Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեղափոխություն՝ պարարտանյութերի շուկայում»

Հոկտեմբեր 22,2010 00:00

Հեշտացվեց գյուղարտադրանքի արտահանման գործընթացը: Երեկ կառավարությունը հաստատել է կենդանիների, կենդանական ծագման մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, սննդամթերքի ներմուծման, արտահանման, հանրապետության տարածքում փոխադրման համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի անվտանգության սերտիֆիկատների հանձնման ընթացակարգերը: ՀՀ գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանի խոսքով, այս փոփոխություններով կպարզեցվեն ներմուծման ու արտահանման գործընթացներում տնտեսվարողների ու պետական վերահսկող մարմինների փոխհարաբերությունները՝ նվազագույնի հասցնելով հնարավոր չարաշահումները, օրենսդրական բացթողումները.

«Ամենակարեւորը՝ կբացառվի վտանգավոր բեռների ներմուծումն ու արտահանումը հանրապետությունից»: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ նկատեց, որ այս որոշումները նպատակաուղղված են գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ու ներմուծման համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն. «Խնդիրը համալիր պետք է դիտարկել, որ կարողանանք պարզել՝ ինչ խոչընդոտներ ու ձգձգումներ կան: Ամբողջ գործընթացը մաքսիմում պարզեցվելու է, որ գյուղացիներն ու արտահանողները կարողանան արագացված ընթացակարգով ու առանց դժվարությունների արտահանել իրենց ապրանքը»:

Գյուղնախարարն էլ նկատեց, որ աննախադեպ կհեշտանա նաեւ ոչխար արտահանողների գործը. «Այս տարի մոտ 57 հազար ոչխար արդեն արտահանվել է, որից 10-15 հազարը ներկրվել էր Վրաստանից ու այլ պետություններից»: Գյուղնախարարը նաեւ տեղեկացրեց, որ հավանական է՝ առաջիկայում Հայաստանը կենսապարարտանյութերի արտադրությամբ զբաղվի՝ մշակելով ազոտովիտ եւ ազոցեովիտ պարարտանյութեր. «Հանրապետության գյուղական 65 համայնքներում 30հա ցանքատարածությունում արդեն փորձարկվել են նշված կենսապարարտանյութերը: Արդյունքում բանջարաբոստանային մշակաբույսերը ու պտղատու այգիները աչքի են ընկել փարթամ աճով, տարբեր հիվանդությունների նկատմամբ դիմացկունությամբ եւ բարձր բերքատվությամբ»: Պարոն Սարգսյանն էլ ասաց, որ պարարտանյութերի վերաբերյալ մարզպետներին արդեն տրվել են անհրաժեշտ հանձնարարականները. «Սա բավականին մեծ հեղափոխություն է մտցնելու պարարտանյութերի շուկայում, որովհետեւ այսուհետեւ Հայաստանը կարող է հրաժարվել պարարտանյութերի ներմուծման սկզբունքից, քանի որ այս պարարտանյութն ամբողջությամբ կբավարարի մեր գյուղատնտեսության պահանջարկը, եւ ավելին՝ արտադրողները խոստանում են, որ 2 տարվա ընթացքում կարող են հզորություններն այնքան ավելացնել, որ նույնիսկ կարող ենք արտահանել: Նախնական գնահատականներով, 30%-ով արտադրողականությունը կմեծանա, սա ավելի էֆեկտիվ պարարտանյութ է, քան սելիտրան, որ ներմուծում ենք: Հաշվի առնենք, թե սելիտրան ինչ բացասական հետեւանքներ է թողնում հողի որակի վրա»: Պարոն Սարգսյանն էլ գյուղնախարարին հորդորեց աղակալված հողերը վերականգնելու ուղղությամբ եւս աշխատել: Չնայած գյուղատնտեսության ոլորտում արձանագրվող անկումը դեռ չի նահանջում, կառավարության նիստին հաջորդած բրիֆինգի ժամանակ գյուղնախարարը կրկին վստահեցրեց, որ տարեվերջին անկման շատ ավելի մեղմ ցուցանիշներ կգրանցվեն. «Ցրտահարություն, հարատեւ անձրեւներ ու երաշտ… ահա կորուստների պատճառները: Նախորդ տարի ունեցել ենք 161 հազար տոննա պտուղ, այս տարի այն չի հասնում 30 հազար տոննայի: Ունենք լավ ցուցանիշներ խաղողի մթերման ու արտադրության ոլորտում, այսօրվա դրությամբ արդեն 132 հազար տոննա խաղող է մթերվել, բանջարեղենի մթերումները նախորդ տարվա նույն ցուցանիշներին են հավասարվում՝ մոտ 25 հազար 900 տոննա»: Նախարարը նաեւ ասաց, որ անկումը հիմնականում բուսաբուծության ոլորտում է, որտեղ նախորդ տարի գրանցվել է մոտ 370 հազար տոննա ընդեղեն, իսկ այս տարի ընդամենը 320 հազար տոննա. «Այս տարի նաեւ ավելի քիչ կարտոֆիլ ենք ունենալու՝ անցած տարվա մոտ 600 հազար տոննայի հասնող կարտոֆիլից լավագույն արդյունքներով այս տարի կունենանք 500 հազար տոննա: Մսի իրացման ծավալների ու ձվի արտադրության ավելացմամբ տարեվերջին անկումը 7-8%-ով մեղմ կլինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել