Լրահոս
Օրվա լրահոսը

Ծննդատան հարցը ձգձգվում է

Հոկտեմբեր 22,2010 00:00

Հոկտեմբերի 20-ին «Գլենդելի պատվիրակները՝ Կապանում» լուրով տեղեկացրել ենք, որ Կապանում են «Գլենդել-Կապան քույր քաղաքների միության» նորանշանակ նախագահ Խաչիկ Խալաթյանն ու հիմնադիր նախագահ Արթին Մանուկյանը: Հյուրերն արդեն հանդիպել են Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանին, խոսել համագործակցության մասին եւ տեղեկացրել, որ եկել են տեսնելու, թե ինչ վիճակում է քաղաքի հիվանդանոցին առնչվող գործընթացը: Հիշեցնենք, որ անմխիթար վիճակում գտնվող հիվանդանոցը տեսքի բերելու համար «Գլենդել-Կապան քույր քաղաքների միությունը» 250 հազար դոլար է հանգանակել, որը կտրամադրի հիվանդանոցին, եթե բուժհաստատությունը դառնա համայնքային սեփականություն, սակայն Հայաստանի կառավարիչները չեն շտապում լուծել այս հարցը եւ 250 հազարը մնացել է օդում:

Ու թեեւ նախապես որոշված էր, որ ամերիկացի մեր հայրենակիցները այցի ավարտին կհանդիպեն լրագրողներին, եռօրյա այցից հետո Խաչիկ Խալաթյանն ու Արթին Մանուկյանը հեռացան՝ առանց որեւէ տեղեկություն տրամադրելու: Ստիպված եղանք հեռախոսազանգի միջոցով տեղեկություն ստանալ արդեն Կապանից Երեւան եկող պատվիրակության անդամներից: Արթին Մանուկյանը տեղեկացրեց, որ նախատեսում են Կապանի ծննդատան հարցով եկող շաբաթ հանդիպել ՀՀ առողջապահության նախարարին: «Ծննդատան մասնաշենքի նորոգումը մեզ համար կարեւոր նախաձեռնություն է: Մենք շատ ենք ցանկանում, որ այդ հարցը կարգավորվի, արդեն երկար ժամանակ է, որ այն ինչ-ինչ պատճառներով ձգձգվում է: Մեզ համար շատ կարեւոր է փոխադարձ վերաբերմունքը: Մեզ երաշխիքներ են պետք, որ մյուս կողմն էլ ծննդատան նորոգման հարցին նախանձախնդրորեն կմոտենա»,- ասաց Արթին Մանուկյանը: Մեր զրուցակիցը չասաց, թե այս պահին որքան գումար է հավաքվել Կապանի հիվանդանոցի համար, քանզի հարցի ձգձգման ընթացքում հավաքված գումարի չափի փոփոխություն է եղել: Արթին Մանուկյանն ասաց, որ ծրագիրը պետք է արվի համայնքի հետ համատեղ եւ նկատեց, որ իրենց այցը արդյունավետ էր ու դրական:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել