Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՆՏՐԵՆ «ԱՐՄՆՅՈ՞ՒԶԸ», ԹԵ՞ «Ա1+»-Ը

Հոկտեմբեր 22,2010 00:00

Թվային հեռարձակման համար հայտարարված մրցույթներում «Երեւան» հեռուստաընկերությունն ու «Ա1+»-ը պայքարելու են «ԱԼՄ»-ի ու «ԱրմՆյուզի» հետ:

Երեկ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը հրավիրած նիստում հրապարակեց այն ցանկը, թե որ ընկերություններն են հայտ ներկայացրել Հայաստանի տարածքում թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակման արտոնագիր ստանալու համար: Նիստն ընդհանուր առմամբ տեւեց 5-10 րոպե, բայց այդ 10 րոպեների ընթացքում հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը եւս մեկ անգամ ցույց տվեց իր վերաբերմունքը «Ա1+»-ի նկատմամբ: Ինչպես սպասվում էր, հայտարարված 18 մրցույթներից յուրաքանչյուրի համար հայտ ներկայացրել էր մեկական ընկերություն, որովհետեւ ենթադրվում էր, որ հեռուստաընկերություններն արդեն իրար մեջ պայմանավորվել ու բաժանել են, թե իրենցից ով որ մրցույթին է մասնակցելու: Միայն հայտարարված երկու մրցույթների՝ թիվ 8-ի եւ թիվ 11-ի համար հայտ ներկայացրել էր 2 ընկերություն, որոնցից, բնականաբար, միայն մեկին պետք է տան լիցենզիա: Օրինակ, միջազգային եւ տեղական լրատվական-վերլուծական ուղղվածության մայրաքաղաքային սփռման արտոնագրի մրցույթի համար հայտ ներկայացրել էր «Մելտեքս» ՍՊԸ-ն՝ «Ա1+»-ը, եւ «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությունը: Երբ Գրիգոր Ամալյանը նիստի ժամանակ ցանկն աչքի տակով էր անցկացնում, որպեսզի արդեն հաստատեին այն, հանկարծ նկատեց, որ թիվ 11 մրցույթի հայտատուների շարքում առաջինը «Ա1+»-ի անունն են նշել, մինչդեռ պետք էր առաջինը նշել «ԱրմՆյուզինը»: Հանձնաժողովի աշխատակիցներն ասացին, որ կուղղեն այդ թերությունը, եւ արդեն հանձնաժողովի պաշտոնական կայքում ցանկը տեղադրվեց «ճիշտ» տարբերակով:

Նշենք, որ միջազգային եւ տեղեկատվական լրատվական-վերլուծական ուղղվածության հեռարձակման արտոնագրի համար միայն 1 մրցույթ էր հայտարարվել, ուստի ի սկզբանե էլ պարզ էր, որ այդ թեմատիկ ուղղվածության արտոնագիրը հատուկ «ԱրմՆյուզի» համար է, որը հիմնականում վերահեռարձակում է «ԵվրաՆյուզի» լրատվական թողարկումները, «Ա1+»-ի հայտը այդ շարքում չնախատեսված էր հատկապես այն առումով, որ շեշտված էր «միջազգային» կողմը, իսկ «Մելտեքսը» հիմնականում սեփական լուրերը կհեռարձակի:

Ինչ վերաբերում է մյուս մրցույթներին ու նրանց մասնակիցներին, հանրապետական սփռում ունեցող եւ ընդհանուր ուղղվածության հեռուստածրագրերի համար հայտ են ներկայացրել «Արմենիա», «Շանթ», «հ2», «Կենտրոն» եւ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունները: Հանրապետական սփռում ունենալու եւ եթերային վերահեռարձակում ունենալու համար դիմել է մի նոր ընկերություն՝ «Անսվեր» ՍՊԸ-ն, որի հետ կապված՝ տեղեկատուներում որեւէ կոորդինատ կամ տվյալ չկար: Թե ով կամ ինչացու է այդ ընկերությունը՝ հանձնաժողովից նույնպես տեղեկություններ չտրամադրեցին: Ժամանցային ուղղվածության մրցույթի համար միակ հայտատուն «Ա-ԹիՎի»-ն է, որն ունենալու է մայրաքաղաքային սփռում: Երիտասարդական ուղղվածության հաղորդումներ հեռարձակելու համար, ինչպես արդեն գրել ենք, պայքարում են մայրաքաղաքային սփռման 2 ընկերություններ: Խոսքը «ԱԼՄ» հոլդինգի եւ «Երեւան» հեռուստաընկերության մասին է: Հաշվի առնելով, որ ցանկում նրանց երկուսից առաջինը «ԱԼՄ»-ն է նշված, եւ Գրիգոր Ամալյանը որեւէ վերապահում չունեցավ այդ տեղերի դասավորվածության համար, կարելի է ենթադրել, որ «Երեւանը» լիցենզիա չի ստանա:

Երաժշտական ուղղվածության հաղորդումներ հեռարձակելու մրցույթին մասնակցելու համար դիմել է «Դար 21» հեռուստաընկերությունը, իսկ մանկապատանեկան, գիտակրթական, դաստիարակչական, ճանաչողական ուղղվածության եթերի համար՝ «Ար» հեռուստաընկերությունը: Վերահեռարձակում իրականացնելու համար մայրաքաղաքային սփռման հայտարարված 3 մրցույթների հայտատուներից մեկը Հանրայինում գովազդ տեղադրելու մենաշնորհ ունեցող «Կայմ» հեռուստաընկերությունն է, մյուսները՝ PTP-ը վերահեռարձակող «Պարադիզ» ՍՊԸ-ն եւ OPT-ն վերահեռարձակող «Առաջին ալիքը»: «Շարկ» ՍՊԸ-ն («Հայ TV»-ն) դիմել է ընդհանուր ուղղվածության ու տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող եթերային հեռարձակում ունենալու արտոնագրի համար: Մարզային սփռման եւ ընդհանուր ուղղվածության եթերի մնացած 3 մրցույթների համար հայտ են ներկայացրել «Տավուշ-TV», «Ֆորտունա» եւ «Գեղամա Մեդիա հոլդինգ» ընկերությունները:

Երեկ 1-18 մրցույթների մասնակիցների ցանկը հրապարակելուց բացի, նաեւ հաստատվեց ներկայացված հայտերի հրապարակման ժամանակացույցը: Հանձնաժողովը որոշեց, որ դրանք պետք է ներկայացվեն հոկտեմբերի 27-ին, 28-ին եւ 29-ին: «Ա1+»-ի եւ «ԱրմՆյուզի» հայտի ներկայացումը լինելու է հոկտեմբերի 28-ին, եւ յուրաքանչյուր մասնակցի տրվելու է կես ժամ ժամանակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել