Լրահոս
Օրվա լրահոսը

52. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Հոկտեմբեր 22,2010 00:00

\"\"Ձեղնահարկից իջա 15-րդ հարկ, ու «Առավոտի» խմբագրի տեղակալն ասաց.

– Լուսանկարները ստացա, բայց համացանցով ձեր ուղարկած տեքստը կիսատ է, խնդրում եմ նորից ուղարկեք։

– Ուղարկեմ,- ասացի ես,- բայց այլ առաքելությամբ եմ եկել։

– Հա, նախորդ համարում գրել էիք։

Քանի որ լրագրողները ուրբաթ օրերի «առավոտյան» հրապարակումներով հետեւում են ճամփորդությանս, նախապատրաստական հարցերի կարիք չկար։ Պարզապես անսովոր էր, որ այս անգամ իրենց մասին է գրվելու։ Սոցիալական, առողջապահական եւ բնապահպանական բաժինը, որը ղեկավարում է Լուսինե Բուդաղյանը, կազմված է չորս լրագրողից։

– Ձեր սոցիալական վիճակի, հոգսերի մասին եմ ուզում գրել,- ասացի ես։

\"\"– Ժուռնալիստիկան եւ ընտանիքը, փաստորեն, իրար հետ անհարիր ու անհաշտ կողմեր են,- ասաց Հռիփսիմե Ջեբեջյանը, որը Պետհամալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի բաժնում իմ ուսանողն է եղել,- մեր բաժնի աղջիկների մեջ միայն ես եմ ամուսնացած ու երկամյա երեխա ունեմ։ Իմ այս վիճակում տուժում է թե՛ ընտանիքը եւ թե՛ մասնագիտությունը։ Երկարաժամկետ գործուղումների կամ վերապատրաստման կուրսերի չեմ կարող մեկնել։ Հետո, ժուռնալիստ հարսին ամեն ընտանիքում չէ, որ գրկաբաց են ընդունում։

– Բայց ես այլ կարծիքի էի,- ասացի ես,- մի անգամ ընկերոջս տուն էի գնացել։ Հնչեց հեռախոսազանգը, մայրը վերցրեց լսափողն ու իրար խառնվեց։ Հարցրի՝ ի՞նչ է եղել, թե՝ «Հարսս գալիս է, ես նրա ջանին մատաղ, գիտե՞ս ով է հարսս»։ Ընկերոջս կինը հանրապետությունում ճանաչված լրագրողուհի էր, ու այդ ընտանիքում պաշտամունքի առարկա էր դարձել։ Նրա սկեսուրը ճաշը պատրաստեց, տունը կարգի բերեց։ Ինձ թվում էր, թե բոլոր ընտանիքներում էլ նույն կերպ են վերաբերվում լրագրող հարսների հետ։ Ու հաճախ եմ իմ լրագրող- ուսանողուհիներին պատմում այս դեպքը։

– Ժուռնալիստիկան ազատություն է սիրում,- ասաց Լուսինեն։

– Նյութեր կան, որոնց տակ արդեն չեմ կարող անունս գրել,- ասաց Հռիփսիմեն,- քանի որ դժվար է կանխատեսել, թե ինչպես կընդունվի դա։

– Ամեն աղջիկ, ի վերջո, պետք է ամուսնանա,- ասաց Լուսինեն,- իսկ կարիերան խանգարում է լիարժեք ընտանիք ունենալուն։

– Հիմա դու պսակվելու խնդի՞ր ունես,- դիմեցի բաժնի ամենաերիտասարդ լրագրողուհուն՝ Անուշ Խեչոյանին։

– Ես ընկեր ունեմ: Կարծում եմ, որ նրա հետ իմ աշխատանքում խնդիրներ չեմ ունենա։

– Ո՞րն է գրածդ վերջին նյութը։

– Լոռվա մարզի Ջրաշեն գյուղից ռեպորտաժ եմ բերել։ Գյուղից արտագաղթի, արտագնա աշխատանքի մասին եմ գրել։ Պետությունը գյուղի ընտանիքներին գումարներ է տրամադրել, որ տներ կառուցեն։

– Եթե պսակվես, ամուսինդ թույլ կտա՞, որ կրկին Լոռի կամ Սյունիք մեկնես։

– Նման խնդիր չեմ ունենա։

– Եթե փոքր երեխա ունենաս, ո՞նց կարող ես մեկնել,- հարցրեց Հռիփսիմեն,- խոսքը հանգամանքների, նոր պայմանների մասին է։

– Ուրեմն՝ առժամանակ չեմ աշխատի։

– Իսկ ընտանիքի բյուջե՞ն,- հարցրի ես։

– Ամեն տեսակ մարդկանց հետ ենք շփվում,- ասաց Լուսինեն։- Թվում է, թե բողոքավորներին վերջ չի լինելու։ Ու բոլորի նկատմամբ հոգատար ու համբերատար պետք է լինենք։ Սկզբնական շրջանում շատ էինք զգացմունքային, հետո հասկացանք, որ դա խանգարում է աշխատանքին։

– Եվ զգո՞ւմ եք արդյունքը։

– Թերթի խնդրում՝ այո։ Գերատեսչությունները անմիջապես արձագանքում են,- ասաց բաժնի վարիչը,- ամեն հարցում պատասխանատվություն ենք զգում։ Վերադառնամ ընտանիքի մասին հարցին: Իհարկե, աշխատանքը չպետք է վնասի ընտանիքին։ Ամեն ինչ չափի մեջ պետք է լինի։ Ասում եք՝ ինչո՞ւ չենք ամուսնանում։ Հիմնականում լրագրող տղաներն են լրագրող աղջիկների հետ ամուսնանում։

– Բայց լրագրող տղաներ քիչ կան,- ասացի ես,- չնայած ինքս այն կարծիքի եմ, որ լրագրությունը հիմնականում տղամարդու մասնագիտություն է։

– Հա, բայց մենք էլ լրագրող տղաների չենք ուզում,- ասաց Նելլի Բաբայանը,- բնավորության խնդիր է։ Երեւի միջավայրի փոփոխության կարիք ենք ունենում։ Տղաները խուսափում են աչքաբաց, շատ տեղեկացված, շրջահայաց, խելացի ու վերլուծական միտք ունեցող աղջիկներից։

– Եթե գրեմ, թե ձեր թերթում լավ հարսնացուներ կան, երեւի թերթի խմբագիրը դժգոհի ինձնից, քանի որ իսկույն կարող են փեսացուներ հայտնվել, ու տանել ձեզ,- ասացի ես, ապա դիմեցի Նելլիին,- ո՞րն էր քո գրած վերջին նյութը։

– Գրել եմ ծնողների աշխատաժամերի եւ մանկապարտեզի աշխատանքային ժամերի անհամապատասխանության մասին։ Խորհրդային պայմաններում դրա հետ հաշվի էին նստում, բայց այսօրվա ձեռներեցները չեն ուզում զիջել։ Հետո, ինձ հետաքրքրում է երեխաների դաստիարակության խնդիրը։ ԱՄՆ-ում բոլոր երեխաները անգիր գիտեն իրենց երկրի հիմնը, հպարտանում են իրենց երկրով, իսկ մեզ մոտ ցանկացած երեխա ասում է՝ «Սա երկիր չի…»։ Հայ երիտասարդին ԱՄՆ-ի ու ՀՀ-ի դրոշներ ես առաջարկում, նա առաջինն է ընտրում։

– Կգրե՞ք այդ թեմայով։

– Իհարկե, դրա կարիքը կա։

– Քննադատում եք, բացահայտում եք, ու ոչ մի խնդիր չե՞ք ունենում։

– Ինչպե՞ս չէ,- ասաց Լուսինեն,- հաճախ ենք անվտանգության ապահովման խնդիրներ ունենում։ Հոդվածը լույս տեսնելուց հետո այնպիսի սպառնալիքներ են հնչում մեր հասցեին։ Թաղային հեղինակությանը պատկանող ավտոտնակի մասին եմ գրել։ Տնակը ապօրինի էր տեղադրված երեխաների խաղահրապարակում։ Քաղաքապետարանն անմիջապես արձագանքեց, նույն օրը հանեցին այն։ Իսկ այդ անձը զայրացել էր, սպառնում էր, որ 15- րդ հարկից ցած կնետի հեղինակին։ Հոդվածի հետ ծաղրանկար էինք տեղադրել։ Թաղային հեղինակությունը ծաղրանկարում ճանաչել էր իրեն ու վիրավորվել։ Իհարկե, դա պատահական էր այդպես նման ստացվել, ոչ ոք չէր տեսել նրան։ Երեւի տիպաժի խնդիր է։ Թերթի տնօրենն էր աղմուկի վրա ընդառաջ դուրս եկել, փորձել հանգստացնել «հեղինակությանը»։ Երբ նա բաժին մտավ ու սպառնալիքներով հարցրեց Լուսինե Բուդաղյանին, ասացի, որ նա գործուղման է մեկնել։ Սարսափելի մարդ էր, շատ էի վախեցել։

– Մի անգամ հարցազրույցի էի գնացել,- պատմեց Անուշը,- վերադարձել էի, պարզվում է, որ ձայնագրող սարքը սխալ էի միացրել։ Սկզբում ինձ կորցրի, սակայն հավաքվելով՝ վերհիշեցի ամեն ինչ ու վատ չէր ստացվել։

– Ես իմ լրագրող ուսանողներին միշտ սովորեցնում եմ, որ սովորեն առանց ձայնագրիչի աշխատել,- ասացի ես։

– Մի դեպք էլ պատմեմ,- ասաց Անուշը,- Աջափնյակի համայնքի հետ կապված նյութ էինք պատրաստել, հետո համայնքի ավագանու մի անդամ եկավ, թե՝ «Հոդվածը մի գրեք, ես «հետին մտքեր» ունեմ»։ Մենք չհասկացանք, թե դրանով ինչ նկատի ունի ավագանու երիտասարդ անդամը։ Հետո պարզեցինք, որ նա կարիերա անելու նպատակ ունի, ուստի եւ խնդրում էր, որ հոդվածը չտպագրենք, քանի որ իր կարիերան կվնասվի։ Նրա խնդրանքները սպառնալիքների վերածվեցին։ Ինչքան տեղյակ եմ, նրա «հետին միտքը» ոչ թե հոդվածի, այլ հենց իր վարքի պատճառով զգալիորեն վնասվեց։

– Աղջիկներ,- դիմեցի ես,- իրոք անչափ հետաքրքիր է ձեզ հետ զրուցելը, սակայն ես ճամփորդ եմ, պիտի իմ ճամփորդությունը շարունակեմ։ Դիմացի սենյակը մտնեմ, մյուս բաժինների լրագրողների հետ էլ զրուցեմ։

Սենյակում երկու հոգի էին՝ Նելլի Գրիգորյանն ու Եվա Հակոբյանը։ Նելլին գրում է քաղաքական, իսկ Եվան՝ երիտասարդական թեմաներով։ Նելլին համակարգչի էկրանին համացանցով ինչ- որ կայքեր էր փնտրում։

– Ադրբեջանական տեղեկատվական կայքերն եմ նայում,- ասաց Նելլին,- ՄԱԿ- ի փախստականների հարցերով հանձնակատարի ներկայացուցչի փաստահավաք առաքելությունն է ինձ հետաքրքրում, ադրբեջանական լրատվամիջոցների, ԱԳՆ- ի արձագանքները։ Ադրբեջանցիները տեղեկատվական պատերազմում ինտրիգներով լեցուն քաղաքականություն են վարում։ Որպես լրագրող՝ պարտավոր եմ ճիշտ տեղեկություն ներկայացնել մեր թերթի ընթերցողներին։ Ես համոզված եմ, որ իմ ընթերցողը այնքան խելացի է, որ կարող է ինքնուրույն հետեւություններ անել։

– Կներեք, ես համակարգչով անհետաձգելի աշխատանք ունեմ,- ասաց Եվան,- սակայն դա չի խանգարում, որ ես միաժամանակ պատասխանեմ ձեր հարցերին։ Ես սովոր եմ զուգահեռաբար մի քանի գործ կատարել։

– Ուրեմն՝ Նապոլեոնին անցել եք, քանի որ նա համակարգչով չէր աշխատում։ Եթե երիտասարդների զբաղվածության հարցերով եք զբաղվում, ապա լավ գիտեք հանրապետության մարզերի երիտասարդության հետ կապված խնդիրները։

– Շրջանների երիտասարդներն ավելի ակտիվ են, որոնց համեմատությամբ մայրաքաղաքի երիտասարդները կոմպլեքսավորված են։ Երեւանում երիտասարդը ժամանցի հնարավորություններ ունի, իսկ գյուղի երիտասարդը ձգտում է Երեւան տեղափոխվել կամ հեռանալ երկրից։ Գյուղերում միայն տարեցներն են մնացել։ Մի հանգամանք էլ։ Շրջաններից եկած աղջիկները խայտաբղետ, ճչացող հագ ու կապ են ունենում, իսկ երեւանցի աղջիկները ավելի պարզ են հագնվում։ Սակայն շրջաններից եկած երիտասարդներն ավելի նպատակասլաց են ու ավելի աշխատունակ, նրանք ձգտում են աչքի ընկնել ու հասարակության մեջ կայուն դիրք գրավել…

Մամուլի շենքում տեղավորված հինգ թերթերի խմբագրություններ դիմել են քաղաքապետարան՝ իրենց զբաղեցրած տարածքները սեփականաշնորհելու խնդրանքով, սակայն առայժմ այս հարցը ինչ- ինչ պատճառներով ձգձգվում է։ Այս հարցը ավելի աշխուժացավ, երբ երկրորդ հարկում տեղավորված «Երեւան» հեռուստաստուդիան սեփականաշնորհեց իր զբաղեցրած տարածքը։ Եթե ստուդիան, ասում են, հզոր թիկունք ունի, բայց մի՞թե «Հայաստանի Հանրապետությունը», «Ռեսպուբլիկա Արմենիան», «Գոլոս Արմենիին», «Նովոյե վրեմյան» ու «Առավոտը» կամ «Միր» հեռուստաստուդիան պակաս հզորություն ունեն ու ոչ մի կերպ չեն կարող չափվել «Երեւանի» հզոր հովանավորների հետ։

Երբ լրատվամիջոցների խմբագիրներին դիմում եմ, թե ինչո՞ւ վերելակը կարգին չի գործում ու խափանումներով է աշխատում, ապա նրանք հարցը կապում են տարածքի սեփականաշնորհման հետ։ Անշուշտ, լրատվամիջոցները այլ խնդիրներ էլ ունեն, մանավանդ՝ կապված հարկային դաշտի հետ: Անհեթեթություն է, ասենք, թերթի համար խիստ կարեւոր ոչ հաստիքային լրագրողին վարձատրելու հարցը։ Պայմանագրով այդ լրագրողին 800 դրամ վճարելու դեպքում խմբագրությունը պետք է 5 հազար դրամ փոխանցի կենսաթոշակային հիմնադրամին, որը անհեթեթություն է։ Այս խոչընդոտը շրջանցելու համար թերթի խմբագիրը հազար ու մի ձեւեր է որոնում։ Իսկ խորհրդային տարիներին արտահաստիքային հեղինակները գնահատվում էին ու լավ էին վճարվում։ Հասարակության մասնակցությունը, հասարակության կողմից հսկողությունը երկրի գործընթացներին՝ կարեւոր էր համարվում։

Լրատվամիջոցները լուրջ խնդիրներ ունեն նաեւ կապված հայաստանյան բազմաթիվ բուհերի ժուռնալիստիկայի ֆակուլտետների շրջանավարտների որակի հետ։ Առանց բացառության բոլոր բուհերում, փաստորեն, պատրաստում են լրագրության տեսաբաններ, սակայն ոչ բանիմաց լրագրողներ։ Նրանք սերտում են լրագրության պատմությունը, բայց չգիտեն ինչպես տեսնեն, ինչպես պատկերեն այս կամ այն երեւույթը, իրադարձությունը։ Բուհերի ժուռնալիստիկայի ֆակուլտետներում դասավանդում են միայն գիտությունների թեկնածուի աստիճան ունեցող անձինք, իսկ պրակտիկ լրագրողները, բազմափորձ ռեպորտյորներն այստեղ տեղ չունեն։ Իսկ եթե որեւէ մեկին հրավիրում են, ապա այնքան ցածր են վճարում բազմափորձ, սակայն գիտական կոչում չունեցող լրագրողին, որ նա շուտով թողնում է դասավանդելը, չնայած շատ կցանկանար իր փորձը փոխանցել սկսնակ լրագրողներին։ Հենց սա է պատճառը, որ հայկական լրատվամիջոցները զգալի ետ են մնում ոչ միայն եվրոպական, այլեւ Ռուսաստանի Դաշնության լրատվամիջոցներից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել