Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՏԱԴԻՐ Է ԻՆՔՆԱՀՐԿԻԶՎԵԼ

Հոկտեմբեր 22,2010 00:00

\"\"Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղի դպրոցի տնօրենը երկու անչափահաս երեխաների մորը աշխատանքից ազատել է հանուն սեփական որդո՞ւ:

Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղի 52-ամյա բնակիչ Սեւան Մխիթարյանը որոշել է, ի նշան բողոքի, իրեն հրկիզել Երեւանում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենքի առաջ: «Առավոտի» 2009 թվականի հունիսի 4-ի համարում «Ակնաղբյուրում «տնավարի՞» են կրթում» հրապարակմամբ ներկայացրել ենք Սեւանի դստեր՝ 27-ամյա Իրինայի պատմությունը: Իրինան ավարտել է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի բնագիտական ֆակուլտետի ֆիզիկա-մաթեմատիկական բաժինը: 2008-2009 ուստարում աշխատել է Ակնաղբյուրի հիմնական դպրոցում՝ որպես ինֆորմատիկայի ուսուցչուհի: Ուսումնական տարվա սկզբին նրա եւ դպրոցի տնօրեն Էդիկ Թիրաբյանի միջեւ կնքվել է աշխատանքային պայմանագիր՝ մեկ տարի ժամկետով, սակայն 2009թ. մարտին դպրոցի տնօրենը նրանից պահանջել է աշխատանքային պայմանագրում «մեկ տարի» ձեւակերպումը փոխարինել «մեկ ուսումնական տարի» ձեւակերպումով, իսկ մայիսի 20-ին տնօրեն Թիրաբյանը նրան պարտադրել է աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել՝ բանավոր խոստանալով, որ այդ դիմումը ձեւական բնույթ է կրելու: Դիմումը թվագրված է եղել 2009թ. մայիսի 31-ով: Դրանից հետո Իրինան դպրոցի մանկավարժների զրույցից տեղեկացել է, որ տնօրենը չի ցանկանում երկարաձգել իր հետ աշխատանքային պայմանագիրը: Նա, իրեն խաբված զգալով, անարդյունք փորձել էր ետ վերցնել դիմումը, նաեւ դիմել էր Իջեւանի շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոն: «Առավոտում» հոդվածի հրապարակումից հետո գործին միջամտել էր Տավուշի մարզպետը, եւ Ակնաղբյուրի դպրոցի տնօրեն Էդիկ Թիրաբյանը ստիպված ժամանակավորապես նահանջել էր ու Իրինային նորից աշխատանքի ընդունել:

Իրինայի հոր՝ Սեւան Մխիթարյանի խոսքով՝ դպրոցի տնօրենը, պատճառաբանելով, որ Իրինան անցյալ ամռանը աշխատանքի չի ներկայացել, վկայակոչելով իր տեղակալին, դպրոցի հաշվապահին եւ 11 ուսուցիչների՝ հրաժարվել է Իրինա Մխիթարյանին վճարել 2009թ. ամռան երեք ամիսների 12 հազարական դրամ աշխատավարձը: Երեւանից դպրոց ժամանած աշխատանքի պետական տեսչության աշխատակիցները տնօրենին հրահանգել են Իրինա Մխիթարյանին վճարել ամռան ամիսների աշխատավարձը: Սեւանի վկայությամբ՝ աշխատանքի տեսչության աշխատակիցները Էդիկ Թիրաբյանին հորդորել են նաեւ Իրինային նոր աշխատանքային գրքույկ տալ: Նոր աշխատանքային գրքույկում տնօրենի անօրինական հրամանները եւ դրանց ջնջումները բացակայում են, այնտեղ լոկ երկու հրաման կա: Մեկով տնօրեն Թիրաբյանը 2008թ. սեպտեմբերի 1-ից Իրինա Մխիթարյանին Ակնաղբյուրի հիմնական դպրոցում որպես ինֆորմատիկայի ուսուցչուհի աշխատանքի է ընդունել, մյուսով, աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ, 2009թ. սեպտեմբերի 1-ին ազատել աշխատանքից: Աշխատանքի պետական տեսչության մասնագետները Սեւան Մխիթարյանին հորդորել են այլեւս չբողոքել տնօրեն Թիրաբյանի դեմ: «Ինձ հայտնի չէ՝ նրանք անօրինականությունների համար տնօրենին տուգանեցի՞ն, թե՞ խրախուսեցին»,- տարակուսում է Սեւանը:

Այս տարվա սեպտեմբերի 1-ից Ակնաղբյո ւրի դպրոցում ինֆորմատիկա է դասավանդում տնօրենի՝ ժամկետային զինծառայությունից վերադարձած որդին՝ Դավիթ Թիրաբյանը: Սեւանի խոսքերով՝ Դավիթը նույնպես ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի նույն՝ ֆիզիկա-մաթեմատիկական բաժինն է ավարտել, միայն թե իր աղջիկը մագիստրոս է, իսկ Դավիթը՝ բակալավր: «Իրինան շաբաթը 3 ժամ ինֆորմատիկա է դասավանդել՝ ամսական ստանալով 12 հազար դրամ աշխատավարձ: Իսկ տնօրենի որդին, իմ տեղեկություններով, ստանում է 85 հազար դրամ աշխատավարձ: Իմացել եմ, որ տնօրենն իր որդուն, դասաժամերից զատ, նաեւ տնտեսվարի հաստիք է տվել: Տնօրեն Թիրաբյանի ընտանիքում 4 հոգի են, 3-ը աշխատում են դպրոցում: Տնօրենի կինը՝ Ռոզա Մկրտչյանը, նույն դպրոցի տարրական դասարանների դասվար է: Իսկ աղջկաս՝ Իրինայի ընտանիքում 4 հոգի են, ոչ մի աշխատող: Իրինան երկու անչափահաս երեխա ունի, ամուսինն էլ ժամկետային ծառայության ժամանակ վնասվածքների պատճառով ծանր վիրահատություն է տարել, ի վիճակի չէ աշխատելու: Ընտանիքը գոյատեւում է 21 հազար դրամ նպաստով: Եթե մենք՝ ծնողներս, չլինենք, այդ ընտանիքի վիճակը ո՞նց կլինի: Դե, թե այդպես է, ճիշտ կլինի, որ հայտարարեն՝ եթե ձեր զավակներին աշխատանքի տեղավորելու համար թեւ ու թիկունք չունեք, նրանց համալսարան մի ուղարկեք»,- ասաց Սեւան Մխիթարյանը: Նա որոշել է հանդիպել Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Աշոտ Փաշինյանին եւ «Առավոտի» թղթակցին խնդրում է ներկա լինել, որ ինքը լրագրողի ներկայությամբ մարզի կրթության ոլորտի պատասխանատուի մոտ հաստատի ինքնասպանության իր մտադրությունը: «Փաշինյանն օգոստոս ամսին մի քանի անգամ ինձ ասաց՝ քո աղջիկն աշխատելու է»,- հիշում է Սեւանը:

Ինքնահրկիզվելու որոշում ընդունելուց առաջ Սեւան Մխիթարյանը դստեր աշխատանքի հարցով դիմել է Տավուշի մարզպետարան, ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն, սակայն՝ անարդյունք: Երբ Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Աշոտ Փաշինյանին տեղեկացրինք Սեւան Մխիթարյանի՝ ինքնահրկիզվելու որոշման մասին, Փաշինյանն ասաց, որ Ակնաղբյուրի դպրոցի տնօրեն Թիրաբյանն իրեն ասել է, որ Իրինա Մխիթարյանը, որպես ինֆորմատիկայի դասատու, լավ պատրաստված չէ: Մարզպետարանի կրթության վարչության պետը նաեւ կասկած հայտնեց, որ Իրինան մագիստրոսի որակավորում ունի: Այնուամենայնիվ, Աշոտ Փաշինյանը հայտնեց, որ մտադիր է առաջիկայում կազմակերպել Էդիկ Թիրաբյանի եւ Սեւան Մխիթարյանի հանդիպումը, որպեսզի հարցին փոխզիջումային լուծում գտնի: Հիշեցնեմ, որ 2009թ. հունիսին Էդիկ Թիրաբյանը դպրոցում բավական ագրեսիվ էր ընդունել տողերիս հեղինակին: Նա այն ժամանակ նաեւ հավանական էր համարել, որ դպրոցի երկկոմպլեկտ դասարանների տրոհվելու արդյունքում կրթօջախում դասաժամերը կավելանան, եւ 2009-2010 ուսումնական տարում Իրինան նվազագույնը շաբաթական 8 դասաժամ կունենա: Իրինա Մխիթարյանը, սակայն, Էդիկ Թիրաբյանի ձեռամբ 2009թ. սեպտեմբերին ազատվեց աշխատանքից, իսկ անօրինականություններ թույլ տված տնօրենը ոչ մարզպետարանի, ոչ էլ աշխատանքի պետական տեսչության կողմից տույժի չենթարկվեց: Հենց այս անարդարությունը Սեւան Մխիթարյանին մղում է ինքնասպանության:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել