Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏՆԵՐՆ ԱՆԳԱՄ ԼՔՈՒՄ ԵՆ ԳՅՈՒՄՐԻՆ

Հոկտեմբեր 22,2010 00:00

\"\"Այս քաղաքի թերթերի պատասխանատուները փաստում են, որ գյումրեցիների՝ լրատվամիջոցներին տրամադրած հայտարարությունները հիմնականում տուն-տեղի վաճառքի թեմայով են:

Որ Գյումրին արագ տեմպերով դատարկվում է, գործազուրկ քաղաքի քիչ թե շատ փող ունեցողներն անգամ պոտենցիալ միգրանտներ են՝ այս մասին փաստում են Գյումրիում լույս տեսնող թերթերի հայտարարությունները: Դրանք ընթերցելով՝ այն տպավորությունն ես ստանում, որ քաղաքը համատարած վաճառքի է հանված. մարդիկ րոպե առաջ ուզում են ազատվել իրենց ողջ ունեցվածքից՝ տուն-տեղից, հողամասից, սպասարկման օբյեկտներից: Արդեն 7 տարի հրատարակվող «Շրջապատ» շաբաթաթերթի տնօրեն Եպրաքսյա Մեխակյանի խոսքերով, եթե նախորդ տարիներին՝ մինչեւ 2008թ., իրենք տարաբնույթ հայտարարություններ էին տպում, ասնեք՝ գովազդային բաժնում շատ էին կենցաղային ապրանքների, երաժշտական գործիքների վաճառքի կամ տան վարձակալությունների մասին հայտարարությունները, ապա այժմ դրանք միաբովանդակ են. օրինակ՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում տպագրված 34 հայտարարությունից 28-ը ունեցվածքի վաճառքի մասին է:

Ըստ «Շրջապատի» տնօրենի, մեր երկրում ամեն մի չհիմնավորված գնաճից հետո նման բովանդակություն ունեցող հայտարարությունների թիվը կրկնապատկվում է: Տիկին Մեխակյանը գովազդատուների հետ ունեցած մասնավոր զրույցներից պարզել է, որ գյումրեցիները երկիրը լքում են հիասթափության ու սեփական երկրում անպաշտպան զգալու պատճառով, ընդ որում՝ երիտասարդների գերիշխող մասը մեկնում է Եվրոպա: «Նախորդ տարիներին էլ մարդիկ քաղաքից դուրս գալու ճանապարհ գտնում էին, բայց այն ժամանակ մի հոգին բավարարվում էր իր մի տունը կամ տան գույքը վաճառելով, այսինքն՝ հետ գալու հույսեր դեռեւս կային, իսկ հիմա մի հոգին թե իր առանձնատունն է վաճառում, թե բնակարանը, թե հողատարածքը, ընդհուպ մինչեւ բիզնեսը: Չեմ ուզում անուններ տալ, բայց նույնիսկ ռեստորանները, տաքսի սերվիսներն ու հյուրանոցային համալիրներն են վաճառում: Ցավալիորեն այսօր ֆինանսապես ապահովված խավն է երկիրը լքում, կտրում է վերջին թելը հայրենիքի հետ ու գնում»,- մտահոգված է «Շրջապատ» շաբաթաթերթի տնօրենը: Գյումրիում լույս տեսնող ավելի հին թերթերից մեկի՝ «Հինգշաբթի» շաբաթաթերթի տնօրեն Արմեն Մարտիրոսյանն էլ կոնկրետ օրինակներով է խոսում, նրա ներկայացմամբ, այս պահին վաճառքի է հանված քաղաքի ամենահին հրուշակեղենի արտադրամասը՝ 1997թ.-ից գործունեություն ծավալած «Համբույրը», կաշվե իրերի հանրահայտ խանութներից մեկը՝ իր տաքսի ծառայությամբ:

Ըստ Արմեն Մարտիրոսյանի, պատճառն այն է, որ այս մարդկանց գործերը վատ են. Գյումրիում միջին խավի նոսրացման պատճառով առեւտուր չի լինում: «Միջին խավը պիտի պահի երկիրն ու պետությունը, հատկապես մեր քաղաքում այդ խավը չկա, այսօր մարդիկ կամ ծայրահեղ հարստացել են, կամ աղքատացել, Գյումրիում, գիտեք, որ գերակշռողը աղքատներն են, էլ ինչպե՞ս գործարարն իր բիզնեսը զարգացնի: Եթե նախկինում մեր քաղաքացիները գնում էին դուրս, աշխատում եւ հետ էին գալիս, ապա այսօր վերադարձող չկա, եթե մարդն իր տունը վաճառեց, ապա խաչ է դնում իր հետ գալու վրա»,- համոզված է Արմեն Մարտիրոսյանը: «Շրջապատ» շաբաթաթերթի տնօրենն էլ արտագաղթի թեմայի հետ կապված մեկ այլ տխուր պատմություն է հիշում:

Օրերս նրա խմբագրությունը «սխալվել» ու «ցավով» անդրադարձել է Հայաստանում՝ ՌԴ-ի միգրացիոն ծառայության այն հայտարարությանը, որ ռուսական 27 շրջան պատրաստ են Հայաստանից միգրանտներ ընդունել՝ նրանց ապահովելով քաղաքացիությամբ, բնակարաններով, աշխատանքով եւ այլն: Այս հրապարակումից հետո ոչ միայն խմբագրության հեռախոսալարերն են «կարմրել», այլ գյումրեցիները նրանց «դուռն ու երդիկն են կոտրել»:

«Մենք այս թեմային ցավով անդրադարձանք, բայց արի ու տես, թե ինչ էին անում, զանգում էին, թե ասա, ո՞ւր գնանք, ո՞ւմ դիմենք, որ մենք էլ ռուսական պետական ծրագրից օգտվենք: Ես ասում եմ, ես ցավով եմ տպել դա, եւ ամենեւին միտք չունեմ PR անելու, գնացեք, դուք գտեք ճանապարհը, խնդրին անդրադառնալ՝ չի նշանակում, թե ես պիտի ձեզ օգնեմ, որ ընտանիքներով փախչեք քաղաքից: Որեւէ այլ խնդրի հրապարկման հետ կապված այսքան ահազանգ ու արձագանք մենք դեռ չէինք ստացել, որքան այդ թեմայի: Մարդկանց, փաստորեն, «ստիպում» են հեռանալ սեփական երկրից՝ այդքան մեծ հնարավորություններ տալով»,- նեղսրտած ասաց շաբաթաթերթի տնօրենը: Եպրաքսյա Մեխակյանի խոսքերով էլ, «Շիրակ» օդանավակայանի իր լավատեղյակ աղբյուրները փաստում են, որ այսօր Գյումրիում «ճանապարհ դնողներ» այլեւս չեն մնացել, բոլորը ճանապարհորդներ են, եթե նախկինում ամբողջ ընտանիքը մի հոգու էր ճանապարհում, ապա այսօր ամբողջ ընտանիքն է մեկնում: Ի դեպ, պաշտոնական աղբյուրները նույնպես հաստատում են, որ 2008 թ.-ից սկսած՝ Հայաստանից արտագաղթողները ֆինանսապես ապահովված ընտանիքներից են: Հիշեցնենք, որ, ըստ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած վիճակագրական տվյալների, այս տարվա առաջին 8 ամիսներին «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններից անվերադարձ մեկնածների թիվը 61 հազար է, իսկ մինչեւ հոկտեմբերի 15-ը «Շիրակ» օդանավակայանից մեկնել է մոտ 20 հազար մարդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել