Մեր հանրապետությունում օրը մի ապրանքատեսակ է թանկանում: Եթե նախկինում որոշակի գումար էինք նախատեսում տվյալ օրվա առեւտրի համար, ապա այսօր հայաստանցի սպառողի ծախսերն անկանխատեսելի են: Առաջին անհրաժեշտության մի շարք սննդամթերքների թանկացումներից դեռ ուշքի չեկած, օրերս էլ պանիրն է թանկացել: Ընդ որում, պանրի 1 կիլոգրամը թանկացել է ոչ թե 20-30 դրամով, այլ միանգամից 500-600 դրամով: Թե ինչո՞վ է պայմանավորված այդ թանկացումը, «Աշտարակ-կաթն» այսպես մեկնաբանեց. «Մի ժամանակ 1700 դրամ էր Լոռի պանրի կիլոգրամը, հետո դարձավ՝ 1900 դրամ: Վերջերս էլ «Լոռիի» 1 կիլոգրամը դարձել է 2500 դրամ: Բանն այն է, որ պանրի հումքն է թանկացել. կաթը, կաթի փոշին եւ այլն: Ինչ որ ձեռք են բերում պանիր արտադրելու համար, ամբողջը թանկացել է: Աշխատակիցների աշխատավարձերն էլ ենք բարձրացրել, դրա համար էլ պանրի գինն էլ է բարձրացել»: «Առավոտը» մի շարք այլ կաթնամթերք արտադրողներ ընկերություններից էլ պարզեց, որ նրանք վերջին շրջանում «Լոռի» պանիր չեն արտադրում՝ հումք չունենալու պատճառով, ուստի չի բացառվում, որ «Աշտարակ-կաթը» նաեւ առիթից օգտվելով է «Լոռիի» գինը բարձրացրել, քանի որ այսօր այդ ընկերությունը գրեթե միակ արտադրողն է: