Լրահոս
Օրվա լրահոսը

Գործի արագությունը կախված է Թուրքիայից

Հոկտեմբեր 22,2010 00:00

\"\"Հազարամյակի մարտահրավերների ծրագրով՝ փետրվար ամսից Արմավիրի մարզի 11 գյուղական համայնքներում մեկնարկել է ներտնտեսային 3-րդ կարգի ջրագծերի վերակառուցումը:

650 միլիոն դրամ արժողությամբ ծրագրին 15 տոկոս համաֆինանսավորմամբ մասնակցել են նաեւ գյուղական համայնքները: Մայիս ամսից, սակայն, աշխատանքները դադարեցվել են, որովհետեւ ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան հայ շինարարներին արգելել է օգտագործել տեղական արտադրության՝ կիսախողովակներն իրար կցող ռետինե միջադիրները: Արգելանքը հիմնավորել են ռետինե կցամասեր արտադրող ընկերության՝ հավաստագիր չունենալու հանգամանքով: «Թուրքիայում են պատվիրել, հիմա նստած սպասում ենք, թե երբ ապրանքը տեղ կհասնի, որ գործն անենք-վերջացնենք»,- ասաց ծրագրի ղեկավար Վոլոդյա Վարդանյանը:

Ռետինե միջադիրները 1-1,5 մետր երկարությամբ դետալներ են, յուրաքանչյուրը՝ 1150 դրամ արժողությամբ: «Երեւանշին» գիտաարտադրական միավորումը, որն արդեն գնել է դրանք, փաստորեն՝ տվյալ ծրագրում օգտագործել չի կարող: Ծրագրի ղեկավարի ասելով՝ ամերիկացիներն իրենց հիմնարկին ու Հայաստանին միլիոնների վնաս տվեցին: Նրա մտահոգությունն այն է, որ մինչեւ վերջնաժամկետ՝ դեկտեմբերի 10-ը, չկարողանան գործն ավարտին հասցնել: Թեպետ շինարարները վստահեցնում են, ռետինե կցամասերի առկայության դեպքում գործը մինչեւ տարեվերջ կավարտեն, բայց այնքան էլ լիահույս չեն, որ պատվիրված ապրանքը ողջամիտ ժամկետում տեղ կհասնի:

Շինարարները դեռ հունիս ամսից հողային աշխատանքներն արել-վերջացրել, հիմքերը տեղադրել են, իսկ բետոնե կիսախողովակաշարերը դարսել առուների կողքը՝ սպասելով ռետինե միջադիրների «գալստյանը»:

Ամիսների այս անգործությունն ու քարուքանդ վիճակը զայրացրել է նաեւ գյուղացիներին, որոնք գյուղատնտեսական եռուն սեզոնին երբեմն ոռոգման խնդիրներ են ունենում: Ու թեեւ «Խոյ» ՋՕԸ նախագահ Սերյան Սարգսյանի հավաստմամբ՝ ժամանակավորապես առուների հունը փոխել են, որպեսզի ոռոգումն ու շինարարությունն իրար չխանգարեն, բայց հողի մշակները դարձյալ դժգոհ են: Օրինակ, Դողս գյուղի բնակիչ Միհրան Ստեփանյանն իր բանջարանոցը պարբերաբար ոռոգել չի կարողանում՝ «քանդած ու թողած առուների պատճառով»: Մեկ այլ բնակիչ էլ դժգոհում էր, որ հուն չգտնող ջուրը իր տան հիմքն է լցվել՝ թուլացնելով պատերը: Նրանք շինարարներից գործի շուտափույթ ավարտ էին պահանջում: Գյուղապետերն էլ իրենց հերթին էին դժգոհում, որ փոխանցումները արել են, իսկ արդյունքը դեռ չեն տեսնում: «Բողոքեք: Մենք էլ ձեր նման սպասում ենք»,- զայրացած գյուղացիներին հակադարձում է ծրագրի ղեկավար Վոլոդյա Վարդանյանը:

Ծրագրով նախատեսված 19 000 գծամետր խողովակաշարից մինչ օրս կառուցվել է կիսախողովակաշարի 9500 մետրը: Աշխղեկ Գրիգոր Գրիգորյանի ասելով՝ «պահանջվող դետալը լինելու դեպքում մեկ օրվա ընթացքում կարող ենք 160 մետր շարել: Այդ փորձն ունենք»:

Թե որքան կտեւի սպասողական վիճակը՝ հայտնի չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել