Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՊՐՈՑԱԿԱՆ «ԲԵԶՊՐԵԴԵԼ»

Հոկտեմբեր 22,2010 00:00

\"\"Մանկավարժները տնօրենին մեղադրում են խարդախության, շանտաժի ու իրենց ահաբեկելու մեջ

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանին եւ «Առավոտ» թերթին են դիմել Էրեբունի համայնքի թիվ 68 հիմնական դպրոցի նախկին մանկավարժներ՝ կենսաբանության ուսուցչուհի Արմինե Ավագյանն ու նախկին ուսմասվար, մաթեմատիկայի ուսուցչուհի Շողիկ Բաղրամյանը: Ա. Ավագյանը շուրջ 20 տարի աշխատել է այս դպրոցում՝ որպես կենսաբանության ուսուցչուհի: Նրա պատմելով՝ 2007-ի դեկտեմբերից, երբ կենսաբանության մյուս ուսուցչուհին՝ Անահիտ Մարությանը մեկնել է ՌԴ, ինքը փոխարինել է նրան մինչեւ 2008-ի մայիսը՝ առանց աշխատավարձի, չնայած գործընկերոջ անունով դուրս է գրվել աշխատավարձ: «2008թ. ապրիլի վերջին տնօրեն Սուսաննա Ազիզյանը ինձ կանչեց իր մոտ ու պահանջեց սեփական դիմումի համաձայն ազատվել աշխատանքից, ես չհամաձայնեցի, որի համար արժանացա զանազան վիրավորանքների, անգամ ասաց՝ դուրս արի դպրոցից, ոտքդ այստեղ չլինի»,- հիշում է կենսաբանության ուսուցչուհին: Նա նշում է, որ չնայած ինքն է պարապել մի ամբողջ կիսամյակ գործընկերոջ փոխարեն, սակայն տարեվերջին Ռուսաստանից վերադարձած Ա. Մարությանն է ամփոփել 2-րդ կիսամյակը եւ տարեկան գնահատականները՝ ամրագրելով իր ստորագրությամբ: Մանկավարժի ասելով, քննությունների արձանագրությունները նույնպես կազմել եւ ստորագրել է Մարությանը, չնայած մատյաններում գրանցումներ է արել Ավագյանը: Վերջինս նաեւ առաջին կիսամյակն է ամփոփել եւ իր ստորագրությունը դրել, քանի որ գործընկերը բացակայում էր երկրից: Երբ հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է ուշացումով այս ամենի մասին բարձրաձայնում, Ա. Ավագյանը պատասխանեց, թե ժամանակին այդ մասին տեղեկացրել է Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությանը, որի ահազանգից հետո տնօրեն Ազիզյանը գիշերը ժամը 1-ին իր ամուսնու մեքենայով եկել է իր հետեւից: «Տնօրենը ամուսնու մեքենայով ինձ տարավ դպրոց՝ խոստանալով, որ որպես կենսաբանության ուսուցչուհի միայն ես կաշխատեմ, չնայած ամառվա ամիսներին մեկ ուրիշին էլ էր ընդունել արդեն ազատված Մարությանի փոխարեն: Դրա դիմաց տնօրենը պահանջեց, որ քաղաքապետարանից դիմումս իմ կամքով հետ վերցնեմ»,- «Առավոտին» պատմում է ուսուցչուհին: Նաեւ հավելում է, որ նույն գիշերվա մեջ հրամանագրքում հետին ամսաթվով փոխվել է Ա. Մարությանի ազատման հրամանը, 2008-ի մայիսից տեղափոխվել 2008-ի հունվար, 2007թ. դեկտեմբերի Ավագյանի ստորագրությունները Ազիզյանն ու ամուսինը կեղծել են, դարձնելով Մարությանի ստորագրություն: Կենսաբանության ուսուցչուհու ասելով, հրամանագրքում օգոստոսի վերջին հրաման է տրվել հետին թվով իր՝ փոխարինող ձեւակերպվելու մասին, փոխվել են հաշվապահական տաբելները եւ այլն: 2008-2009թթ. Ա. Ավագյանին բաժին է հասել ընդամենը կենսաբանության 8 դասաժամ եւ ձեւակերպվել է՝ ֆիզիկայի լաբորանտ, իսկ 2010-ին տնօրենը պահանջել է ազատման դիմում գրել 20-ամյա աշխատանքային փորձով մանկավարժին եւ չբողոքել: Ա. Ավագյանը պնդում է, որ ներկայումս իր հաստիքը զբաղեցրած ուսուցչուհին՝ Նազիկ Շատվորյանը, գրավորներ է ստուգում մասնագիտական սխալներով, ասում է՝ պատրաստ է տրամադրել աշակերտների այդ աշխատանքների պատճենները:

Մյուս մանկավարժը՝ Շողիկ Բաղրամյանն էլ ասում է, որ աշխատանքի ընթացքում ինքը ակամայից դարձել է տնօրենի խարդախությունների ու կեղծարարությունների ականատեսը, որի պատճառով ստիպված է եղել ազատվել աշխատանքից՝ դիմումի համաձայն: Ըստ Բաղրամյանի, բացի իրենից, տնօրենը այլ վկաներից էլ է ազատվել, որոնց թվում է նաեւ հաշվապահը: Տիկին Բաղրամյանը խմբագրության տրամադրությանն է հանձնել մի շարք փաստեր, որոնց կանդրադառնանք առաջիկայում:

Երկու մանկավարժներն էլ պնդում են, որ դպրոցում աշխատելու համար տնօրենը իրենցից կաշառք է պահանջում եւ բոլորի հետ խոսում շանտաժի ու սպառնալիքների լեզվով, ինչի անմիջական մասնակիցն է նաեւ նրա ամուսինը:

ԱԺ պատգամավոր Ա. Բախշյանը այն կարծիքին է, որ հանրակրթության որակը բարձրացնելու համար հարկավոր է ճիշտ կադրերով դպրոցներն ապահովել, դրանք աշակերտակենտրոն դարձնել. «Դպրոցների տնօրենները իրենց՝ իշխանություններին մատուցած ծառայություններին համապատասխան եւ ուղիղ համեմատական կերպով իրենց իրավունք են վերապահում նսեմացնել ուսուցչին, ոտնահարել աշակերտի կրթության իրավունքը, տապալել կրթության կազմակերպման գործընթացը եւ մնալ անպատիժ: Սա համատարած երեւույթ է ինչպես Երեւանում, այնպես էլ՝ մարզերում»: Պատգամավորը թիվ 68 դպրոցի մանկավարժների՝ իրեն ուղղված դիմումներում եղած փաստերը որակում է ընդհուպ քրեական: Նա «Առավոտին» հայտնեց, որ պատրաստվում է այդ դիմումների հիման վրա պաշտոնական նամակ ուղարկել ՀՀ ԿԳ նախարարություն, Կրթության պետական տեսչություն եւ անձամբ Երեւանի քաղաքապետին՝ համապատասխան պահանջներով: Տիկին Բախշյանը Կրթության տեսչությանը առաջարկելու է որպես դիտորդ եւ պատգամավոր՝ ընդգրկվել դպրոցի խնդրով զբաղվող աշխատանքային խմբում: «Նման երեւույթները քանդում են մեր պետական անվտանգության հիմքերը, մինչդեռ մեղավորները այդպես էլ չեն կրում պատասխանատվություն: Իմ նպատակն է, որ այս տնօրենը օրենքի պահանջով պատժվի»,- հայտարարում է ԱԺ պատգամավորը:

Թիվ 68 դպրոցի տնօրեն Սուսաննա Ազիզյանը հեռախոսով փոխանցեց, որ Արմինե Ավագյանը ազատվել է աշխատանքից՝ համապատասխան դասաժամեր չլինելու պատճառով: Տնօրենի խոսքով, ուսուցչուհին դիմում չի գրել, որովհետեւ ցանկացել է օգտվել արձակման նպաստից: Ինչ վերաբերում է Շողիկ Բաղրամյանին, դպրոցի տնօրենը նշեց, որ նա էլ ազատվել է սեփական դիմումի համաձայն ու միշտ կոլեկտիվի հետ խնդիրներ է ունեցել, որոնց մասին բարձրաձայնելը ինքը կոռեկտ չի համարում: Ս. Ազիզյանը իր նախկին աշխատակիցների բոլոր մեղադրանքները որակեց հերյուրանք, համբավի ոտնահարում, աշխատանքային մթնոլորտի խանգարում. «Նրանք նախկինում մտերիմ ընկերուհիներ են եղել, եւ չեմ զարմանում, որ հիմա միասին եկել են ինձնից բողոքելու»: Մեր զրուցակիցն ասաց նաեւ, որ ամուսինը երբեք չի խառնվում իր գործերին. «Նման բան չկա, ամեն ինչ սուտ է… Փառք աստծո, այնքան գլուխ ունեմ, որ կարողանում եմ կոլեկտիվ ղեկավարել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել