն է պատճառը։ Այս հարցին պատասխան կարծես թե չկա: Քանաքեռի թիվ 103 ավագ դպրոցի գրադարանավարուհի Անահիտ Մարգարյանը փորձեց խույս տալ պատասխանից. «Ես ի՞նչ կապ ունեմ, ընդամենը աշխատող եմ, այլ կերպ ասած՝ հրաման կատարող։ Կրթության նախարարությունից ինչպես ասել են, այդպես էլ անում ենք»։ Իսկ դպրոցի տնօրեն Զինա Աշոտյանը, որը սկզբունքորեն պիտի տեղյակ լիներ այդ փոփոխություններից, պատասխանեց. «Բոլոր որոշումները կայացնում է նախարարը իր կոլեգիայի հետ միասին։ Իրենց նիստի ժամանակ են որոշվում բոլոր հարցերը»։ Իսկ հետո՝ շարունակելով միտքը, ասաց. «Ես ունեմ ինձ հանձնարարված աշխատանքը եւ դրանք կատարում եմ բավարար, իսկ ձեր հարցից բխող պատասխանը իմ աշխատանքների մեջ չի մտնում։ Ես կատարում եմ հրամանները՝ առանց որոշակի քննարկումների։ Կարծում եմ, այս հարցը պետք է նախարարության աշխատակցին ուղղեք»:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության մի աշխատակից, որ առանց անունը հայտնելու նախարարի օգնական ներկայացավ, մեր հարցի առնչությամբ պատասխանեց. «Չեմ կարող ասել, թե ինչու է նախարարը այդպիսի որոշում կայացրել, քանի որ դա կոլեգիալ որոշում է, դուք պիտի ճշտեք հենց իրենցից։ Կարող եք բացել մեր կայքը եւ կարդալ այդ մասին գրված արձանագրությունը»։ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից Մարինե Ղեւոնդյանն էլ հեռախոսով փոխանցեց, որ 250 դրամը օրինական է եւ այդ մասին համապատասխան տեղեկատվություն կա ԿԳՆ edu.am կայքում:

Քանաքեռի Խ. Աբովյանի անվան թիվ 84 միջնակարգ դպրոցի հայոց եկեղեցու պատմություն առարկան դասավանդող ուսուցչուհի Անահիտ Բարսեղյանը այսպես մեկնաբանեց նոր հրամանը. «Ես տեղյակ չեմ այս հարցի մասին, սակայն մի բան պարզ է. նախկինում անվճար տրվող դասագրքերի ժամկետն արդեն անցել է։ Դրանք կիրառվում են չորս տարի, իսկ այդ չորս տարին անցել է եւ հիմա նոր հրատարակված գրքերի հետ դրանք էլ են վարձավճար պահանջում»։ Այդպես էլ «մութ մնաց», թե Հայ առաքելական եկեղեցու եւ սփյուռքահայ բարերարների կողմից նվիրատվություն համարվող դասագրքի համար ինչու են աշակերտներից 250 դրամ պահանջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել